Սպեր (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպեր գավառից)
Մեծ Հայքի Բարձր Հայք գավառի քարտեզը

Սպեր, գավառ Սեծ Հայքի Բարձր Հայք նահանգում[1], իսկ ավելի ուշ գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում, Ճորոխ գետի վերին հոսանքի շրջանում։ Եղել է Բագրատունիների ժառանգական տիրույթը։ Իշխանանիստ կենտրոնն էր Սպեր բերդաքաղաքը։ Մյուս նշանավոր բերդն էր Բաբերդը։

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղ. Ինճիճյանի դրախտի 4 գետերից մեկը՝ Փիսոնը, նույն Ճորոխ գետն է, իսկ Խալվիա երկիրը համապատասխանում է Խալիբների երկրի հետ և մտել է Սպերի տարածքի մեջ։ Ըստ Աստվածաշնչի այնտեղ ոսկի կար։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Հյուսիսից սահմանակից էր Համշենի և Խոտորջրի, արևելքից՝ Թորթումի, արևմուտքից՝ Բաբերդի և հարավից՝ Էրզրումի գավառներին։ Գավառակի հյուսիսային մասը լեռնային է և անտառապատ, իսկ հարավայինը՝ զգալի հարթավայրային է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի տարածքում գտնվում են ոսկու և այլ մետաղների հանքեր, որի պատճառով էլ Սպերը հայտնի է եղել շատ հին ժամանակներից։ Նրա մասին հիշատակվում են հունա-հռոմեական, հայկական, բյուզանդական, ասորակն, հայկական, վրացական և թուրքական աղբյուրներում։ Անտիկ հեղինակները Սպերը հիշատակում են Սիսպիրիտիս, Հեսպերիտիս և այլ անվանումներով («սասպեյրներ» ցեղանունից)։

Ալեքսանդր Մակեդոնացին (IV դար) իր նվաճումների ժամանակ Մենոն զորավարին ուղարկում է Սպեր, որպեսզի վերջինս տիրանա ոսկու հանքերին։ Սակայն արշավանքը հաջողության չի արժանանում։

Արտաշեսյանների օրոք (190 թ մթա - 1 թ. մթ) Սպերը եղել է Մեծ Հայքի անբաժան մասը[2]։

Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Սպերը մտել է Հայաստանի հռոմեական մասի մեջ։ Արաբական նվաճումներից հետո եղել է Արմինիա ոստիկանության, 885 թվականիից՝ հայ Բագրատունյաց թագավորության կազմում։ XI դարի վերջին Սպերը նվաճել են սելջուկյան թուրքերը։

Սպերը եղել է Բագրատունի նախարարների սեփականությունը[2]։

1204 թվականին Սպերը գրավվում է և միացվում է Տրապիզոնի Բյուզանդական կայրսությանը[2]։ 1207 թվականից հայ–վրացական զորքերը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, ազատագրել են Սպերը։ 1242 թվականին Սպերը զավթել են Բարձր Հայք ներխուժած մոնղոլական հորդաները։ XV դարում Սպերն ընկել է կարա–կոյունլու, ապա՝ ակ–կոյունլու թուրքմեն ցեղերի, 1502 թվականից՝ Սեֆևյան Պարսկաստանի տիրապետության ներքո։

Օսմանյան սուլթանությունը Սպերը զավթել է 1555 թ.-ի և 1639 թ.-ի թուրք–պարսկական պայմանագրերով։ Թուրքերը Սպեր բաժանել են երկու մասի՝ Բաբերդ (Բայբուրթ)՝ համանուն կենտրոնով, և Սպեր քաղաքն իր շրջակայքով, որոնք, մեծ մասամբ որպես սանջակներ (լիվաներ), մտնում էին Էրզրումի վիլայեթի մեջ։ Երբեմն Սպերը կցվել է Չլդըրի էյալեթին։

XVII դարում Սպերը զուտ հայաբնակ էր։ Հակոբ Կարնեցին նշում է, որ Սպերի բնակիչները ամբողջովին հայեր էին։ XV–XVII դարերի զանազան նվաճողների ասպատակություններն ու կրկնվող պատերազմները ավերեցին Սպերը։ XVII դարի սկզբին Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթը մեծ վնաս հասցրեց նաև Սպերին։ XVII դարի վերջին Սպերի հազարավոր հայեր, խուսափելով թուրքական հալածանքներից, հեռացան, իսկ մնացածներից շատերը XVIII դարի սկզբին բռնությամբ մուսուլմանացվեցին։

Հայ բնակիչների թիվը բավականին նվազեց 1829–1830 թվականների գաղթի ժամանակ, երբ ավելի քան 1000 ընտանիք Բաբերդից և Սպերից վերաբնակվեց Ախալքալաքում ու Ախալցխայում։ 1895–1896 թվականներին Սպերի քրիստոնյա հայերը ենթարկվեցին համիդյան կոտորածներին։ Չնայած դրան, XX դարի սկզբին էլ Սպերի բնակիչները հիմնականում հայերն էին՝ քրիստոնյա և մուսուլման։ Վերջիններս պահպանել էին հայկական շատ սովորույթներ, որոշ տեղերում՝ նաև լեզուն։ Անփոփոխ էին մնացել նրանց գյուղերի պատմական անունները։ XIX դարի վերջին – XX դարի սկզբին Սպեր Էրզրումի վիլայեթի գավառակներից (կազա) էր։ 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Սպերի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի բնակչության մասին ճշգրիտ տվյալներ չկան։ Ապրում էին հայեր, թուրքեր, հույներ և լազեր[2]։

XVI-XVIII դարերի պարսկա-թուրքական պատերազմներ ժամանակ հայկական գյուղերն ավերել են, իսկ բնակիչներին կոտորել են կամ զանգավածաբար բռնագաղթի ենթարկել։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերի մեծ մասը դաժանությամբ սպանվեց կամ բռնի մուսուլմանացվեց, իսկ կենդանի մնացածները արտագաղթեցին[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկների և յուղատու կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հանքարդյունահանությամբ (հռչակավոր էին Վանք–Մադենի արծաթահանքերը), արհեստներով։ Հայերն ու հույները նաև զբաղվում էին արհեստներով և առևտրով։ Զգալի քանակությամբ մեղր ու մեղրամոմ էր արտահանվում նաև հարևան գավառներ[2]։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպերը հռչակված էր ոսկու հարուստ հանքերով, որոնք հնում շահագործվել են։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական դպրոցներում գործում էր 16 երկսեռ դպրոց, որոնք ունեին 32 ուուցիչ և 560 աշակերտ[2]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին Սպերն ուներ 134 բնակավայր, որից 18-ը զուտ հայկական էին։ Մյուսներում հայերից բացի ապրում էին թուրքեր, հույներ և լազեր[2]։

Սպերի հայաբնակ բնակավայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբրիկ, Ավեր, Գանձ (Գանձասար), Գող (Կյող), Էգեձոր, Թշաձոր (Դշաձոր), Խոզաղբյուր, Կաժ, Հիշեն, Հողեկ, Հունուտ, Զկնաջուր (Զենաջուր), Ղազենց, Ճիպոտ (Չիփոթ), Մանց (Մաթուսանց, Մաթսանց), Մեզեգրեկ (Մեզերեկ), Շեհրիստանց, Ջուրակենց, Սալաձոր, Սպեր կամ Գասապա, Վանք, Վարիզոնց, Տշանց, Քրեոզ, Օձուտ (Օձտեղ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղուկաս Ինճիճյան, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։
  • Կարնեցի Հ․, Տեղագիր Վերին Հայոց, Վաղ-պատ, 1903։
  • Ա-Դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։
  • Գարեգին Սրվանձտյանց, Երկեր, հ․ 2, Ե․, 1982։
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 673-674
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։