Համազասպ Սրվանձտյան
| Համազասպ Խաչատուրի Սրվանձտյան | |
|---|---|
| 1873 - 1921 թթ. | |
1915-1917 թթ. հայկական կամավորական ջոկատների ղեկավարները. Քեռի, Խանասորի Վարդան և Համազասպ (կանգնած) |
|
| Մականուն | Համազասպ |
| Ծննդյան վայր | Վան, Արևմտյան Հայաստան |
| Վախճանի վայր | Երևան |
| Պատկանելություն | |
| Զորքի տեսակ | Կամավորական խմբեր |
| Կոչում | Կամավորական 3-րդ գնդի հրամանատար |
| Զորամաս | Կամավորական 3-րդ գունդ, Հայկական բրիգադ |
| Պաշտոն | Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար |
| Մարտեր/պատերազմներ | Հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ |
Համազասպ (Սրվանձտյան Համազասպ Խաչատուրի) (1873, Վան - 1921, Երևան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը [խմբագրել]
Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ Եղել է ՀՅԴ կուսակցության անդամ։ Խուսափելով թուրք իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի։ Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական կռիվներին, 1906-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշտպանությունը թաթարական ոտնձգություններից։ 1908-ին, դաշնակցական գործիչների հետ, ձերբակալվել է ցարական կառավարության կողմից, դատապարտվել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր)։ 1913-ին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա Կ. Պոլիս։ 1914-ին Կարինում կայացած ՀՅԴ կուսակցության 8-րդ ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության։
Առաջին համաշխարհային պատերազմ [խմբագրել]
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է կամավորական 3-րդ գնդի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի։ Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը։ Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, կռվել է Բիթլիսի ուղղությամբ (հուլիսին), հոկտեմբերին՝ հաջող արշավանք ձեռնարկել Խիզան։ Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուսական զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելը)։ 1918-ին կռվել է Բաքվի կոմունայի համար, Հայկական բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատարն էր, դրսևորել է ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրքական գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան։
Հայաստանի Առաջին Հանրապետություն [խմբագրել]
1918-ին (Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան, նշանակվել Նոր Բայազետի շրջանի զորամասերի հրամանատար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920-ի Մայիսյան ապստամբության ճնշմանը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921-ի փետրվարի 18-ին Երևանի բանտում սպանվել։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |