Արշակունիներ (մազքթաց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվանից Մարզպանությունը 387-706 թթ.

Մազքթաց Արշակունիները Պարթև Արշակունիներից սերած թագավորական հարստություն էին մ.թ. I դ. 2-րդ կեսից մինչև 428-ը։ Մեծ Հայքի Արշակունիների հարստությունը հիմնելու հետ միաժամանակ պարթևներին հաջողվել է իրենցից սերած Վաչագան Քաջի, ապա և նրա հաջորդների ժառանգական արտոնությունը դարձնել Մազքթաց թագավորությունը, որի տիրապետությունը տարածված էր Կասպից ծովի արևմտյան ափերի վրա՝ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կուր գետի ձախ ափը։ Արշակունիներն իրենց են ենթարկել բուն Աղվանքի տարածքում (Կասպից ծովից մինչև Ալազան գետի հովիտը և Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կուրի հոսանքը) բնակվող ցեղախմբերին, հիմնել Աղվանից պետությունը։ Այս թագավորության ժառանգորդներն իբրև հայ Արշակունիների տոհմակիցներ նրանց հետ ունեցել են քաղաքական և մշակութային սերտ հարաբերություններ։ Երկու թագավորությունների միջև երբեմն տեղի ունեցած բախումների հրահրողը եղել են Սասանյան թագավորները։ Աղբյուրները հանգամանորեն հիշում են Մազքթաց Արշակունիների թագավորներ Վաչագան Քաջին, Սանեսանին կամ Սանատրուկին, Ուռնայրին և Արսվաղեսին։ Սասանյան Պարսկաստանը 428-ին վերացրեց Մազքթաց Արշակունիների հարստությունը հայ Արշակունիների թագավորության հետ միասին։ Այնուհետև ամբողջ բուն Աղվանքը, իր ցեղային տարասեռ միավորումներով, Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների հետ միասին կազմել է Աղվանից մարզպանությունը։

Աղբյուրներ, նշումներ և հղումներ[խմբագրել]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.2, էջ 108

Գրականություն[խմբագրել]

  • Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Երևան, 1968