Արմավիրի մարզ
Տես նաև Արմավիր (այլ կիրառումներ)
| Քարտեզ | |
դիրքը Հայաստանում |
|
| Կառավարություն | |
| Մարզկենտրոն | Արմավիր |
|---|---|
| Մարզպետ | Աշոտ Ղահրամանյան |
| Մարզի կազմավորման թիվը՝ | ապրիլի 12, 1995[1] |
| Տարածաշրջանները | Արմավիրի շրջան Բաղրամյանի շրջան Էջմիածնի շրջան[1] |
| Քաղաքային համայնքների թիվ | 3[1] |
| Գյուղական համայնքների թիվ | 94[1] |
| Գյուղական բնակավայրերի թիվ | 95[1] |
| ՎիՃակագրություն | |
| Տարածք - Ընդհանուր |
1,242[1] կմ² |
| Բնակչություն - (01.01.2002) - խտություն |
323,300[1] 260.3/կմ² |
| Հապավումներ - Փոստային ինդեքս - ISO 3166-2 - FIPS 10-4 |
0901-1149 AM.AV AM03 |
| Կայք: armavir.gov.am | |
Արմավիրը Հայաստանի մարզերից մեկն է։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։
Արմավիրի մարզը, որպես առանձին վարչատարածքային միավոր, ձևավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի նախկին շրջանների բազայի վրա: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի տարածքը -1242 քառ կմ, կամ ՀՀ տարածքի 4.2%: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը - 96976 հա այդ թվում` վարելահողեր - 38786 հա Մարզկենտրոնը - Արմավիր քաղաք Քաղաքային համայնքներ - 3 Գյուղական համայնքներ - 94 Բնակչության թվաքանակը - 284.5 հազ մարդ
այդ թվում` քաղաքային - 101.7 հազ մարդ (35.8 %) գյուղական - 182.8 հազ մարդ (64.2 %):
Մարզը բնակչությամբ միատարր, հիմնականում բնակեցված է հայերով: Ազգային փոքրամասնություններից մարզում բնակվում են ասորիներ, քրդեր և քիչ քանակությամբ ռուսներ: Արմավիրի մարզը գտնվում է հանրապետության արևմտյան հատվածում: Մարզը հյուսիսից սահմանակից է Արագածոտնի մարզին, արևելքից` մայրաքաղաքին, հարավ-արևելքից ՀՀ Արարատի մարզին, արևմուտքից` պետական սահմանով սահմանակից է Թուրքիային:
Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը /Մարգարա գյուղի մոտ/, որը հանրապետությունը միացնում է Թուրքիային: Սահմանի երկարությունը 130.5 կմ է Թուրքիայի հետ, որն ընդգրկում է 8 համայնք` 34.3 հազար բնակչությամբ կամ մարզի բնակչության 12.1 %-ը:
Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում Մեծամորն է /Սևջուրը]]/, որը սկսվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասախն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասախի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում: Արմավիրի մարզի կլիման արևոտ է, չոր ցամաքային, անհողմ, տևական է աշունը: Ձմռանը համեմատաբար ցուրտ է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը 10 °C-ից 20 °C ցուրտ, իսկ ամռանը շոգ է լինում, հուլիս ամսին օդի միջին ջերմաստիճանը 28 °C-ից 33 °C է, առավելագույնը 41 °C :
Մարզի ընդհանուր տարածքը 1242 քառ.կմ է, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքի 4.2%-ը, մշտական բնակչության թվաքանակը կազմում է 284.5 հազ. մարդ կամ Հայաստանի Հանրապետության բնակչության 8.7%-ը: Գյուղական բնակչությունը` 182.8 հազար մարդ կամ մարզի բնակչության 64.2%, քաղաքայինը` 101.7 հազար մարդ կամ 35.8%: Բնակչության խտությունը` 251 մարդ` 1 քկմ-ի վրա:
ՀՀ Արմավիրի մարզի տարածաշրջանի ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 595,3 կմ, որից` միջպետական նշանակության ճանապարհները - 109.0 կմ, հանրապետական նշանակության ճանապարհները - 96.1 կմ, մարզային նշանակության ճանապարհները - 279.9 կմ, համայնքային նշանակության ճանապարհները - 110.3 կմ:
Արմավիրի մարզում գործում են 121 հանրակրթական դպրոցներ, այդ թվում` 2 հատուկ դպրոց, 2 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ` Արմավիրի "Արարատ" և Էջմիածնի «Գր. Լուսավորիչ» համալսարանները: Մարզում առկա է 98 գրադարան, որից գործում է 21-ը: Մարզի տարածքում գործում է 9 թանգարան և 1 պատկերասրահ: Մարզում առկա են համայնքային ենթակայության 99 մշակույթի տուն, որից լիարժեք գործում են 11-ը, գործում են շուրջ 22 արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ և մանկապատանեկան մշակութային-հոգևոր 2 կենտրոններ: Մարզում գործում են 58 առողջապահական հիմնարկներ, որոնցից 8-ը մարզպետարանի ենթակայության, համայնքային ենթակայության թվով 50 բուժ. ամբուլատորիաներ ընդգրկում են 43 բուժակ-մանկաբարձական կետեր:
Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` Սուրբ Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղր լիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության /բրոնզեդարյա/ մետաղաձուլարանը: Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները, դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվող հայոց հին մայրաքաղաք Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն: Քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում, նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:
Արմավիրի մարզում անտառածածկ տարածքները կազմել են 1840 հեկտար և շուրջ 1000 հեկտար դաշտապաշտպան անտառաշերտեր: 1991-1994 թթ ընթացքում դաշտապաշտպան անտառաշերտերը լրիվ հատվել են, իսկ անտառածածկ տարածքներից քիչ քանակությամբ մնացել են Արմավիր քաղաքի շրջակայքում և Սարդարապատի հուշահամալիրին կից տարածքներում: Մարզում անտառներ հիմնվել են խորհրդային տարիներին, բնական անտառածածկ տարածքներ մարզում չեն եղել: Մարզում անտառվերականգման աշխատանքները վերսկսվեցին 1998 թ: Սարդարապատի և Արմավիրի անտառտնտեսությունների տարածքներում հիմնվեցին ավելի քան 60 հա, հիմնականում արագաճ բարդիներ: Անտառվերականգման աշխատանքները մարզի տարածքում հնարավոր է միայն ոռոգման պայմաններում: Մարզում լուրջ բնապահպանական հիմնախնդիր է հանդիսանում հողերի էռոզիոն պրոցեսների արագացումը: Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը աճում և բազմանում են Արմավիրի մարզի տարածքում: Բուսական եւ կենդանական աշխարհի հիշյալ ներկայացուցիչների պահպանության հարցերը լուծված չեն: Մարզկենտրոնում գործում է հանրապետությունում եզակի կենդանաբուսաբանական այգին, որտեղ պահպանվող և բազմացվող բույսերի և կենդանիների տեսականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այգին գործում է անհատ բնասեր Թադևոսյանների ընտանիքի ջանքերով և միջոցներով: Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ «Որդան Կարմիր» արգելավայրը: Պահպանության օբյեկտն է Հալոֆիտ անապատը, որի վրա ապրում է հայկական որդան Կարմիրը: Որդան Կարմիրը էնդեմիկ միջատ է, որը 3 հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար: Արգելավայրը գտնվում է շատ աղետալի վիճակում: Մարզի ռելիեֆը տափարակ, գետալճային, չոր նստվածքներից կազմված, տեղ-տեղ ալիքավոր մակերևույթով տարածք է: Մարզի կլիման չոր ցամաքային է, ցուրտ սակավաձյուն, պարզկա ձմեռներով ու շոգ չորային` ամառներով:
Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մարզի վարչական տարածքի 78.1%-ը: Մարզում տարիներ շարունակ զարգանում է պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բոստանաբուծությունը: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության /բազմամյա տնկարկներ, բանջարեղեն/, այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Այս բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը: Մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է 55325 գյուղացիական տնտեսությունների միջոցով: Մարզում կա գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի 5 շուկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով: Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդամթերքի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում: Նախկինում մարզն ունեցել է նաև հզոր արդյունաբերություն, այնպիսի արդյունաբերական գիգանտներ, ինչպիսիքն են եղել պահածոների մի քանի գործարաններ, կահույքի ֆաբրիկաներ, մի շարք ռազմական ուղղվածության գործարաններ։ Այսօր մարզում կան գյուղատնտեսությամբ զբաղվող մանր ու միջին տնտեսություններ, գյուղմթերքներ վերամշակող Արմավիրի «ՄԱՊ», «Սարդարապատ», Էջմիածնի պահածոների գործարաններ։ Մարզի տարածքում գտնվում են «Արմավիր», «Վարդան» և «Թալին» փոքր հիդրոէլեկտրակայանները: Մարզի տարածքում գործում են կարևորագույն նշանակության թվով 150 կազմակերպություններ:
Վերջին տարիներին մարզում զարգանում են ձկնային տնտեսությունները։ Մարզում արտադրված ձուկը մեծ պահանջարկ ունի հանրապետությունում։
Մարզում թափ է առել շինարարությունը, ամենուր կառուցվում և վերակառուցվում են դպրոցներ, առողջապահական հիմնարկներ և արտադրական փոքր ու միջին ձեռնարկություններ։ Մարզում են տեղակայված հանրապետական նշանակության երկու կարևորագույն կառույցներ՝ ՀԱԷԿ-ը և «Զվարթնոց» օդանավակայանը։ Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի, որը գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու` Մեծամոր քաղաքում, որն էլ կառուցվել է ատոմային կայանին սպասարկելու համար: Տուրիստական ցանցը մարզում այնքան էլ զարգացած չէ, բայց հատկապես այս ոլորտում մեծ հնարավորություններ կան ներքին տուրիզմը զարգացնելու նպատակով` կապված Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց հնագույն մայրաքաղաքների և այլ պատմամշակութային օբյեկտների մարզում գտնվելու հետ: Մարզն ունի 3 քաղաքային /Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր/ և 94 գյուղական համայնք: Արմավիր քաղաքը (33.6 հազ. բնակիչ) մարզկենտրոնն է, նախկինում` Հոկտեմբերյան: Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի ամբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքը գտնվում է Երևանից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այն հիմնադրվել է 1931 թ հունիսի 26-ին: Այն գտնվում է Երևան մայրաքաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գտնվել է արգավանդ և բարեբեր Արարատյան դաշտում, միջազգային քարավանային առևտրական ուղիների խաչմերուկում: Ժամանակի ընթացքում քաղաքը դառնում է Ուրարտական պետության վարչատնտեսական կարևոր բերդաքաղաքներից մեկը` մրցակցելով Վան մայրաքաղաքի հետ: Քաղաքում գործում է 10 հանրակրթական դպրոց, 4 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ, շախմատի դպրոց, 12 մսուր մանկապարտեզ, մարզադպրոցներ, «Հոբելյանական» մարզադաշտ, բժշկական կենտրոն, 1 համալսարան, 2 մասնավոր հեռուստաընկերություն, տպարան, կապի հանգույց և լայն հեռախոսակապի ցանց, միջազգային կապի կետեր, կենցաղային այլ կոմունիկացիաներ։ Երևան քաղաքի հետ հաղորդակցվում է ավտոճանապարհով և դարասկզբին կառուցված երկաթուղով։ Արմավիր քաղաքում գործում է մասնավոր բուսակենդանաբանական այգի, ուր պահպանվում են վայրի կենդանիների 80 և բույսերի 40 տեսակներ, որոնց 50%ը գրանցված է հանրապետության Կարմիր գրքում։ Վերջին տարիներին լայն թափով վերելք է ապրում առևտուրը, բնակարանաշինությունը, փոքր ու միջին բիզնեսը։ Քաղաքի առաջին հատակագծի վրա աշխատել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ։
Վաղարշապատ- Էջմիածին քաղաքը (57.36 հազար բնակիչ) գտնվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա: Մարզում համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ և առանձնանում է Վաղարշապատ քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համակայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և Սփյուռքի համար:
Քաղաքում գործող արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը` ցեմենտի, կրի և ազբոցեմենտային իրերի արտադրությունը: Քաղաքում գործում է համալսարան, 14 միջնակարգ դպրոց, 20 մսուր մանկապարտեզ, երաժշտական ու արվեստի դպրոցներ, կինոթատրոն, 2 մշակույթի տուն։ Վաղարշապատ քաղաքում գործում է ազգագրական թանգարանը, Հովհանես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, Մանուկ Աբեղյանի անվան թանգարանը, նկարիչ-քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի անվան պատկերասրահը։ Քաղաքում գործում է երկրագործության գիտահետազոտական ինստիտուտը։ Այստեղ է կառուցվել առաջին թղթի գործարանը, բացվել առաջին դպրոցը։ Քաղաքի կենտրոնի կառուցապատումը ձևավորվել է Կոմիտասի անվան հրապարակով՝ քաղաքապետարանի վարչական շենքի և վանքի համալիրի անսամբլային մասնակցությամբ։ Վաղարշապատ քաղաքն իր ներկայիս վիճակով հանրապետության գեղեցիկ և ինքնատիպ ճարտարապետական կերպար ունեցող քաղաքներից մեկն է։ Այն շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարձել է հանրապետության այցելուների և տուրիզմի ամենահետաքրքիր վայրերից մեկը։ Մայր Աթոռ համալիրը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ու քաղաքի ճարտարապետական մյուս կառույցները առանձին շուք են հաղորդում քաղաքին։
Մեծամոր քաղաքը (10.3 հազար բնակիչ) գտնվում է Երևանից 38 կմ հեռավորությամբ։ Մեծամոր քաղաքի տարածքը բնակեցված է եղել մթա V հազարամյակից մինչև մթ VIII դարը: 1965 թ. սկսվել են Մեծամոր ամրոցի դամբանադաշտի պեղումները։ Արքունի քաղաքը նշանավոր էր իր աստղադիտարանով, 7 սրբարաններից կազմված տաճարական համալիրով: Ներկայիս Մեծամորը նշանավոր է ՀՀ ա տոմակայանով, որը զբաղեցնում է 300 հեկտար տարածք, իր մեծությամբ և հզորությամբ միակը Հարավային Կովկասում: 1969 թվականից բանվորական ավանը աճել է և դարձել 10.3 հազար բնակչություն ունեցող քաղաք /1995 թ/՝ իր համալսարանով, դպրոցներով, առողջապահական հաստատություններով, մշակութային ու սպորտային հաստատություններով։ Քաղաքն ունի նաև իր եկեղեցին` շրջապատված հրաշալի զբոսայգով։
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Աղբյուրներ
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք | Երևան | |
| Մարզեր | Արագածոտն | Արարատ | Արմավիր | Վայոց Ձոր | Գեղարքունիք1 | Կոտայք | Լոռի | Սյունիք | Տավուշ | Շիրակ | |
| 1մարզի Արծվաշեն անկլավի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ | ||