Արագածոտնի մարզ
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Արագածոտն
| Քարտեզ | |
դիրքը Հայաստանում |
|
| Կառավարություն | |
| Մարզկենտրոն | Աշտարակ |
|---|---|
| Մարզպետ | Սարգիս Սահակյան |
| Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995[1] |
| Տարածաշրջանները | Աշտարակի շրջան Ապարանի շրջան Արագածի շրջան Թալինի շրջան[1] |
| Քաղաքային համայնքների թիվ | 3[1] |
| Գյուղական համայնքների թիվ | 112[1] |
| Գյուղական բնակավայրերի թիվ | 118[1] |
| ՎիՃակագրություն | |
| Տարածք - Ընդհանուր |
2,753[1] կմ² |
| Բնակչություն - (01.01.2002) - խտություն |
168,100[1] 61.1/կմ² |
| Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
0201-0514 AM.AG AM01 |
| Կայք: aragatsotn.gov.am | |
Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է: Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է: Տարածքը` 2753 կմ2, բնակչությունը` 141 հազար մարդ: ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին:
Բովանդակություն |
Անվանումը [խմբագրել]
Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից:
Աշխարհագրական դիրքը [խմբագրել]
Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը` մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:
Բնական պայմանները և հարստությունները [խմբագրել]
Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիս-արևմտյան մասը (950 մ-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները): Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը: Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները:
Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից: Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները: Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին: Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է: Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները: Եթե տարվա ամենատաք ամսվա` հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից: Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի: Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը` 400 մմ-ից մինչև 1000մմ: Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը` ծածկված տափաստանային բուսականությամբ: Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ: Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են: Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են` բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ: Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով: Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները: Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը: Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ` կանգուն կամ ավերակ վիճակում: Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը: Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:
Տրանսպորտ [խմբագրել]
Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ` Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի: Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում: Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում:
Բնակչությունը և բնակավայրերը [խմբագրել]
Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում: Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել:
Քաղաքներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.)։ Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն։ ISBN 9994100009։
Աշխարհագրություն: Հայաստան: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք /Լ. Վալեսյան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան.-Եր.: Տիգրան Մեծ, 2009. - 240 էջ
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք | Երևան | |
| Մարզեր | Արագածոտն • Արարատ • Արմավիր • Գեղարքունիք 1 • Լոռի • Կոտայք • Շիրակ • Սյունիք • Վայոց Ձոր • Տավուշ | |
| 1 մարզի Արծվաշեն անկլավի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ։ | ||