Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում օգնեց, որպեսզի զարգանա նաև տնտեսությունը[1]։

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը Գողթն գավառում տեղի իշխանի և իշխանուհու խնդրանքով հիմնադրել է եկեղեցի, իսկ Սուրբ Թադեոս առաքյալը եպիսկոպոսական աթոռ է հիմնել Արտազում։

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Միջին Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից[2]։

Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ[3]։ Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝

Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։

Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)[4][Ն 1]։

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում[5]։

Քրիստոնեության ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Տրդատ Մեծ թագավորը, Աշխեն թագուհին և թագավորի քույր Խոսրովդուխտը

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել[6]։

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն[7]։

Նոր հիմնադրված քրիստոնեությունը ժողովրդի մեջ տարածելու համար Հայաստանում պետք է ստեղծվեր հոգևորականության համակարգ։ Դասակարգման գագաթին՝ հոգևոր հովիվներից վեր, պետք է լիներ գլխավոր հովվապետը։ Ձեռնադրման համար հայոց եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է Կապադովկիայի վարչական կենտրոն Կեսարիա քաղաքը, որտեղ ժամանակին կրթություն էր ստացել։ Կապադովկիայի եպիսկոպոսները քաղաքի եպիսկոպոս Ղևոնդի գլխավորությամբ Գրիգորին ձեռնադրում են Հայաստանի եպիսկոպոս։ Մեծ Հայքում նրա օծումը պետք է իրականացներ Փոքր Հայքի (մ.թ.ա. 1-ին դարից՝ հռոմեական պրովինցիա) Սեբաստիա քաղաքի Պետրոս եպիսկոպոսը։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ հայոց քահանայապետը վերադառնում է Վաղարշապատ, Տրդատ Մեծը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Գրիգորը հայ եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է ժամանակի պետական վարչական կառուցվածքի համաձայն՝ յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս՝ թվով 36, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Եկեղեցական ժողովներում եպիսկոպոսներից 18-ը նստում էին հայրապետի աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ կողմերում։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը[2]։

Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը[8]։

Ներսես Մեծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Լուսավորիչը վախճանվեց 325 թվականին, Նիկեայի ժողովի գումարման ժամանակ։ Նրան հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն Արիստակեսը (325-333), հետո ավագ որդին՝ Վրթանեսը (333-341)։ Ժառանգական կաթողիկոսությունը ընդհատվում է 347 թվականին, երբ Լուսավորչի թոռ Հուսիկ Ա կաթողիկոսի սպանությունից հետո հաջորդում են Դանիել Ասորին (347-347) և Փառեն Աշտիշատցին (347-353)։ Վերջինս սերում էր Աղբիանոսյանների տոհմից, ովքեր մինչև քրիստոնեության ընդունումը ազդեցիկ դիրք էին զբաղեցնում Հայաստանի քրմապետական պաշտոններում։

353 թվականին՝ Արշակ Բ թագավորի ու հայոց ավագանու համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռը Ներսես իշխանը, ով կրթություն էր ստացել Կեսարիայում։ Այդպիսով կաթողիկոսական աթոռը կրկին վերադարձվում է Լուսավորչի տոհմին։ Ներսեսը 28 եպիսկոպոսների և նախարարների ուղեկցությամբ ձեռնադրություն ստանալու համար ուղարկվում է Կեսարիա։

Ներսես Ա Մեծ

354 թվականին Ներսես կաթողիկոսը մի նշանավոր նա գումարում է Աշտիշատի եկեղեցական ժողովը։ Այն զբաղվում է հիմնականում երկու կարևոր հարցերով։

Կազմակերպչական հարցեր

  • Հոգևոր հովիվները որոշում են հայոց թագավորության տարբեր վայրերում հիմնել տարբեր հասարակական շենքեր՝ աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև՝ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։
  • Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով. մարդկանց հուղարկավորության ժամանակ արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծ անել, հանդերձներ պատռել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը, բազմակնությունը և այլ սովորույթներ։
  • Հանձնարարվում է հեռու մնալ մի շարք արատավոր երևույթներից՝ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։

Դավանաբանական հարցեր

  • Նիկեայի Ա Տիեզերական ժողովում (325) բանաձևվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստծո մասին։ Լուսավորչի որդի Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան և այն ընդունելի էր համարվել Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաև Հայ Եկեղեցու Հավատամքը. այսպիսով հայոց եկեղեցու հավատո հանգանակը դառնում էր ուղղափառությունը։ Մի քանի տարի անց Հռոմեական կայսրությում քաղաքական վերնախավը օժանդակում է արիոսականությանը։ Աշտիշատի ժողովը մերժել է արիոսականությունը և ընդունել Նիկեական Հանգանակը։

Աշտիշատի ժողովի որոշումները իրականացնելու, բարեփոխումներ անցկացնելու շնորհիվ Ներսես կաթողիկոսը հորջորջվում է «Մեծ» կոչմամբ[9]։

Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունիների թագավորությունը 387 թվականին բաժանվում է երկու հարևանների՝ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև։ Կաթողիկոս է ընտրվում Մեծն Ներսեսի որդի Սահակ Պարթևը (387-439

Առաջին դպրոցներից Ամարասի եկեղեցին. Արցախ

Հայաստանի բյուզանդական հատվածում՝ Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգներում, շուտով վերանում է պետականությունը։ Արշակ Գ-ից (378-390) հետո երկիրը կառավարում են Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական կայսրության) կառավարիչները։ Հայաստանի պարսկական մասում Արշակունիների թագավորությունը գոյատևում է մինչև 428 թվականը[10]։

Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր հունարենով և ասորերենով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։

Մեսրոպ Մաշտոցը, ով ուղարկվել էր Գողթն գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս Սահակ Պարթևի ու հայոց Վռամշապուհ թագավորի (389-415) հովանավորությամբ 405 թվականին ստեղծվեց հայերենի այբուբենը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն.

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Մեսրոպ Մաշտոցն անձամբ այցելեց Կոստանդնուպոլիս և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը կատարելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանում և նրանց հարակից գավառներում, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ առավել տարածված տեսակետի՝ Սանատրուկը գահակալել է 88-110 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «USF Library Special & Digital Collections Exhibits | USF Armenian Studies : Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում». exhibits.lib.usf.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  2. 2,0 2,1 «1. Քրիստոնեության մուտքը Հայաստան և պատմությունը». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  3. Հայաստանի Առաջին Լուսավորիչներ
  4. «Դանիելյան Է. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  5. «Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  6. «Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  7. «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  8. «Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանում». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  9. «Արշակ Բ». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  10. «Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եզնիկ քահանա Պետրոսյան, Դոկտոր Աստվածաբանության, Հայ եկեղեցու պատմությունը, Մաս Ա (Սկզբից մինչև 1441 թ.), «Հաղբատավանք», Բարեգործական Միություն, 1990։
  • Մաղաքիա Արքիեպիսկոպոս Օրմանյան, Հայոց եկեղեցին, Տպարան կաթաղիկոսութեան Հայոց Կիլիկոյ, Անթիլիաս-Լիբանան, 1952։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]