Սահակ Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Սահակ Ամատունի
Ծնվել էհունվարի 22, 1856(1856-01-22)
ԾննդավայրՕշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 19, 1917(1917-11-19) (61 տարեկան)
Վախճանի վայրՎաղարշապատ, Էջմիածնի գավառ[1]
Մասնագիտությունբառարանագիր և քահանա
Ուշագրավ աշխատանքներ«Հայոց բառ ու բան» (1912)
Սահակ Ամատունի Վիքիդարանում

Սահակ վարդապետ Ամատունի (Սահակ Գևորգի Ամատունի, հունվարի 22, 1856(1856-01-22), Օշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19, 1917(1917-11-19), Վաղարշապատ, Էջմիածնի գավառ[1]), հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր։ Էջմիածնի միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Ամատունին ծնվել է 1856 թվականին Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ Ծննդավայրում սկզբնական կրթությունը ստանալուց հետո ուսումը շարունակել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։ 1870 թվականի սեպտեմբերի 6-ին Մեսրոպ Սմբատյանցը նրան ձեռնադրել է կիսասարկավագ, իսկ 1876 թվականին՝ սարկավագ։ Ամատունին ժառանգավորաց դպրոցում աչքի է ընկնում իր երաժշտական արտակարգ ընդունակություններով, որի համար վանքում նրան ձայնագրագետ սարկավագ են ասում։

1873 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Կ.Պոլսից Մայր Աթոռ է հրավիրում հայկական ձայնագրության գիտակ, երաժշտագետ Նիկողոս Թաշչյանին՝ նպատակ ունենալով նրա օգնությամբ ձայնագրել ու տպագրել ս. պատարագը, շարականները և ժամագիրքը։ Նիկողոս Թաշչյանը ուղիղ մեկ տարի աշխատում է Էջմիածնում և գրի առնում շարականները, պատարագի երգեցողությունն ու հոգևոր այլ մեղեդիներ և միաժամանակ Էջմիածնի ժառանգավորաց դպրոցի 25 ընդունակ աշակերտների հետ պարապում է, նրանց սովորեցնելով հայկական ձայնագրությունը։ Այդ 25 աշակերտների մեջ առանձնապես աչքի են ընկնում Մակար Եկմալյանն ու Սահակ Ամատունին։

Սահակ Ամատունին Նիկողայոս Թաշչյանի երաշխավորությամբ նորաբաց Գևորգյան ճեմարանում նշանակվում է հայկական ձայնագրության ուսուցիչ։ Նիկողայոս Թաշչյանն իր 1874 թվականի սեպտեմբերի թվակիր վկայականում գրում է.

«Դասատուութեամբ մերով ի միջոցի միոյ ամի, այն է 1873-էն ի 1874 ամն, ուսաւ կատարելապէս զհայական ձայնագրութիւն աշակերտ ուսումնարանի սրբոյ Էջմիածնի Սահակ Ամատունի օշականցի, որ և գիտէ և ունի կարողութիւն համարձակ ուսուցանելոյ զնոյն հայկական ձայնագրութիւնն ու նովաւ զբովանդակ զերգս և զեղանակս շարականաց և զայլ երգեցողությիւնս հայկական երաժշտութեան, որում վկայեմ իմով իսկական ստորագրութեամբ»[2][3]։

Նիկողայոս Թաշչյանի Կ.Պոլիս վերադառնալուց հետո Էջմիածնում Սահակ սարկավագ Ամատունին զբաղվում է շարականների ուսումնասիրությամբ և աշխատում հայ եկեղեցական երգերի էջմիածնական եղանակների գրառման ուղղությամբ։

1883 թվականին «Արարատ» ամսագրում (304-312) տպագրված իր հոդվածում Ամատունին հիշատակում է Երնջակի երաժիշտ-եպիսկոպոս Գրիգոր Հովբյանից հին անաղարտ եղանակները ձայնագրելու իր մտադրությունը[4]։ Այդ առիթով հայ հին երաժշտության մասնագետ Նիկողոս Թահմիզյանը իր հոդվածներից մեկում գրում է.

«...Կարծում ենք, որ արժե մասնավոր որոշումներ նախաձեռնել պարզելու համար, թե Ամատունին երբևէ իրագործե՞լ է հիշյալ երգերի ձայնագրությունները»[5]։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող Սահակ վարդապետ Ամատունու արխիվում այդ հարցի վերաբերյալ կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ իրոք, Սահակ Ամատունին կատարել է այդ ձայնագրությունը։ Էջմիածնի սինոդը 1884 թվականի հունվարի 18-ին թիվ 39 որոշմամբ Սահակ սարկավագ Ամատունուն ուղարկում է Երնջակ.

«Կառավարչական մասն սինոդի ըստ հրամանի Տեարց Անդամոց առաջադրէ Ձեզ գնալ ի վանս Երնջակու առ վանահայր Գրիգոր արքեպիսկոպոս Յովբեանց և ըստ երգելոյն զոր նորին գերապատուութիւն երգեսցէ ճշտիւ ձայնագրել զշարականս և այլ եկեղեցական երգեցողութիւնս ըստ հին եղանակի Աթոռոյս, որպէսզի ըստ այնմ տպագրութեամբ ի լոյս ածցի և հրատարակեսցի վասն միաձև երգեցողութեան յամենայն եկեղեցիս Հայոց...»[6]:

1887 թվականի հունիսի 14-ին Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի կարգադրությամբ սուրբ Գայանե վանքում Թադեոս արքեպիսկոպոսի ձեռքով Սահակ Ամատունին ձեռնադրվում է կուսակրոն քահանա[7]։

Սահակ Ամատունին սուրբ Գայանե վանքում վարել է մի շարք պաշտոններ։ 1883 թվականի մարտի 28-ին նշանակվել է տպարանական խորհրդի անդամ, 1888 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի մատենադարանապետի օգնական, իսկ 1891 թվականի նոյեմբերի 30-ին սինոդի որոշումով՝ մատենադարանապետ[8]։

«Արարատ» ամսագրում տպագրել է բանաստեղծություններ, հոդվածներ, թարգմանություններ։ Լույս է տեսել Ամատունու կազմած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) ժողովածուն, «Հայոց բառ ու բան» (1912) բառարանը, որը պարունակում է Արարատյան և այլ բարբառների 14 հազար բառ ու դարձվածք[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 1.
  2. «Ս. Ամատունու արխիվ», Մատենադարան, թղթ. 39, վավ. 55
  3. «Սահակ Վարդապետ Ամատունի. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԻԵ (Դ). pp. 31-35., Բեհբուդյան, Սանդրո, 1970» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «Պ. Նիկողայոս Թաշճեանի յօդուածի առթիւ», Սահակ սարկաւագ, 1883, Արարատ, ԺԶ (Է). pp. 304-312.
  5. «Էջմիածին», 1969թ. Համար 5, էջ 46։
  6. «Ս. Ամատունու արխիվ», Մատենադարան, թղթ. 39, վավ. 59
  7. «Ս. Ամատունու արխիվ», Մատենադարան, թղթ. 39, վավ. 54
  8. «Ս. Ամատունու արխիվ», Մատենադարան, թղթ. 39, վավ. 57
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 82.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվացված 2018-04-17  Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Ամատունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 276