Գևորգ Չաուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Չաուշ
Գևորգ Արոյի Ղազարյան
Gevorg.jpg
Գևորգ Չաուշի միակ լուսանկարը,
որն արված է 1904-ին
Վահան (Կոմս) Փափազյանի կողմից,
Աղթամար կղզում,
Դաշնակցական ֆիդայական խմբերի
խորհրդաժողովից հետո
Անունը Գևորգ Չաուշ
Բնօրինակ
անունը
Գևորգ Արոյի Ղազարյան
Ծնվել է 1870 (1871)
Ծննդավայր Մըկթենք, Բսանաց, Սասուն
Մահացել է 1907 թ․ մայիսի 27
Մահվան վայր Սոլուխ, Մուշ

Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան) (1870 կամ 1871 - 1907), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ։ Ծնվել է Սասունի Բսանաց գավառի Մըկթենք գյուղում։ Սովորել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում։ Եղել է Հալեպում, որտեղից 1890-ին վերադառնալով միացել է Հարություն Պոյաջյանի մարտական խմբին։ Մասնակցել է Սասունի 1891-1893-ի ինքնապաշտպանական կռիվներին և 1894-ի հերոսամարտին։ 1894-ի սեպտեմբերին ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ 20 ամիս անց նրան հաջողվել է փախչել Սասուն։ 1896-ին ծանոթացել է Անդրանիկի հետ, զինակցել նրան։ Մասնակցել է Բերդակի և Առաքելոց վանքի կռիվներին (1901), 1904-ի Սասունի ապստամբությանը, ղեկավարել Իշխանաձորի և Տալվորիկի կռիվները։ Գևորգ Չաուշի մարտական խումբը Կարսում, Աստղում, Արքավանքում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։ 1907թ. մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվել է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը Մշո դաշտի Սոլուխ գյուղում, որտեղ և նա զոհվել է անհավասար մարտում՝ Սուլուխի կամուրջի (Մուրադ գետ) վրա։

Սուլուխի կամուրջը Արածանի գետի վրա
Գևորգ Չավուշի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։ Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։

Գրականություն[խմբագրել]

  • Աւօ, Գէորգ Չաւուշ, Պէյրութ, 1972։
  • Ռոլանդ Շառոյան, էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ, Երևան, «Լուսակն», 2008, 76 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]