Գահնամակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գահնամակ, հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրըվավերագրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։ Հայ իշխանների գահակարգությունը ավանդվել է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին այդ հրովարտակի հիմնադիրը համարում է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակին։ Նախարարական գահակալությունը գործել է Արշակունիների թագավորության ամբողջ ժամանակաշրջանում (I–Vդդ.)։ Այն շարունակվել է նաև մարզպանական ժամանակներում (V-VIIդդ.)՝ Սասանյան թագավորների գերագահության ներքո։ Տարբեր դարերից մեզ հասած Գահնամակի օրինակների տեղեկությունները գահ ունեցող նախարարների թվի և նրանց զբաղեցրած գահերի աստիճանների մասին տարբեր են ու անորոշ։ Ըստ IVդ. վերագրվող Գահնամակի, որը պահպանվել է «Ներսեսի վարք»–ում, Արշակ Բ–ի գահակալման ժամանակ հայ նախարարների թիվը հասել է 400–ի։ Սակայն «Վարք»–ի հեղինակը հիշատակել է ընդամենը 167 նախարարի անուն՝ վերջում ավելացնելով, որ չի կարող բոլորին գրի առնել։ XIIIդ. հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նույնպես հիշատակում է Տրդատ Գ–ի օրոք (287-332) եղած 400 գահ ու պատիվ ունեցող նախարարների։ Փավստոս Բյուզանդը Արշակ Բ–ի ժամանակ հիշատակվում է 900 գործակալ իշխանների, որոնք նրա արքունիքում այս կամ այն առիթով բազմել են հատկացյալ բարձերին կամ գահերին։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին վերագրվող Գահնամակում, որը նա ներկայացրել է Սասանյան արքունիքին, հիշատակված են 70 նախարար, իսկ IVդ. մեկ այլ վավերագրում թվարկված է 86 նախարար։ Ըստ IXդ. արաբ մատենագիր Յակուբիի, Արմինիա վարչամիավորման մեջ գոյություն են ունեցել 113, իսկ ըստ Յակուտ ալ–Համավիի՝ 118 իշխանություն։ Հայ նախարարությունների մասին հարուստ տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Սեբեոսը։

Բնագրի հրատարակություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ