Աշոտ Բ Երկաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Բ Երկաթ
Արքա Շահնշահ
Ashot Yerkat.jpeg
Իշխանություն 914թ - 928թ
Լրիվ անուն Աշոտ Բ Բագրատունի
Վախճանի վայր Սևան
Ազգություն Հայ
Հարստություն Բագրատունի
Նախորդ Սմբատ Ա
Հաջորդող Աբաս Ա
Հայր Սմբատ Ա

Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922–ին Աշոտ Բ–ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին[1]:

Գևորգ Մարզպետունի[խմբագրել]

Աշոտ Երկաթը «Գևորգ Մարզպետունի» վեպի գլխավոր հերոսներից է։ Այդ վեպում նրա կինն է Սահակ Սևադայի աղջիկը՝ Սահականույշ թագուհին։ Սակայն նա սիրել է Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան՝ Ասպրամ իշխանուհուն։ Եվ սերը փոխադարձ է եղել։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


  1. Հայ ժողովրդի պատմություն,հատոր III, Երևան, 1979, էջ 153