Փավստոս Բյուզանդ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փավստոս Բյուզանդ, Բուզանդ, գրաբար՝ Փաւստոս կամ Փօստոս Բիւզանդացի (ծննդյան և մահվան թթ. անհայտ), հայ պատմագիր (IV կամ V դ.)։ Որոշ ուսումնասիրողներ Փավստոս Բուզանդին նույնացնելով հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է IV դ. վերջին, հունարեն, իսկ V դ. այն թարգմանվել է հայերեն։ Այլ հայագետներ Փավստոս Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն, V դ. երկրորդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավստոսին։ Ղազար Փարպեցին Փավստոս Բուզանդին դիտելով որպես հայոց պատմության երկրորդ գրքի (317-387թթ. ժամանակաշրջանի պատմության) հեղինակի, նրա երկում հանդիպող թերությունները վերագրում է հետագա թերուս մարդկանց (հայոց պատմության առաջին գրքի (290-330թթ. ժամանակաշրջանի պատմության) հեղինակն է Ագաթանգեղոսը)։ Մինչև XIX դ. վերջին քառորդը Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» համարվել է նվազ վստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանսիացի հայագետ Սեն–Մարտենը Փավստոս Բուզանդի երկը գնահատել է որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է բյուզանդացի կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։
Փավստոս Բուզանդի երկը ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Գ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Արևելահռոմեական Կայսրության (Բյուզանդիայի) և Պարսկաստանի միջև։ Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից, որոնք բաժանվում են առանձին վերնագրված գլուխների։ Փավստոս Բուզանդը իր երկը շարադրելիս, օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական–վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Այն ներթափանցած է քրիստոնեական գաղափարախոսությամբ՝ երկի մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի IV դ. քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական–քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, նրանց փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, հավատալիքների պարսկա–բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին։ Չնայած պատմական դեպքերի և դեմքերի որոշակի վիպականացմանը, ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճշտություններին, կրոնական և քաղաքական գործիչների գեղարվեստական կերպավորմանը, Հայոց թագավորների` հատկապես Տիրանի (338-350թթ.), նրա որդու` Արշակ Բ-ի (350-368թթ.) և թոռան` Պապի (369-374թթ.), ինչպես նաև Պապի սյունեցի մոր` Փառանձեմ թագուհու (Անդոկ Սյունի մեծ իշխանի դստեր) բացասական գույներով ներկայացմանը, ճոխ և պատկերավոր լեզվով շարադրված «Պատմություն Հայոցը» հայկական մատենագրության արժեքավոր երկերից է:
[խմբագրել] Քննական հրատարակության հարցը
Հայ բանասերներին զբաղեցրել է Բյուզանդի «Հայոց պատմության» քննական բնագրի հրատարակության հարցը: Այդ ուղղությամբ 1900-ական թթ աշխատել են Գ. Տեր-Մկրտչյանը, հետագայում` Հ. Աճառյանը և Կ. Մելիք-Օհանջանյանը` համեմատելով Պատմության Մատենադարանում պահպանված ձեռագրերը:
[խմբագրել] Տեքստի թարգմանությունները
- Ստեփան Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը:
- Ն. Էմինի ֆրանսերեն թարգմանությունը. Faustus de Byzance. Bibliotheque historique en quatre livres, traduite pour la premiere fois de l'armenien en francais, par Jean-Baptiste Emine, di-recteur du Gymnase imperial de Wladimir sur la Klazma, в сборнике: „Collection des historiens anciens et modernes de l'Armenie, publiee en francais.” par Victor Langlois", tome 1 (Paris, Librairie de Firmin Dido Freres, Fils et Cie, 1867), p. 201 — 310.
- Մ. Լաուերի գերմաներեն թարգմանությունը. Des Faustus von Byzanz Geschichte Armeniens. Aus dem Armenisch uеbersetzt und mit einer Abhandlung uber die Geographie Armeniens eingeleitet von Dr. M. Lauer. Koln, Verlag der M. Dumont — Schauberg'schen Buchhandlung, 1879.
[խմբագրել] Արտաքին հղումներ
- «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանություն (ИСТОРИЯ АРМЕНИИ:ПОВЕСТИ БУЗАНДА)
- Եղիազար Մուրադեան, Քննական պատմութիւն Արշակ Բ-ի և իր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, 1900թ.
|
|||||||