Սազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սազ, լարային կսմիթվող նվագարան։ Տարածված է Կովկասում, Մերձավոր Արևելքում։ Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Լարերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկսնդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։ Առաջին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ մեղեդիական։ Լարվածքը սովորաբար կվարտա-կվինտային է, փարդաների օգնությամբ ստացվող հնչյունաշարը, որպես կանոն, դիատոնիկ։ Նվագում են ոսկրյա կամ եղջյուրյա կնտնտոցով՝ հարվածելով բոլոր լարերին միաժամանակ, ուստի մեղեդին շարունակ ուղեկցվում է ներդաշնակային գունեղ ֆոնով։ Տեմբրը զնգուն է, բայց փափուկ։ Հայաստանում սազն առավելապես աշուղական նվագարան է, իր երգեցողությանը սազով է նվագակցել, օրինակ Շիրինը։ 1925 թվականին Վ․ Բանին իր Արևելյան սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել էր սազերի ընտանիք՝ ջուռա, չոնգուր, սազ-բարիտոն և բաս (ներկայումս գործածական չէ)։ Սազերի ունիսոն խումբ կիրառվել է Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլում (մինչև 1957 թվականը)։ Սազը հիշատակված է «Սասունցի Դավիթ» էպոսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png