Նիկողայոս Ադոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Ադոնց 
Նիկողայոս Ադոնց
ԱԱՀ՝ Ադոնց Նիկողայոս Գևորգի
Ծննդյան օր՝ Հունվարի 10, 1871
Ծննդավայր՝ Սյունիքի մարզի Բռնակոթ
Վախճանի օր՝ Հունվարի 27, 1942
Վախճանի վայր՝ Բրյուսել

Նիկողայոս Գևորգի Ադոնց (Տեր-Ավետիքյան) (Հունվարի 10, 1871- Հունվարի 27, 1942), հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր։

Կենսագրություն[խմբագրել]

Նիկողայոս Ադոնցը ծնվել է 1871 թ Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան)։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ 1892-94 թթ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1899 թ ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է Նիկողայոս Մառին։

Գիտական գործունեությունը[խմբագրել]

Հեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։

1899-1901 թթ Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թ, ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին։ 1917 թ ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թ մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Ադոնցը մահացել է 1942 թ հունվարի 27-ին, Բրյուսելում։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին[1]։

Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր։

Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927 թ) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլի 1-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948 թ)։ Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն։

«Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թ) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392-ի միջև։ Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972)։ Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները։ Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904 թթ Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը։

Աշխատություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]