Հայ Յեղափոխական Դաշնակցություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հայ Յեղափոխական Դաշնակցություն | |
ՀՅԴ զինանշան |
|
| Հիմնադրված | 1890 |
|---|---|
| Գաղափարախոսություն | Միացյալ Հայաստան Սոցիալիզմ Ազգայնականություն |
| Կրոնք | |
| Պաշտոնական գույն(եր) | Կարմիր |
| Շտաբ | |
| Թերթ | Ամսագիր «Դրօշակ» |
| Միջազգայիին պատկանելություն | Միջազգային Սոցիալիզմ |
| ՀՀ Ազգային Ժողով |
5 / 131
|
| Լիբանանի խորհրդարան |
2 / 128
|
| ԼՂՀ Ազգային ժողով |
6 / 33
|
| Կայք | Պաշտոնական կայքէջ |
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կամ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), հայ ազգային-քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1890 թ. Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքում։
Պատմություն [խմբագրել]
Ձևավորումը [խմբագրել]
Ստեղծվել է 1890-ի հուլիս-օգոստոսին, Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890-ի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության (մինչև 1892-ը՝ հայ հեղափոխականների դաշնակցություն) նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892-ին, կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894-ին)։
Դաշնակցության դեմ կանգնեցին ու պայքարեցին տարբեր ուժեր, ջարդարար երիտթուրքեր ու քեմալականներ, ռուսական ցարեր և ինտերնացիոնալիստ բոլշևիկներ, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի նպատակ տանող ուղին պետականության ստեղծումն էր:
Դիրքերի ամրապնդում [խմբագրել]
ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը, կուսակցության կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ ստեղծվեցին Արևելյան Հայաստանում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Արցախ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում (Մուշ, Սասուն, Վան), Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում։ ՀՅԴ զբաղվեց արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինատար և մարտական խմբեր Արևմտյան Հայաստան առաքելու առաջնահերթ խնդիրներով։ ՀՅԴ կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը և կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ քաղաքական կուսակցություններից առավել հեղինակավորը։
Մինչև երիտթուրքական հեղափոխությունը [խմբագրել]
ՀՀԴ մեծ կարևորություն էր տալիս Հայկական հարցի լուծման գործում արևմտյան տերությունների դերին։ «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչները («Դրոշակի» անունով կոչվել են նաև դրոշակականներ) կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել Հայկական հարցը։ Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցին բևեռելու նպատակով՝ ՀՀԴ կազմակերպեց օսմանկան բանկի գրավումը Կոստանդնուպոլսում (Բանկ Օտոմանի գրավում)։ XX-րդ դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքի (1903) կապակցությամբ։ 1905-06-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՀԴ շատ տեղերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց ահաբեկչական գործողություններ անընդունելի ցարական իշխանավորների նկատմամբ։ Ցարական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՀԴ դեմ, բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների։
Երիտուրքական հեղափոխությունից հետո [խմբագրել]
Ռուսական կայսրությունում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՀԴ մոտ էր էսէռներին (2-րդ Պետական դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ 1907-ին ՀՀԴ մտավ (էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՀԴ վերանայել է իր ծրագիրը (1907), հստակեցրել նրա սոցիալիստական դրույթները։ XIX-րդ դարի վերջին - XX-րդ դարի սկզբին ՀՀԴ կապ հաստատեց Օսմանյան կայսրության հակասուլթանական որոշ ուժերի, մասնավորապես երիտթուրքերի հետ։ ՀՀԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի համաժողովներին (1903, 1907)։ Հայ հասարա-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։ Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ և ուղղված էր Աբդուլ Համիդ Բ-ի վարչակարգի դեմ։ 1908-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, դաշնակցականներից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, 1909-ի Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետնորդներն են։ 1912-ին ՀՀԴ Արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ։
Առաջին համաշխարհային պատերազմ [խմբագրել]
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) ՀՅԴ ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկը (Անդրանիկ Օզանյան), Դրոն (Դրաստամատ Կանայան), Համազասպը (Համազասպ Սրվանձտյան), Վարդանը (Վարդան Մեհրաբյան), Քեռին (Արշակ Գաֆավյան) և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։
Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ՀՅԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը․ նա ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում։
1917-ի Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918-ի մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։
Հայաստանի Առաջին Հանրապետություն [խմբագրել]
Հանրապետության ստեղծմանը նախորդեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, որոնց ընթացքում հայ մարտիկները, այդ թվում և ՀՀԴ անդամները, պարտության մատնեցին Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական մեծաքանակ զորքին, ինչով և պայմանավորվեց հայկական պետականության վերականգնումը։
Հայաստանի Հանրապետությունում (1918-20) հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՀԴ նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։
Կառավարության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն էր, կորցրած տարածքների հետբերումը։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արևմտյան տերությունները։ 1918-1919-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց։ Թուրքական զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի նահանգը, Լոռու հարավային մասը, Կարսի մարզը, Սուրմալուի և Նախիջևանի գավառները, վերականգնվեցին 1914-ի սահմանները։
1919-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։
Նույն թվականի սեպտեմբերին ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը հաստատագրել է «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» կերտումը, ինչը որպես վերջնանպատակ մնում է նաև 1982-ին, 1998-ին ընդունված ծրագրերում։
Դառնալով իշխող կուսակցություն՝ ՀՀԴ քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու ուղղությամբ։ Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները։ Դրությունն ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մահմեդական բնակչության խռովություններով։ 1920-ին իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ։ Ակնհայտ դարձավ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը։ 1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան։ Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
Դաշնակցույթունը սփյուռքում [խմբագրել]
1921-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո ՀՀԴ իր գործունեությունը հիմնականում շարունակեց արտասահմանում։ 1921-ի ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՀԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհրդային իշխանության հետ։ Նույն թվականի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՀԴ և ՌԿ(բ)Կ միջև։ Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի, ՀՀԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել Խորհրդ․ Հայաստանի կառավարությանը, սակայն 1921-ի հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՀԴ հետ որևէ բանակցություններ վարելը։ Բողոքից հետո ՌԿ(բ)Կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը։ 1923-ի նոյեմբերյան խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, իսկ 1933-ին ՀՀԴ XII ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում։
9-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՀԴ հետևողականորեն իրականացնում էր Մեծ Եղեռնի երիտթուրք պատասխանատուների ահաբեկման «Նեմեսիս» վրիժառուական գործողությունը։
1924-25-ին Փարիզում կայացած ՀՀԴ X-րդ ընդհանուր ժողովը որոշեց պահպանել ԽՍՀՄ հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք։ ՀՀԴ հովանավորությամբ ստեղծվեցին բարեգործական, մշակութային, կրթական, մարզական, երիտասարդական և այլ կազմակերպություններ։
Երկրորդ համաշխարհային պատերազմ [խմբագրել]
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ՀՀԴ XIII ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում` «Դաշնակցությունը իր պայքարին մեջ ելակետ պետք է ունենա բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական փրկության հարցը և ըստ այնմ ալ վարե իր քաղաքականությունը՝ զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմություններով» («Դրոշակ», 1986, նոյեմբերի 12, էջ 30)։ Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի Արևելք հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնըման հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ՀՀԴ բյուրոն վարեց դաշնակիցներին ի նպաստ քաղաքականություն, որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ, սակայն ՀՀԴ տրամադրության տակ եղած որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին։ Պատերազմի վերջին փուլում ՀՀԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀ-ին կցելու ԽՍՀՄ պահանջը։
Հետպատերազմյան շրջան [խմբագրել]
XIV ընդհանուր ժողովին (1947) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ։ Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդային կողմնորոշում։
1959-ին կայացած ՀՀԴ XVII ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուսակցության վարած հակախորհրդային քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967-ին XIX ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ։ 1970-ական թթ Արևելքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները միավորեցին սփյուռքի հասարա-քաղաքական շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու համար։
ՀՀԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում (1987-ի հունիս), Հայոց Ցեղասպանության հարցի քննարկմանը ԱՄՆ-ի Սենատում։
Հայաստանի Հանրապետություն [խմբագրել]
Հաշվի առնելով անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ ժողովրդավարության և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, ՀՀԴ XXIV ընդհանուր ժողովը (1988) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով պատրաստակամություն հայտնեց իր բոլոր կարողություններն ի սպաս դնել Հայաստանի բարգավաճմանը։ 1988-ի հոկտեմբերի ՀՀԴ, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։ 1990-ի օգոստոսի 8-ին ՀՀԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1994-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով կասեցվել է ՀՀԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել 1998-ին ՀՀ նոր նախագահի կողմից։ 2007-ին ընտրված ԱԺ-ում ՀՀԴ խմբակցությունը կազմված էր 16 պատգամավորից։ 2012-ին ընտրված ԱԺ-ում ՀՀԴ խմբակցությունն ունի 5 պատգամավոր։
Ներկայիս անդամները [խմբագրել]
2012 թ.-ին հուլիսի 5-8-ին կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին հետևյալ կազմով.[1]
- Արմեն Ռուստամյան
- Միքայել Մանուկյան
- Հրաչյա Թադևոսյան
- Սպարտակ Սեյրանյան
- Արսեն Համբարձումյան
- Արծվիկ Մինասյան
- Ռոմիկ Մանուկյան
- Աղվան Վարդանյան
- Հովիկ Թադևոսյան
- Վարդան Ալեքսանյան
- Արտաշես Նիկոյան
2011թ. հուլիսի 1-ին ընտրված ՀՅԴ Բյուրոյի անդամներ են.
- Վիգեն Բաղումյան
- Դավիթ Լոքյան
- Վահան Հովհաննեսյան
- Հրանտ Մարգարյան
- Լևոն Մկրտչյան
- Մկրտիչ Մկրտիչյան
- Մարիո Նալբանդյան
- Գեորգի Պետրոսյան
- Հակոբ Տեր Խաչատուրյան
ՀՅԴ ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012թ.մայիսի 31-ի դրությամբ).
- Հովհաննեսյան Վահան Էդուարդի
- Ռուստամյան Արմեն Եզնակի
- Վարդանյան Աղվան Արշավիրի
- Մինասյան Արծվիկ Գարեգինի
- Բաբայան Արմեն Կառլուշի
ԼՂՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության թիվը կազմում է 6, որից.
համամասնական ցուցակով.
- Բալասանյան Վիտալի Միքայելի
- Բալայան Վահրամ Ռազմիկի
- Բարսեղյան Կամո Վանիի
- Բադասյան Վահան Միքայելի
մեծամասնական կարգով.
- Մարտիրոսյան Կամո Սերգեյի - թիվ 16 ընտրատարածք
- Սարգսյան Արմեն Թեմուրի - թիվ 11 ընտրատարածք
(ԼՂՀ ԱԺ պատգամավորների թիվը կազմում է 33):
Լիբանան-ի գործող խորհրդարանում 6 հայ պատգամավորներից 2-ը ՀՅԴ ներկայացուցիչ են.
- Հակոբ Բագրատունի
- Արթուր Նազարյան, որոնք մտնում են Մարտի 8 դաշինքի մեջ: ՀՅԴ-ն նաև ունի մեկ նախարարական աթոռ Լիբանանի կառավարության կազմում: Մյուս 4 պատգամավորները Մարտի 14 դաշինքի կողմնակիցներ են` հնչակյան կամ հնչակամետ գործիչներ:
Գաղափարախոսություն [խմբագրել]
ՀՀԴ դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, ռազմավարության և գործելակերպի հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, նրա ինքնավարությունը)։ Նպատակին հասնելու հիմնական միջոց ՀՀԴ համարում էր զինված գործունեությունն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս։ Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և ապահովել մշակողին հողից օգտվելու կարելիությունը»։ Կուսակցությունն անհրաժեշտ էր համարում «ուժ տալ գյուղացու համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերային հիմնարկությունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա տեղական և պատմական հանգամանքների ազդեցության տակ»։ ՀՀԴ գաղափարական ակունքը 1880-ական թթ ռուս նարոդնիկության գաղափարախոսությունն էր, հենարանը՝ հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժուական խավը, բանվորությունն ու մտավորականության ներկայացուցիչները։ Լինելով Ռուսաստանի առաջին քաղաքական կուսակցություններից՝ ՀՀԴ ձևավորվեց և իր գործունեությունը ծավալեց ավելի վաղ, քան ռուսական ինքնակալությանն ընդդիմադիր այլ կուսակցություններ՝ սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ-հեղափոխականները (մենշևիկները), սահմանադրական դեմոկրատները (կադետներ)։
Կանոնադրություն [խմբագրել]
1890-ի հիմնադիր ժողովից մինչև 1999-ը տեղի է ունեցել ՀՅԴ 27 ընդհանուր ժողով։ ՀՅԴ կանոնադրությամբ ՀՅԴ բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր ժողովն իրավասու է ՀՅԴ-ին վերաբերող ցանկացած հարց քննարկել և այդ մասին որոշում կայացնել։ Նրա որոշումներն անառարկելի ու պարտադիր են ՀՅԴ բոլոր ժողովների, մարմինների և անդամների համար։ Ընդհանուր ժողովն իրավասու է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կատարելու։ ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՅԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները և ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուսակցության ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուսակցական մամուլի ընթացքը։ ՀՅԴ ավելի օպերատիվ գործելու համար միաժամանակ ունեցել է երկու (և նույնիսկ երեք) բյուրոներ։ Միաբյուրո կարգը վերջնականապես հաստատվել է 1919-ին։ ՀՅԴ տարածքային առումով բաժանվում է շրջանների։ 500-ից ավելի անդամ ունեցող շրջանները ընտրում են իրենց կենտրոնական կոմիտեները, որոնք ինքնուրույնաբար վարում են տեղական գործերը, տնօրինում իրենց շրջաններում օտար և ազգային իշխանությունների և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները՝ ռազմավարական հարցերում մնալով ենթակա ընդհանուր ժողովի որոշումներին։
Մամուլ [խմբագրել]
1890-ից սկսած ՀՀԴ տարբեր մարմինների, ինչպես նաև անհատ դաշնակցականների հրատարակած պաշտոնաթերթերի, կիսապաշտոնաթերթերի ու պարբերականների ընդհանուր թիվը շուրջ 250 է։ Այսօր (1999) լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակ»-ը, «Ասպարեզ»-ը, «Հուսաբեր»-ը, «Ազդակ»-ը, «Ալիք»-ը, «Արմենիա»-ն, «Ազատ օր»-ը, «Հորիզոն»-ը, «Երկիր»-ը, «Հայոց աշխարհ»-ը։
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ http://www.yerkir.am/am/news/28573.htm ՀՅԴ ԳՄ նոր կազմը
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|
|
|---|---|
| Խորհրդարանական կուսակցություններ |
Իշխող կոալիցիոն: Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) - Օրինաց երկիր |
| Արտախորհրդարանական կուսակցություններ |
Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) - Արդարություն Կուսակցություն - Դաշինք կուսակցություն - Ժողովրդական Կուսակցություն - Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն - Հայաստանի պահպանողական կուսակցություն - Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն (ՀԱՄԿ) - Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ) - Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն (ՀՄԿԿ) - Հանրապետություն - Նոր Երկիր - Նոր Ժամանակներ - Ռամկավար Ազատական Կուսակցություն (Հայաստան) |
| Սփյուռքի կուսակցություններ |
Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) - Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ) - Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ) |
| Պատմական կուսակցություններ |
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ) - Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917) |
| Պորտալ:Քաղաքականություն - Հայաստանի քաղաքականություն - .Հայաստանի կուսակցությունների ցանկ | |
|
|||||||||||
|
|||||||||||||||||||||||
hy:Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն