Երվանդ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատվելով մ.թ.ա. VIդ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը։ Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն էր Արմավիրը։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։