Կոշ
-
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կոշ (այլ կիրառումներ)։
| Կոշ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություն | |
| Պաշտոնական անուն | Կոշ |
| Երկիր | ՀՀ |
| Մարզ | Արագածոտն |
| Տարածաշրջան | Աշտարակ |
| Համայնք | Կոշ |
| Հեռավորությունը մարզկենտրոնից | 17 կմ |
| Այլ անուն(ներ) | Գոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ |
| Աշխարհագրական տեղեկություն | |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 1250 մ |
| Բնակչություն | |
| Բնակչություն (դե յուրե) | 2756 |
| -Կանայք` | 1398 |
| -Տղամարդիկ՝ | 1358 |
| Գյուղական տեղեկություն | |
| Փոստային ինդեքս | 378432 |
| Բնակավայրային կոդ | 02061026 |
Կոշը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում: Կոշը նաև ճանաչված է եղել որպես Գոշ, Կավաշ, Կվաշ, Կվաշավան, Կուաշ:[1]
Բնակչություն[խմբագրել]
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Կոշի մշտական բնակչությունը 2756, իսկ առկա բնակչությունը 2600 հոգի է:[2]
Պատմություն[խմբագրել]
Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը: Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Ս. Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից: Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից` կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով: Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ: Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք: Ինտերիերը որմնանկարազարդ է: Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում: Ս. Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դ. խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս- արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար: Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով: Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ: Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Ս. Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.): Հյուսիսային կաղմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIII դ.): Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով: Կոշից հարավ, խճուղու եզերին է գտնվում 6,8 մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան (1195): Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն: Հայկական մատենագրության մեջ կան IV դ. անցքերին վերաբերվող՝ Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ: Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում, իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին: Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները. այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում է Կոշում: Ըստ Վարդան աշխարհագրի՝ Կոշում են թաղվել Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները: [3]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009։
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»։ http://www.armstat.am/file/doc/70.pdf։
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide), 2-րդ, Հայաստան: Մատիտ, 46։ ISBN 9994101218։