Օշական (գյուղ)
|
Օշական
|
||||||||||||||||||||||||||
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Օշական (այլ կիրառումներ)
Օշական, գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արեւմուտք: Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները: Մակերես` 16.96 քառ կմ: Բնակչություն` 5106:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Ըստ ավանդության` նահապետ Նոյն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականի սքանչելի վայրերը ջրից ազատված եւ բացականչում են. «Օշ ական», այսինքն` «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում` Օշականը եղել է նրանց սեփականությունը: Ըստ Կորյունի նկարագրության, այստեղ գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները: Ամատունիներից Վահան իշխանը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական եւ ամփոփում այնտեղ: Երեք տարի անց`442-443 թթ. գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը հիմնովին վերաշինվում է 1875-1879 թթ.: Գյուղի շրջակայքում է գտնվում Օշականի բերդ-ամրոցի ավերակները` մ.թ.ա. 7-5-րդ դարեր: Արեւելյան կողմում գտնվում է Թուխ մանուկ մատուռը, իսկ հարավ-արեւմուտքում` ս. Սարգիս մատուռը:Արագածոտնը վաղ միջնադարում Ամատունիների նախարարական տան եպիսկոպոսների տեսչության տակ էր:Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու(330–338) ժամանակ:
[խմբագրել] Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան
Կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի` 1996-ի մայիսի 30-ի կոնդակով:Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): Արագածոտնի թեմը ընդգրկում է ՀՀ Արագածոտնի մարզը (պատմական Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների մեծ մասը): Թեմի տարածքը տարբեր ժամանակներում ենթարկվել է տարբեր եպիսկոպոսական աթոռների:Արագածոտնի թեմի գործող վանքերն ու եկեղեցիներն են` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցը, Աշտարակի Ս. Մարինեն, Ս. Սարգիսը, Ապարանի Ս. Խաչը, Թալինի Ս. Աստվածածինը, Կարբիի Ս. Աստվածածինը, Կոշի Ս. Գևորգը, Մաստարայի Ս. Հովհաննեսը, Մուղնու Ս. Գևորգ վանքն ու Սաղմոսավանքը: Օշականում Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին գործում է նրա անունը կրող դպրատունը: Թեմը հրատարակել է «Շողակն» (1998–2000), 2000-ից` «Արագածոտն» պարբերականները: 1998-ից Մուղնու առողջարանական կենտրոնում գործում է Արագածոտնի թեմի կիրակնօրյա դպրոցը: Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահն էր Վազգեն վրդ. Միրզախանյանը (1999-ից):Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը:
[խմբագրել] Պատմաճարտարապետական հուշարձաններ
- Ս. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի , գտնվում է Օշական գյուղում: Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, ուր երեք տարի անց՝ 443 թվականին Վահան Ամատունին մատուռ է կառուցում: Այնուհետև 1875-79 թվականներին Գևորգ IV Կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում: Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, իսկ արևելյան կողմին կից 1884 թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է: Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է, ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով: 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից:
- «Դիդի կոնդ» .Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ., 0,25հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսից-հարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. VIIդ. հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։
Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. IIIդ. անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև IIդ.։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։ Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր):
- Հայոց այբուբենըՕշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։
- «Ս.Սիոն» .Օշականից հյուսիս-արևելք «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է եկեղեցին (VIIդ.)։
- «Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը».Օշականում կանգուն է վաղ միջնադարյան ինքնատիպ կոթող (VI-VIIդդ.), որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը:
- «Այլ»Օշականում և նրա շուրջը գտնվում են Թադևոս Առաքյալ, Ս.Գրիգոր, Ս.Սարգիս, վիմափոր Ս.Աստվածածին, Թուխ Մանուկ մատուռները (XIIIդ.)։
[խմբագրել] Աշխարհագրություն
Գյուղը տեղադրված է Քասաղ գետի հովտում: Գտնվում է ծովի մակարդակից 1020 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում, հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների:
[խմբագրել] Բնակչություն
1831 թ-ին գյուղն ունեցել է 611, 1897 թ-ին` 2244, 1939 թ-ին` 3373, 1959 թ-ին` 3934, 1979 թ-ին` 5044 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 5668 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 26%, աշխատունակները` 58%, հետաշխատունակները` 16%: Ունի 2 դպրոց` Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը(տնօրեն` Ն. Մկրտչյան) և Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական դպրոցը(տնօրեն` Ա. Սարգսյան), երաժշտական դպրոց, գրադարաններ, 2 մանկապարտեզ`«Գայանե»(տնօրեն`Ռ. Մելիքյան) և «Անահիտ»(տնօրեն`Ա. Ներսիսյան), կապի հանգույց, բուժկետ: Գյուղն ունի 2125 տնտեսություն:
[խմբագրել] Տնտեսություն
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու եւ խաղողի այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Գյուղացիական սեփականություններում վարելահողերը զբաղեցնում են 314հա, պտղատու եւ խաղողի այգիները` 123 հա մակերես: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 27%, դրանցից արոտավայրերը կազմում են 152հա, վարելահողեր` 69հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, զարգացած է կաթնամսատու ուղղությունը: Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կառուցվել է գինու գործարանը: Այստեղ արտադրվում է ՚Խերեսՙ տիպի գինիներ, նմանատիպ գինիների միակ արտադրողը: Արտադրանքը սպառվում է Հայաստանում եւ արտերկրում: Գյուղում կառուցված է մսամթերքի արտադրության ձեռնարկություն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը:
[խմբագրել] Տեղական ինքնակառավարում
Համայնքի ղեկավար` Արամ Ներսիսյան:
Ավագանու անդամների ցուցակ
- Արամ Արամայիսի Պետրոսյան
- Հենրիկ Ռազմիկի Մնացականյան
- Եղիշ Վահանի Մեսրոպյան
- Արմեն Զավենի Սիմոնյան
- Վարդան Սուրենի Ամիրբեկյան
- Աշոտ Ռաֆիկի Մելոյան
- Սամվել Ֆերդինանտի Հովսեփյան
[խմբագրել] Հայտնի օշականցիներ
- Հարություն Նիկոլի Ստեփանյան: Ծնվել է Օշական գյուղում 1912 թվականի հոկտեմբերի 15-ին: Տեղի յոթամյակն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օշականի գյուղատնտեսական տեխնիկումում: Երևանում ավարտել է Այգեգործական տեխնիկումը: Այնուհետև ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն հենց առաջին կուրսում համոզվել, որ դա չէ իր կոչումը: Գրականության հանդեպ սերը նրան տանում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ուր ուսանում է հայագետներ Հր. Աճառյանին,Գ. Ղափանցյանին,Ա. Տերտերյանին, Մ. Մկրյանին: Համալսարանն ավարտելով՝ Հարություն Ստեփանանյանը նշանակվում է Դավիթաշենի,այնուհետև Ներքին Չարբախի, ապա Նուբարաշենի դպրոցի տնօրեն: Մանկավարժը 1945-ին արդեն հայրենի Օշականի դպրոցի տնօրենն էր: Նա տարիներ շարունակ զբաղվել է գրական գործունեությամբ` հիմնականում բանաստեղծություններ գրելով: Նրա առաջին գիրքը կոչվում է «Օշականում սերը չի ծերանում..»:
- Արթուր Օշականցի, ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 5-ին Օշականում, Հայաստան: 1972 -1976 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական համալսարանի Արվեստի բաժինը: 2003 թվականին Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից ճանաչվել է արվեստի պատմության մեջ որպես Աբստրակտ Նատուրալիզմի հիմնադիր: 2007 թվականից հանդիսանում է Հայաստանի Նկարիչների միության անդամ: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ինչպես նաև ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ: Ցուցահանդսներ. 2003 թ. Ականատ պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2004թ. Երկիր պատկերասրահում, Նիկոսիա, Կիպրոս, 2004թ. անհատական ցուցահանդես Գրուվ պատկերասրահում, Իլինգ, Լոնդոն, 2005թ. անհատական ցուցահանդես Երևանում, Հայաստան, 2005թ. անհատական ցուցահանդես Outer Temple Chambers-ում, Լոնդոն, 2005թ. ստացել է առաջին մրցանակ Գրուվ պատկերասրահում կազմակերպված լավագույն ցուցահանդեսի համար, Լոնդոն, 2006թ. ARK Space-ում, Լոնդոն, 2006թ. անհատական ցուցահանդես Ակադեմիայի պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2007թ. անհատական ցուցահանդես Երևանի քաղաքապետարանում, Հայաստան, 2007թ. խմբակային ցուցահանդես` նվիրված Հայաստանի Նկարիչների միության 75 ամյակին, Երևան, Հայաստան, 2008թ. խմբակային ցուցահանդես նվիրված Արշիլ Գորկու հիշատակին Մինասի պատկերասրահում, Ջաջուռ, Հայաստան, 2008թ. Արվեստի և Գրականության պետական պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2009թ. Պատկերասրահ Մեկ-ում, Երևան, Հայաստան: Արթուր Օշականցու աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև անհատական հավաքածուներում:
- Սյուզի Մելիքյան,ծնվել է 1987 թ հուլիսի 14-ին, կարգախոսն է “Միշտ առաջ”,մասնագիտությամբ երգչուհի է:
- Հմայակ Ավետիսյան Օշականցի տաղանդավոր երաժիշտ
- Գագիկ Դարբինյան Օշականցի վաստակավոր մանկավարժ:
- Էդվարդ Մորիկյան (1927-2002), պտղաբույծ-ընտրասերումնաբան;Հայտնի է իր ակադեմիկական գյուտերով:
- Այդին Մորիկյանը այտնի լրագրող, հասարակական գործիչ:Էդվարդ Մորիկյանի որդին է:Նա եղել է «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիրը մինչեւ 1997թ: 1995-96թթ եղել է Տեղեկատվության նախարարի տեղակալ: Եղել է «Հայացք Երեւանից» ամսագրի խմբագիրը: Խմբագրել է նաեւ «Օրրան», «Ժամանակ Երեւան» թերթերը:
Կյանքի վերջին տարիներին Այդին Մորիկյանը ծանր հիվանդ էր: Նա լրատվական դաշտում այն եզակիներից էր, որ ստացել էր բարձր ակադեմիական կրթություն` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում: Այդին Մորիկյանը դաստիարակել է լրագրողների մի քանի սերունդ, հեղինակել է ուսումնական ձեռնարկներ, մասնակցել է նաեւ արցախյան շարժմանը, 1990-ից 1999 թվականներին եղել է ԳԽ եւ ԱԺ պատգամավոր:
- Հայկարամ Ստեփանյան,ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ:եղել է Ռազմական ոստիկանությունում պետի տեղակալ,հետո փոխնախարարի տեղակալ:
- Հովակ Գալոյան ավագ,հայտնի դերասան,Ժողովրդական արտիստ,հայտնի է «Ձորի Միրո», «Սայաթ Նովա» և այլ ֆիլմերից:
- Հովակ Գալոյան կրտսեր,հայտնի դերասան,հայտնի է «Դիմակահանդես» (Արման),«Դժվար ապրուստ»(Ֆրունզ Սևակիչ) և այլ սերիալներից:()
[խմբագրել] Քույր քաղաքներ
Ալֆորվիլլ (Alfortville) (2001 թվականից)
[խմբագրել] Արտաքին հղումներ
- ՖայնդԱրմենիա.am Օշական գյուղի նշանավոր վայրեր
- Օշական.am - Օշական գյուղին նվիրված կայք
- ՕշականNews.fo.ru - Օշական գյուղի անցուդարձը
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օշական (գյուղ) կատեգորիայում։ |