Եղիպատրուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիպատրուշ
Yeghipatrush 02.jpg
Եղիպատրուշյան բնապատկեր
40°32′19″ հս. լ. 44°28′28″ ավ. ե. / 40.538611° հս. լ. 44.474444° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի
Այլ անվանումներ Մռավյան
Բարձր. ծովի մակ-ից 2000 մ
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 725 մարդ (2004)
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
##Եղիպատրուշ (Հայաստան)
Red pog.png

Եղիպատրուշ (Մռավյան),գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ Գյուղը գտնվում է Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավ-արևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։

Պատմական անունը[խմբագրել]

Խորհրդային Միության տարիներին գյուղը անվանվել է Մռավյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին։ Եղիպատրուշ է վերանվանվել 1991 թվականին՝ պատմաբան, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Տիգրան Պետրոսյանցի և գյուղի դպրոցի նկարչության ուսուցիչ, Ապարանի շրջխորհրդի պատգամավոր Սաղաթել Աշոտի Հովհաննիսյանի (հետագայում եղել է դպրոցի տնօրեն) նախաձեռնությամբ։

Պատմական ակնարկ[խմբագրել]

Գյուղը հազարամյակների պատմություն ունի։ Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են մ.թ.ա. 3-րդ-2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր։ 4-5-րդ դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան մի քանի 7-8-րդ դարերի խաչքարեր։

Եղիպատրուշի եկեղեցին

696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին։ Գահակալել է 775-788 թվականներին։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ 1980-1988 թվականներին Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը ամբողջովին վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները՝ գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթարիչ Օշականցին։ Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի՝ Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է։

Եղիպատրուշի X-XIII դարերի եկեղեցու գավթի ցուցանակը

Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված (երրորդ հարկ)։ Ընդ որում, Տեղերում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում՝ գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա։ Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի։ Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել։ Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր։ Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են, դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով։ Այժմ գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել։ Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. «զՄխիթարիչս Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ»։ «Ձևայցուց» բառը այստեղ գործածվել է նախագծող-ձևող-քանդակողի իմաստով։

Բնակչություն[խմբագրել]

Բնակիչների նախնիների որոշ մասը գաղթել են Պարսկաստանից և Ալաշկերտից։ Եղիպատրուշի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 252 1091 1070 1170 672 795 677 739 725

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, բուժկայան։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Գյուղի մեջ է գտնվում 13-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ դեպի արևելք՝ 7-8-րդ դարերի Եղիպատրուշի վանքը (Մռավյան)։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիկտոր Պետրոսյանց (Տիգրան Պետրոսյանց), Մռավյան (Եղիպատրուշ) գյուղի Աստվածածին եկեղեցին և արձանագրությունները /հոդված։ Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 3 /94/, էջ 289-294/։

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ Վերցված է 2014 Օգոստոսի 6։