Արշակ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Բ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն 350–368
Մահացել է՝ 368
Նախորդ Տիրան
Հաջորդող Պապ
Ուղեկից Փառանձեմ
Տոհմ Արշակունիներ
Հայր Տիրան
Երեխաներ Պապ


Արշակ Բ (ծննդյան թվականն անհայտ – մոտ 368 թ.), Հայոց Արշակունի թագավոր 350 թ–ից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։

Բովանդակություն

[խմբագրել] Գահակալման սկիզբ

350 թ–ին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ Բ–ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրին իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին, Գնելը խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դուստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը և թե՛ եղբորորդիներին։

[խմբագրել] Ներքին դրությունը

350–ական թթ. և՛ Հռոմը և՛ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Մեծ Հայքի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Արշակի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։

[խմբագրել] Մահ

359 թ–ին պատերազմը վերսկսվել է Պարսկաստանի և Հռոմի միջև։ Մեծ Հայքի դիրքը պատերազմող կողմերի համար ունեցել է կարևոր նշանակություն։ Արշակունյաց Հայաստանի սահմանները պարսիկներից վտանգվել էին, ուստի Արշակը ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 360 թ–ին Կեսարիա է ժամանել Կոստանդիոս կայսրը և այնտեղ տեսակցել Արշակի հետ։ 361–ին վախճանված Կոստանցիոս II-ին փոխարինած Հուլիանոս Ուրացողը դարձյալ դաշինք է կնքել Արշակի հետ և 363 թ–ի գարնանը խոշոր զորաբանակով մտել Միջագետք։ Արշակը իր բանակով հարձակվել է Մարաստանի Խիլիոգոմ կոչվող գավառի վրա՝ նպատակ ունենալով Կորդուքի ու Մոկքի վրայով մտնել Հայոց Միջագետք, այն ազատագրել պարսկական զորքից, այնտեղից միանալ Հուլիանոսի բանակին։ Սակայն նույն թվականի հունիսի 26–ին Հուլիանոսը զոհվել է, և նոր կայսր Հովիանոսը դավաճանաբար լքել է Հռոմի դաշնակից Արշակին՝ ընդունելով Շապուհի առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները։ 364 թ–ին Շապուհը հարձակվել է Մեծ Հայքի վրա։ Արշակը չորս տարի հերոսաբար դիմադրել է, պահպանել Մեծ Հայքի սահմանները։ Պարսից դեմ նրա մղած պատերազմի մանրամասնությունները նկարագրել է Փավստոս Բյուզանդը։ Արշակը կուրացվել է և բանտարկվել, ապա և տանջամահ արվել։

[խմբագրել] Աղբյուրներ

Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրություններն ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Երևան, 1968:

[խմբագրել] Արտաքին հղումներ

  • [1] «Հայաստանը և պարսկա-հռոմեական հակամարտությունը Արշակ II-ի օրոք» Էդուարդ Դանիելյան (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով