Կամսարականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կամսարական (այլ կիրառումներ)
Կամսարականներ
Կամսարականներ
Երկիր` Մեծ Հայք
Տիրույթներ` Արշարունիք և Շիրակ գավառներ
Ծագել են` Կարենյաններից
Հիմնադիր` Կամսար
Հիմնում` 3-րդ դար
Ավարտ` 7-րդ դար
Ազգային պատկանելիություն` Հայ
Դավանանք` Քրիստոնեություն

Կամսարականներ, հայ նախարարական տոհմ III-VIII դդ։

Ծագում[խմբագրել]

Կամսարականները սերել են պարթև Կարենյան իշխանական տոհմից, որին 3-րդ դարի կեսին կոտորել են Պարսից Սասանյանները։ Փրկված Կարենյաններից Պերոզամատի որդի Կամսարը ապաստանել է Հայաստանում և դարձել է Կամսարականների հիմնադիրը։ Հայոց արքա Տրդատ Մեծը Կամսարականներին որպես ժառանգական կալվածք պարգևել է արքունապատկան Շիրակ և Երասխաձոր գավառները՝ նրան դասելով հայ ավագ նախարարների կարգը։ Կամսարականները շուտով խնամացել են Մամիկոնյաններին ու Արշակունիներին, քաղաքական սերտ միություն հաստատել նրանց հետ։ Հայոց զորաբանակին տվել են 600 հեծյալ մարտիկ, հավատարմորեն ծառայել Արշակունիներին, աչքի ընկել արիությամբ, դիվանագիտական, կազմակերպչական հմտություններով։ Խոսրով Բ Կոտակ արքայի և Վաչե սպարապետի մահից հետո պետության խնամակալությունը և սպարապետության գործը հանձնարարվել է Մամիկոնյանների փեսաներին՝ հազարապետ Արշավիր Ա Կամսարականին և Անդովկ Սյունուն։ Մռուղն դաշտում հաղթելով պարսկական զորքին՝ նրանք պահպանել են երկրի անկախությունն ու Տիրան Արշակունու գահը։ Վերջինիս դավադրական ձերբակալությունից հետո Արշավիրն ու Անդովկը, կրկին ստանձնելով երկրի վերակացությունը, հռոմեական զորքի օգնությամբ Ոսխայի ճակատամարտում հաղթել են պարսկական բանակին և Հայոց գահին հաստատել Տիրանի որդի Արշակ Բ Արշակունուն։ 350–ականի վերջին վախճանված Արշավիրին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը։ Արշակ Բ–ի դեմ նախարարների խռովությունը և Արշակավան քաղաքի կործանմանը մասնակցելու համար Ներսեհը և Կամսարականների բազմաթիվ պայազատներ սրատվել են, իսկ նրանց կալվածները միացվել արքունի ոստանին։ Արքայի վրեժից խուսափելով՝ Արշավիրի որդի Սպանդարատը, կնոջ՝ Արշանուշ Արշակունու և որդիների՝ Գազավոնի ու Շավարշի հետ առժամանակ ապաստանել է Հայաստանում։ Ձիրավի ճակատամարտում (371) պարսկական բանակի դեմ ցուցաբերած քաջության համար Պապ թագավորը նրան վերադարձրել է հայրենի կալվածները։ 387–ի Հայաստանի բաժանումից հետո Սպանդարատի որդի Գազավոնը, որպես հակասասանյան, անցել է Հայաստանի բյուզանդական մասում թագավորող Արշակ Գ–ի կողմը։ Այդ պատճառով Պարսից բաժնում թագավորող Խոսրով Գ բռնագրավել է Գազավոնի տիրությունը։ Արշակ Գ–ի մահից հետո Գազավոնը կարգադրվել է Հայաստանի բյուզանդական մասի վերակացու։ Բյուզանդիայից հիասթափված հայ նախարարները նրա գլխավորությամբ դիմել են Խոսրով Գ–ին՝ վերջինիս գերիշխանությունը ընդունելու ցանկությամբ։ Խոսրով Գ համաձայնվել է, իսկ Գազավոնը նորից ստացել է Շիրակն ու Արշարունիքը։ Դժգոհելով Խոսրով Գ–ի ինքնագլուխ քաղաքականությունից Պարսից արքունիքը 391–ին Խոսրովի հետ գերել և բանտարկել է նաև Գազավոնին ու նրա որդի Հրահատին, բռնագրավել Կամսարականների կալվածները։ Շավարշը սպանվել է գերության տարվող եղբորն ու արքային ազատելու փորձի ժամանակ։ V դ սկզբին Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի միջնորդությամբ Պարսից արքունիքը վերահաստատեց Կամսարականների իշխանական գահն ու պատիվը՝ ի դեմս Հրահատի։ Արշակունիների անկումից հետո Կամսարականները ավելի մերձացան Մամիկոնյաններին։ 449-451–ի հայ ազատագրական պատերազմի ժամանակ Վարդան Մամիկոնյանի կողմում Կամսարականներից կռվել են Արշավիր Բ իշխանը, Թաթ, Վարձ և Աշոտ պայազատները։ Խաղխաղի ճակատամարտում (450) Արշավիրը գլխավորել է Հայոց զորքի աջ թևը, Ավարայրի ճակատամարտում (451)՝ Վարդան և Համազասպ Մամիկոնյանների հետ՝ պահեստազորը։ Ավարայրի ճակատամարտից հետո Տիզբոնում Արշավիրի ատենախոսության շնորհիվ բացահայտվել է Հայաստանում թագավորությունը վերականգնելու Վասակ Սյունու գաղտնի ծրագիրը։ Պարսից ատյանը Վասակին դատապարտվել է մահվան, իսկ Արշավիրին աքսորել Վրկանից աշխարհ։ Պարսից նոր արքա Պերոզը 465–ին, երբ հայ աքսորյալներին հայրենիք վերադարձնելու իրավունք է շնորհել, Արշավիրը հաստատվել է հայրենի Արշարունիքում, որտեղ և մահացել է 470–ական թթ։ Նրա որդիներ Ներսեհը և Հրահատը, դաստիարակվելով Մամիկոնյան իշխանուհի Ձվիկի ապարանքում, պարսկական նվաճողների դեմ ազատագրական նոր պատերազմում դարձել են Վահան Մամիկոնյանի քաջարի զինվորները և նշանավորվել Ակոռում, Բագավանում տեղի ունեցող հերոսական մարտերում։ Նվարսակի պայմանագրից և Հայաստանի ինքնավարության վերականգնումից հետո, Վահան Մամիկոնյանի միջնորդությամբ Կամսարականների նահապետ դարձավ Ներսեհը։ 570–ին Արշարունիքի տանուտեր է հիշվում նրա եղբայր Սահակը։ 530-540–ին Բյուզանդիայի հայտնի հայ զորավարներ Նարսեսին, Արատիոսին և Իսակեսին Ղ. Ալիշանը համարում է Կամսարականների տոհմից։ 591-629–ին Հայաստանի համար պարսկա–բյուզանդական ընդհարումների ժամանակ Կամսարականները պայքարել են նվաճողների դեմ։ 629-654–ին Հայաստանում ստեղծված համեմատաբար նպաստավոր պայմաններում Կամսարականների տանուտեր Ներսեհ Բ զբաղվել է շինարար աշխատանքներով։ Ներսեհ Գ 688-692–ին վարել է Հայոց իշխանի պաշտոնը, կրել բյուզանդական «կոմս» տիտղոսը։ Ներսեհի թողած արձանագրություններից մեկում հիշվում են նրա տիկնոջ՝ բարեգործ Շուշան Մամիկոնյանի և որդի Հրահատի անունները։ VIII դ վերջին Կամսարականները ամբողջ Շիրակն ու Արշարունիքը վաճառեցին Բագրատունիներին։ Այնուհետև Կամսարականների շառավիղները հանդիպում են Փոքր Ասիայում և Բյուզանդական կայսրության այլ շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png