Սանատրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանատրուկ
Մեծ Հայքի և Օսրոյենեի Արքա
Sanatruk and Avde after three days in snow storm.jpg
Իշխանություն 75–110
Նախորդ Տրդատ Ա
Հաջորդող Աշխադար
Տոհմ Արշակունիներ
Հայր Տրդատ Ա

Սանատրուկ (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։

Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։

Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար VI թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին:

Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։

Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։

Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։

Արշակունիների հարստություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արշակունիներ
Արշակունիների դրոշ

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

Անունը Իշխել է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
Պապ թագավոր 368 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշես Գ 423 - 428 Վռամշապուհի որդի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png