Դրաստամատ Կանայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԴՐՈ
Դրաստամատ Կանայան
Db Tro1.jpg
Զորավար, քաղաքական և ռազմական գործիչ
Ծննդյան օր՝ մայիսի 31, 1884
Ծննդավայր՝ Իգդիր, (Սուրմալու գավառ)
Վախճանի օր՝ մարտի 8, 1956
Վախճանի վայրը՝ Բոստոն, (ԱՄՆ)


Դրաստամատ Մարտիրոսի Կանայան (Դրո) (1884թ. Մայիսի 31, Իգդիր - 1956թ. Մարտի 8, Բոստոն), Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թ.), Առաջին Հանրապետության հիմնադիրներից; Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար:

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1884թ.՝ այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայան, բնութագրվել է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ: Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ: Դրոն մեծանում է այս մթնոլորտում: Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան: Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի (Սուրմալու) ծխական դպրոց: Սակայն Դրոն չի ցուցաբերում հետաքրքրություն գրքերի և սովորելու նկատմամբ: Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից: Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան` գիմնազիա-դպրոց: Ոգեշնչված հայ ֆիդայինների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով` Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ: Երիտասարդ տարիքից անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը:

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք[խմբագրել]

1903 թ հունիսի 12-ին ցարական իշխանությունը ընդունեց օրենք, որով բռնագրավում էր հայոց եկեղեցու ամբողջ գույքը: Սա առաջացրեց հայերի զայրույթը: Ժողովուրդը հասկանում էր, որ այս օրենքը սպառանլիքի տակ էր դնում հայ ազգի գոյությունը, որովհետև հայապահպանության մեջ մեծ դեր է ունեցել եկեղեցին և հայոց ամբողջ պատմության ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, եկեղեցին է իր վրա վերցրել հայոց լեզվի, հայ մշակույթի պահպանման խնդիրներըը: Արդյունքում Դաշնակցությանը որոշեց ստեղծել զինված խմբեր, որոնք հանդես էին գալիս որպես եկեղեցական գույքի պահապաններ և իրականացնում էին զանգվածային ցույցեր: Դրոն, որ իր խառնվածքով ըմբոստ տղա էր, ամբողջությամբ նետվում է կռվի մեջ:

Հաջորդ տարիներին զբաղվել է զենք փոխադրելով Սուրմալույով դեպի Արևմտահայաստան: Դավաճանների և լրտեսների գոյությունը, սակայն, ահազանգի է մատնում գործը: Թեջերապատի (Սուրմալուի գյուղերից մեկը) գյուղապետ Մարտիրոսը, մատնություններ է անում: Այս մասին տեղեկանում է Դրոն ու սպանում մատնիչին: Երբ մահացու վիրավորված Մարտիրոսը ցուցմունք տվեց, որ իրեն սպանողը Դրոն է, իշխանությունները կալանեցին նրան, սակայն ռուս սպաների ցուցմունքով ու միջամտությամբ Դրոն ազատ արձակվեց: 

Հայ -թաթարական կռիվներ[խմբագրել]

1905 թ Բաքվում սկիզբ են առնում հայ բնակչության կոտորածներ, որոնք հրահրվում էին ցարական իշխանությունների կողմից: Դրոն, գաղտնի թողնում է զորանոցն ու դաշնակցական հայդուկների հետ միասին, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ, շտապում օգնության ձեռք մեկնել հայությանը: 1905 թ-ին կուսակցության նախաձեռնությամբ սպանել է Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեին, հայ բնակչության կոտորածնրի գլխավոր կազմակերպչին: Դրոի գործողություններից նշանավոր է նաև ազերի գեներալ Ալեխանդրո Արվանսկու սպանությունը: Այդ ժամանակ Դրոն ընդամենը 21 տարեկան երիտասարդ էր, սակայն Նիկոլ Դուման Դրոյին է վստահում հայության պաշտպանության պատասխանատու գործը: Բաքվից հետո Դրոն շտապում է Երևան: Այստեղ քաղաքի թուրքերը սպանել էին 20-25 հայեր: Շրջանի մարտական ղեկավար Խեչոյի հետ խորհրդակցելով նա ծրագում է ուժեղ հակահարված տալ թշնամուն: Նույն թվականի օգոստոսին Դումանը Դրոյին ուղարկում է Նախիջևան: Նորս գյուղը ընտրելով իբրև կենտրոն նա սկսում է Նախիջևանի գյուղերի ինքնապաշտպանության գործը: Դրոն այնուհետև Քեռու ընդհանուր հրամանատարությամբ վարում է լեռնային Նախիջևանի և Զանգեզուրի ինքնապաշտպանության շատ մարտեր և ի վերջո թշնամուն ստիպում պարտված հաշտություն կնքել: Այս ինքնապաշտպանական մարտերում Դրոն փաստում է իր հմուտ կազմակերպիչ, տաղանդավոր խմբապետ և ռազմագետ լինելը:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել]

1914 թ-ին Առաջին աշխարհամարտի առաջին օրերին Դրոն տեղափոխվում է Թիֆլիս, ուր Հայ Յեղափոխական Դաշնակցության ժողովի որոշմամաբ հայ կամավորական խմբերը ուղարկվում էն ռազմաճակատ: Հայկական գնդերը առաջապահ դիրքերի վրա էին: Դրոն 2-րդ գնդի հրամանատարն էր, (ուղղությունը Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան): Կռվի թեժ պահին, երբ Դրոն հրամաններ էր տալիս իր մարտիկներին, հանկարծ ժայռերի ետևից դարանակալ թշնամու գնդակը հարվածում է Դրոի կրծքին: Մահացու վերքի պատճառով նա տեղափոխվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոցը, Դրոի սխրագործությունների մասին տեղեկանալով նրան է այցելում Նիկոլայ ցարը պարգևատրում շքանշանով ու հարցնում Դրոյին, թե որտե՞ղ է սովորել զինվորական արուեստը. «Յեղափոխության մեջ», համարձակորեն պատասխանում է Դրոն: (Այդ ընթացքում Դրոի գունդը Արմեն Գարոի ղեկավարությանբ տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ, մինչև Դրոն վերականգնվում է):

1915 թ-ին, կամավորական զորագնդի գլուխ անցած՝ Դրոն մտնում է Վան: Նրա կողմից իրականացված բոլոր մարտերը ունենում են փայլուն ելքեր:

Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով: 1918 թ մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակայի կորպուսի ռազմական կոմիսար:

Բաշ-Ապարանի ճակատամարտ[խմբագրել]

1918 թ մայիսի 23-27-ը Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը: Ապարանի ճակատամարտը հիրավի Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր: Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից:

Հայաստանի Առաջին Հանրապետություն[խմբագրել]

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը: Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում: Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր: Դրոն կարճ ժամանակամիջոցում կարողացավ խիստ միջոցներով արմատախիլ անել մաուզերիզմը Հայաստանում և երկրում կարգ ու կանոն հաստատել:

1920 թ աշնանը` Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանը ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ Դրոն առանձնանում էր ռուսամետ կեցվածքով: Նա գտնում էր, որ Հայ-թուրքական պատերազմի պայմաններում միակ ճիշտ քայլը`Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելն է, ինչը չէր հասկանում դաշնակցական կառավարությունը: Այսպիսի իրավիճակում Դրոն հանգեց խորհրդայնացման մտքին:

Կարմիր բանակի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն՝ կառավարել է Հայաստանը 1920 թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը; Դրոին ժողովուրդը չափազանց շատ եր սիրում և բոլշեվիկները որոշ ժամանակ պիտի հանդուրժեին նրա ներկայությունը;

Նախարարապետ Վրացյան. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920-թ. դեկտեմբերի երկուսի նիստում որոշեց, հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը, զորաբանակի ընդհանուր հրամանատարին որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոին»։

Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ: Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին:

1921 թ հունվարին Դրոն աքսորվում է Մոսկվա, որտեղ և մնում է 4 տարի: 1925 թ-ին, Դրոին հաջողվում է անցնել Փարիզ և ապա՝ Ռումինիա: 1933 թ-ին, Հ.Յ.Դաշնակցության 12-րդ Ընդհանուր ժողովը նրան ցմահ ընտրում է կուսակցության գերագույն ղեկավարության մեջ:

Հայ-վրացական պատերազմ[խմբագրել]

1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: ՀՀ կառավարությունը հենց Դրոյին վստահեց հայկական բանակի հրամանատարությունն ու հանձնարարեց Լոռին մաքրել վրացիներից: Շուրջ մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում հայկական զորքերը Դրոի առաջնորդությանբ ջախջախեցին վրացական զորքերին,Դրոն մաքրեց Լոռին վրացիներից և պատրաստվեց շարժվել Թիֆլիսի վրա: Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ: Հաշվի առնվեց նաև որ Թբիլիսին հնուց ի վեր մեծամասամբ եղել է բնակեցված հայերով:

Հայ-ադրբեջանական կռիվներ[խմբագրել]

1919-ի դեկտեմբերի կեսերին 600 զինվորով Գորիս է հասնում Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատարությունը ստանձնած Դրոն: Կարճ ժամանակում` մինչև հունվարի 19-ը, ողջ Զանգեզուրն ազատագրվում է, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին Յապոնի, Նժդեհի, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը; Դրոն փաստորեն իր ավարտին հասցրեց Անդրանիկի կիսատ թողած գործը:

Հերթը Արցախինն էր, որը ժամանակ շահելու և նոր արյունահեղությունից խուսափելու համար 1919-ի օգոստոսին կայացած Արցախահայության յոթերորդ համագումարում որոշել էր, մինչև Փարիզի հաշտության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը: «Ռումբը պայթում է» 1920-ի մարտի 22-ի երեկոյան` մահմեդական Նովրուզ-Բայրամի օրը: Թեժ մարտեր են ընթանում հատկապես Վարանդայում, Ասկերանի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում: Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր. մոտ 500 հայեր` 3500-4000 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի դեմ: Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսեցին Շուշվա կոտորածը: Երեք օր ու գիշեր քաղաքի հայկական մասը հրդեհների մեջ էր: «Մշակ» թերթի 1920 թ մայիս 9-ի համարում Մարիետա Շահինյանը վկայում է, որ այդ օրերին այրվել է 7000 տուն, սպանվել 12000 հայ:

Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել: Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր: 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»: Հատված Դրոյի Ղարաբաղի «հայ ազգաբնակչությանը» ուղղած կոչից. ապրիլի 26, 1920 թվական. Ես եկել եմ այն համոզումով և հաստատ որոշումով, որ հենված ձեր վճռականության վրա և միացած ձեր քաջարի զինվորներին, պետք է հաղթենք թշնամուն: Ես վճռել եմ մնալ ձեր մեջ, կռվել ձեզ հետ և ազատությունն ու հաղթանակը տոնել այստեղ::

Դրոյի փայփայած երազը, տարաբախտաբար, չի իրականանում: Ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվում է խորհրդային իշխանություն: Հաջորդ օրը դիմակափոխված մուսաֆաթականները վերջնագիր են ներկայացնում` զորքերն Արցախից դուրս բերելու պահանջով, հակառակ պարագայում` կարմիր բանակի օգնությամբ վռնդելու սպառնալիքով: Մայիսի 5-ին Դրոյի հետ բանակցելու համար Արցախ են ժամանում 11-րդ կարմիր բանակի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սերգո Օրջոնիկիձեի ներկայացուցիչներ Սահակ Տեր-Գաբրիելյանն ու Լևանդովսկին, մայիսի 12-ին կարմիր բանակի մի զորագունդ մտնում է Շուշի: Մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության զորքերը կառավարության հրամանով թողեցին Արցախը: Այսպես` բոլշևիկների ճնշման տակ Արցախի ազատագրումը հետաձգվում է 70 տարով:

1920թ. հայ-թուրքական պատերազմ[խմբագրել]

Հայաստանի կառավարությունը ելնելով ռազմաճակատում տիրող կացությունից հայկական զորաբանակի հրամանատարության ուժերը կենտրոնացնում է հիմնականում Կարսի և Սուրմալուի ուղղությամբ, եթե թորքերը հաղթեին Սուրմալուի ճակատում ուղակիորեն մտնում էին Երևան; Կարսի ճակատի հրամանատարը Մովսես Սիլիկյանն էր, Սուրմալուինը Դրոն: Սուրմալուի ճակատում թուրքական կանոնավոր և քրդական ավելի քան 10.000-անոց զորագնդերի դեմ կանգնած էին 3.000 մարտունակ և հայրենիքին ու Դրոյին նվիրված քաջակորով հայորդիներ: Մի քանի օր ընթացող կռիվներում հայ զինվորները պարտության են մատնում թուրքերին և ծանր կորուստներ պատճառելով հարկադրում նահանջել: Ի տարբերություն Սուրմալուի՝ Կարսի ճակատում դրությունը խայտառակ էր: Կարսի պաշտպանությունը ստանձնած ուժերը գտնվելով հայ բոլշեվիկների շարունական քարոզչական ազդեցության տակ՛ իրենց կարմիր եղբայրներին արժանիորեն և եղբայրաբար դիմավորելու համար հզոր բերդաքաղաքը առանց դիմադրության հոկտեմբերի 30-ին հանձնեցին թուրքերին: Չանցած մի քանի օր Կարսի բախտին է արժանանում նաև Ալեքսանդրապոլը: Շիրակի ծանր կացությունը Սուրմալույում Դրոյի հաղթական զինուժին հարկադրում է թողնել պաշտպանության բնագծերը և այրելով կամուրջները անցնել Արաքսը:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել]

Երկրորդ համաշխարհայինի տարիներին մեծամասամբ Դրոն, Գերմանիան կառավարող կլանի հետ իր անձնական կապերի շնորիվ փրկելով Եվրոպայի հայությանը նացիստական Գերմանիայի կոտորածից և նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ Գերմանական բանակի գեներալ: Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրատիճան պաշտոնյաների՝ հատկապես Մ. Բորմանի ու Ա. Ռոզենբերգի ու այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ըստ Դրոի և Գերմանացիների միջև պայմանավորվածության նրանց հաղթանակի դեպքում Հայաստանին պետք է վերադարձվեին Նախիջևանը, Ղարաբաղը և Ախալքալաքի մի մասը: Դրոի Հայափրկիչ ծրագրին մասնակցել են նաև այլ հայորդիներ: 1941 թ դեկտեմբերի 30-ին ստեղծվեցեց «Հայկական 812-րդ գումարտակը» հայտնի որպես (812th Armenian Battalion of Wehrmacht) Դրոի ընդհանուր հրամանատարությամբ, որը ստեղծման պահին 8.000 էր, հետագայում նացիստների արևելյան արշավանքի ժամանակ գերված հայ զինվորների հաշվին հասավ 33.000-ի։ Դրոն նաև Վերմաղթի հրամանատարական շտաբի անդամ էր: «812-րդ գումարտակը» գործողություններ ծավալեց Ղրիմում և Հյուսիսային Կովկասում։ Եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան պատրաստ էր պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանն ու ներխուժել Հայաստան: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար այդ ժամանակ Հայաստանից և հայությունից: Եվ Հայկական լեգեոնի (812th Armenian Battalion of Wehrmacht) առաքելությունը պետք է լիներ այն, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի հաղթանակից անմիջապես հետո, երբ այլևս բաց կլինեին Կովկասի դարպասները, այս հայկական զորքը պետք է արագ երթով հյուսիսից մտներ Հայաստան:

Եվ այսպես, Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերակշրող էր Դրոյի դերը հայ ռազմագերիների փրկության աշխատանքներում: Առհասարակ նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխեր իր վերաբերմունքը հայերի հանդեպ, և հայերը Եվրոպայում չունենային հրեաների ճակատագիրը:

Մահը[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել: Հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ, հայկական հարցի լուծման համար: Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում: Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ։

Դրոն մահացել է 1956 թ մարտի 8-ին. նրա վերջին խոսքերն էին. «ախ մեգել երգիրս տեսնեի» բառերը։

Մարմինը հողին է հանձնվել Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 29-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

Դրոյի հիշատակին[խմբագրել]

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Դրոյի ժառանգների միջնորդությամբ, հիմնել է Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական ակադեմիան: 2001 թ-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալը, որով պարգևատրվում են ռազմական ուսուցման բնագավառում աչքի ընկած զինվորականները, ազատամարտիկները և քաղաքացիական անձինք:

Պատկերասրահ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Համլետ Գևորգյան, Դրո; Երևան, 2005 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել]