Հեթում Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեթում Ա
CoatKilikia.png Կիլիկյան Հայաստանի 2-րդ թագավոր
և 12-րդ կառավարիչ
Հեթումը կնոջ՝ Զաբելի հետ
Հեթումը կնոջ՝ Զաբելի հետ
Իշխանություն 1226, հունիսի 141269
Թագադրում 1226, հունիսի 14
Ծնվել է՝ 1213
Մահացել է՝ Հոկտեմբերի 28, 1270
Ազգություն Հայ
Նախորդ Լևոն Բ
Ակներև ժառանգ Լևոն Գ
Հաջորդող Լևոն Գ
Ուղեկից Զաբել
Թագավորական Տուն Հեթումյաններ
Հայր Կոնստանդին Պայլ

Հեթում Ա (1213-1270), Հայոց թագավոր Կիլիկիայում 1226–69 թթ-ին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Ֆիլիպ թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլն իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է Զապել թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243–ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական Բաչու Նոյին զորավարի հետ, իսկ 1254–ին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-59–ին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է Հալեպի ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, Կիլիկյան Հայաստանին միացրել Կապադովկիայի հարավային շրջանները, առժամանակ՝ Հյուսիսային Ասորիքի զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին 30–հազարանոց բանակով ներխուժել է Կիլիկիա, ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268–ի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել Եգիպտոսի սուլթանության հետ, գրությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269–ին գահը նրան հանձնելով, մտել է վանք, ուր և մահացել է։ Հեթում պատմիչն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։

Հաթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։

Հեթում Ա-ի վարած արտաքին քաղաքականությունը[խմբագրել]

Հեթում Առաջինի անվան հետ են կապված Կիլիկիայի թագավորության արտաքին քաղաքականության երեք նշանակալից հաջողությունները։ Նրա օրոք է, որ իր վերելքի շրջանն ապրող Ռումի սուլթանությունը չեզոքության քաղաքականություն որդեգրեց Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, մոնղոլների հետ կնքվեց ռազմավարական դաշինք և Անտիոքի իշխանապետության նկատմամբ փաստացի հայկական պրոտեկտորատ հաստատվեց։ Հարկ է նշել նաև, թե ինչպես են ժամանակակիցները արտահայտվել Հեթումի մասին։ Միջնադարյան պատմագիրները նրան տվել են բազմաթիվ պատվանուններ՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» և այլն, այս պատվաննուները ընդհանուր բնույթ կրելով, հատկացվում են գրեթե բոլոր հայ գահակալներին։ Սակայն Հեթումին տրվող պատվանունների շարքում ամենատարածվածը բարեպաշտն է, ինչով նա առանձնանում է մնացյալ բալոր հայ թագավորներից, և ինչը ևս մեկ անգամ հաստատում է նրա սրբակենցաղության մասին ձևավորված պատկերացումը։ Այս ամենից, թերևս, կարող է ստեղծվել այն միակողմանի տպավորությունը, որ Հեթումը սոսկ Քրիստոնեկան առաքինություններով օժտված բարոյական կերպար էր, այնինչ անժխտելի է, որ դրանով հանդերձ նա դրսևորել է պետական մեծ գործչին վայել բազմաթիվ ունակություններ, ընդ որում, թե՛ տնտեսական, թե ՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական ասպարեզներում։

Հեթում Առաջինի թագավորման առաջին տարիները համընկան Իկոնիայի սուլթանության առավելագույն հզորության՝ սուլթան Քեյ Կուբադի (1219-1236 թթ.) կառավարման ժամանակաշրջանի հետ։ Սակայն շուտով աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններ են հասունանում այստեղ։ Մոնղոլական բարբարոսական վաչկատուն ցեղերը կենտրոնական Ասիայի խորքերից խոշոր զանգվածներով ներխուժեցին Միջին Ասիա և Մերձավոր Արևելք։ Մոնղոլները գրավեցին նաև Պարսկաստանի զգալի մասը ու Անդրկովկասը, ապա պարտության մատնելով փոքր Ասիայի սելջուկներին՝ 13-րդ դարի սկզբներին նրանք սկսեցին սպառնալ Կիլիկյան Հայսատնի գոյությանը։

Այս նույն ժամանակահատվածում հեղաշրջումներ էին նախապատրաստվում նաև մահմեդական աշխարհում։ 1250-ական թթ., Ռումի սելջուկյան սուլթանը և եգիպտաասորիքյան Այուբյան սուլթանությունը հաջորդաբար հպատակեցվում և ոչնչացվում են երկու նոր և հզոր ռազմաքաղաքական ուժերի կողմից, որոնք շուտով առաջատար դեր են ստանձնում. հեթանոս մոնղոլները թագավորություն են հիմնում Պարսկաստանում, իսկ մահմեդական թյուրք մամլուքներն իրենց ձեռքն են վերցնում իշխանությունը Եգիպտոսում և Ասորիքում։ Մոնղոլների առաջին արշավանքը դեպի Անդրկովկաս ազդեցություն չունեցավ Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձությունների վրա, սակայն վիճակը շուտով փոխվեց։ 1243 թվականի Էրզրումի և Երզնկայի միջև գտնվող Քյոսադաղի մոտ մոնղոլների և Իկոնիայի սելջուկների միջև տեղի ունեցած ճակատամարտի նախօրեին Կիլիկիայի Հայկական պետության առաջ ծառացել էր մի դժվարին հարց կամ նրանք պետք է օգնեին սելջուկներին և դրանով իրանց վրա վերցնեին մոնղոլներ հաջորդ հարվածը կամ հրաժարվելով սելջուկներին օգնելուց պիտի շահեին մոնղոլների բարեկամությունը և դրանով զերծ մնային մոնղոլական ահարկու վտանգից։

Կիլիկիան ընտրեց երկրորդ ուղին, որով անմիջապես թշնամանում է Իկոնիայի սուլթանության հետ, իսկ հետո նաև Եգիպտոսի հետ։ Քյոսադաղի ճակատամարտում պարտություն կրեց Ռումի սուլթանությունը, իսկ Կիլիկյան Հայաստանը շնորհիվ ճկուն դիվանագիտության խուսափեց մոնղոլների ամայացուցիչ ներխուժումից, սակայն սրվեցին թշնամական հարաբերությունները Ռումի սելջուկների հետ։ Այս հանգամանքից ելնելով տեղի է ունենում հայ-մոնղոլական հարաբերությունների նոր մերձեցում։ Այս նպատակով Հեթումի եղբայրը՝ Սմբատը, ուղևորվում է մեծ խան Գույուկի մոտ։ Եթե մոնղոլների համար Սմբատի գալը նշանակում էր Կիլիկյան Հայաստանի կողմից նրանց գերիշխանության ճանաչման հաստատում, ապա Կիլիկիայի համար թագավորի եղբոր դիվանագիտական առաքելությունը նշանակում էր օգնության խոստման ստացում՝ Իկոնիայի սուլթանության դեմ մղվող պայքարում։ Վերադառնալուց հետո Սմաբատը Գույուկ խանի հրամանը՝ հայերին ընդդեմ սելջուկների օգնելու մասին, հաղորդեց մոնղոլ զորավար Բաչուին։ Բայց օգնությունը սահմանափակվում էր միայն նրանց կողմից սելջուկների վրա դիվանագիտական ճնշումով։ Կիլիկյան Հայաստանի զորքերի ռազմական գործողություններն ընդդեմ Իկոնիայի սուլթանության XIII դարի 50-ական թվականներին հաջող էին ընթանում։ Այս նույն ժամանակահատվածում մոնղոլները լրջորեն պատրաստվում էին նոր արշավաքի դեպի Առաջավոր Ասիա, որպեսզի ամրապնդեն իրենց իշխանությունը մինչ այդ գրաված երկրներում, որպեսզի նվաճեին Միջագետքն ու Սիրիան։ Այդ կապակցությամբ մոնղոլ խաները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը Կիլիկիայում և Մերձավոր Արևելքի ուրիշ վասալ երկրներում, որպեսզի դրանք նպաստեին իրենց առաջիկա արշավանքի հաջողությանը։ Այդ իսկ պատճառով, այս անգամ, մոնղոլները Ոսկե Հորդա են կանչում անձամբ Հեթում թագավորին, այլ ոչ թե նրա եղբորը։ 1254 թվականի գարնանը Հեթումը ձեռնարկում է դժվարին մի ճանապարհորդություն դեպի հեռավոր Ղարաղորում (Կարակորում)՝ մեծ խան Մանգուի մոտ։ Հեթումը Հորդայում ապրեց 50 օր։ Նրա այնտեղ գտնվելու մասին քիչ տվյալներ են պահպանվել, սակայն այս դեպքում մեր կարծիքով, նշանակլին այն է, թե ինչ նա բերեց այդ ուղևորությունից։ Ուղևորության գլխավոր արդյունքն այն էր, որ Կիլիկյան Հայաստանը չի ճնշվելու մոնղոլ զորապետերի կողմից։ Բացի այդ Հայ Առաքելական Եկեղեցին ազատվում էր հարկերից։ Այսպիսով՝ Հեթում Առաջինի ցուցաբերած քաղաքական գործչին բնորոշ հատկությունների շնորհիվ Կիլիկյան Հայաստանը առժամանակ ապրեց խաղաղ կյանքով, ինչը նպաստեց առևտրի զարգացմանը, երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև վերելք ապրեց մշակույթը, հատկապես մանրանկարչությունը։

Գրականություն[խմբագրել]

  • Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան 1982 թ., 352 էջ։
  • Հեթում պատմիչ, Պատմութիւն Թաթարաց, Վենետիկ 1942թ., 90 էջ։
  • Միքայելյան Գրիգոր, Կիլիկիայի հայկական պետության պատմություն, Երևան , 2007 թ., 552 էջ։
  • Մութաֆյան Կլոդ, Կիլիկյան կայսրությունների խաչմերուկում, Երևան, 2001 թ., 632 էջ։
  • Տեր-Պետրոսյան Լևոն, Խաչակիրները և հայերը, հատոր 2, Երևան, 2007, 672 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png