Ուռհա
Ուռհա (հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Ուրհա, Օրֆա, Ռուհա Ուրֆա), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, հայտնի է նաև Եդեսիա (հին հունարեն՝ Ἔδεσσα; ասորերեն՝ ܐܘܪܗܝ) անունով, որը սակայն ասորական աղբյուրներում չի գործածվում: Հելլենիստական շրջանում եղել է Օսրոյենեի ասորական թագավորության մայրաքաղաքը, այնուհետև` Հայոց Միջագետքի մայրաքաղաքը, անցել է հռոմեացիների տիրապետության տակ, այնուհետև ընդգրկվել Բյուզանդական կայսրության կազմի մեջ: 641 թ. քաղաքը նվաճվել է արաբների կողմից, բյուզանդացիներին հաջողվել է կարճ ժամանակով վերանվաճել քաղաքը 1031թ: Տաս տարի անց քաղաքը գրավել են սելջուկները: Ուռհան անցել է ձեռքից ձեռք մինչև 1098 թ., երբ այն նվաճվել է խաչակիրների կողմից: 1144 թ. քաղաքը գրավում է Մոսուլի տիրակալ Էմադ էդ-Դինը: Այդ իրադարձության առթիվ Ներսես Շնորհալին գրում է իր հռչակավոր ստեղծագործություններից մեկը` «Ողբ Եդեսիոյ» (1145-46) պոեմը, որտեղ հայրենասեր հեղինակը սրտի կսկիծով Է նկարագրում է ծաղկուն քաղաքի ավերումն ու բնակչության զանգվածային բնաջնջումը: Քաղաքը հետագա դարերում անցել է հաջորդաբար Եգիպտոսի և Ասորիքի սուլթանների, մոնղոլների, թյուրք ցեղերի տիրապետության տակ, մինչև որ 1637 թ. վերջնականապես մտել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
[խմբագրել] Ուռհայի հայ բնակչությունը
Որոշ աղբյուրների համաձայն՝ Ուռհան հիմնովին վերաշինել է Հայոց կիսաավանդական թագավոր Աբգարը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը: Նույն աղբյուրները վկայում են, որ Աբգարն այս տեղ հունա-հռոմեական թատրոնների օրինակով շինել է թատրոնի շենք, ինչպես նաև արքունական շքեղ պալատ ու հոյակապ եկեղեցիներ: Իսկ Աբգարի հաջորդ Երվանդ թագավորը, ըստ նույն ավանդությունների, Ուռհան թողել է Հռոմին, իսկ ինքը հաստատվել նախ՝ Արմավիրում, ապա՝ իր հիմնադրած Երվանդաշատում: Ուռհան Օսրոենի փոքրիկ թագավորության մայրաքաղաքն էր (2-րդ դ-ից մթա): Տիգրան Բ-ի օրոք (95-56 թ մթա) այդ թագավորությունը միացվեց հայկական պետությանը, և նրա մայրաքաղաք դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Սակայն հայկական պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ (մթա) այն անցնում է Հռոմին: Հնում Ուռհան մշակույթի մեծ կենտրոն էր: Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան, որտեղ ուսանելու էին գալիս տարբեր տեղերից: Ուռհայում կրթություն են ստացել և բավական թվով հայ երիտասարդներ: Այստեղ է արարվել հայոց մեսրոպյան գիրը: Քաղաքում է ստեղծագործել միջնադարի հայ նշանավոր պատմիչներից մեկը` Մատթևոս Ուռհայեցին: Քաղաքը հնուց ի վեր ունեցել է հոծ հայ բնակչություն, որը պատմական որոշ ժամանակահատվածներում կազմել է մեծամասնություն: Քաղաքը 1071-1086 թթ-ին մտել է Փիլարտոս Վարաժնունու թագավորության կազմի մեջ: Քաղաքը 1144 թ-ին ուներ 47.000, իսկ 1914 թ-ին 35.000 հայ բնակիչ: Ուռհայի հայ բնակչությունը տուժել է 1894-96 թթ համիդյան կոտորածներից: Մեծ Եղեռնի ժամանակ քաղաքի հայ բնակչությունը 25 օր հերոսաբար մարտնչեց թուրքական 18.000 բանակի դեմ: Քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված հեռացել են Սիրիա, Ֆրանսիա, մի մասն էլ` Խորհրդային Հայաստան:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Աղբյուրներ
- «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996:
- Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Երևան, 1982: