Արտավազդ Ա
| Արտավազդ Ա | |
| Մեծ Հայքի Արքա | |
|---|---|
| Արտավազդ Ա | |
| Իշխանություն | մ.թ.ա. 160–մ.թ.ա. 115 |
| Հաջորդող | Տիգրան Ա |
| Տոհմ | Արտաշեսյան |
| Հայր | Արտաշես Ա |
| Մայր | Սաթենիկ Թագուհի |
Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։