Ապարանը քաղաք է Հայաստանի Արագածոտնի մարզում: Երևանից 59 կմ դեպի հյուիս-արևմուտք, Քասաղի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս արևմուտքում, 1880 մ բարձր: Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը` երկրորդ դարում Casala ձևով: Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը` Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ V դարում նրանց կառուցած Քասաղի բազիլիկը ցարդ կանգուն է: X դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն` պալատ: Քասաղն Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի «Ապարանից Ս. Խաչ» վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ: Թեև նույնիսկ XVIII դարում Զաքարիա պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը: XVIII դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը: Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը:
Սույն հոդվածի ներքևում կարդա Նիգ գավառի մասին: