Ժիրայր (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրայր, Հարություն-Մարտիրոս Պոյաճյան
Դիմանկար
Ծնվել է1856
ԾննդավայրՀաճըն, Կիլիկիա
Մահացել է1894 մարտի 24[1]
Մահվան վայրՅոզղաթ (Սեբաստիայի նահանգ)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիդայի, քաղաքական գործիչ և ուսուցիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Ժիրայր, Հարություն-Մարտիրոս Պոյաճյան (ծնվ. 1856, Հաճըն, Կիլիկիա - 1894, Յոզղաթ, Սեբաստիայի նահանգ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ։

Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) եղբայրը։

Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ակտիվորեն զբաղվել է հեղափոխական գաղափարների տարածմամբ, հայոց պատմության, հայերեն երգերի, զինվորոկան վարժանքների ուսուցմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1856 թվականին Հակոբ և Սառա Պոյաճյանների ընտանիքում։ Ժիրայրի եղբայրը՝ Համբարձումը և քույրը՝ Հայկանուշը, իրենց ևս նվիրվել են օսմանյան տիրապետության դեմ պայքարին[1]։

Ուսուցչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1874 թվականներին սովորել է ծննդավայրի Վարդանյան դպրոցում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ։

1875 թվականին մեկնել է Ռուսաստան և այնտեղ է մնացել մինչև 1889։ Այնուհետև մեկնել է Երուսաղեմ, իսկ ապա Հաճըն, որտեղ կրկին զբաղվել է ուսուցչությամբ։ Դրանից հետո ուսուցչությամբ է զբաղվել Գրգաղաճ գյուղում, որտեղ երեխաները թրքախոս էին։ Նա ձեռնամուխ է եղել հայոց պատմություն և հայերեն երգեր սովորեցնելուն, որի պատճառով էլ հետապնդվել է թուրքական ոստիկանության կողմից։

Հալածանքներից խուսափելու համար նա մեկնել է Այնթափ, իսկ այնուհետև Տեորթ Յոլ, որտեղ էլ ուսուցչությամբ է զբաղվել և աշակերտներին նույնիսկ զինավարժության մարզանք է սովորեցրել։ Այստեղ էլ նա դարձել է կասկածելի անձնավորություն և ստիպված է եղել մեկնել Ադանա, իսկ այնուհետև Հաճըն[1]։

Հեղափոխական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճընում նա սկսել է հեղափոխական գաղափարներ տարածել։ Բանտից խուսափելու համար Ժիրայրը տեղափոխվել է Էվերեկ, իսկ այնուհետև Ենիճե, Թոմարզա, Չոմագլը, Կեսարիա, Յողզատ, Տիվրիկ, Բինկյան և Երիզա։ Վերջին երկու քաղաքներում նա զբաղվել է ուսուցչությամբ։ Աշակերտներին նաև սովորեցրել է զինավարժություն և տեղագրություն, ինչպես նաև հեղափոխական գաղափարներ է սերմանել։

Սնիճան գյուղում, որտեղ կար 35 տուն հայ և 40 տուն թուրք բնակիչ, տեսել է աշխատավոր ժողովրդի վիճակը։ Ժիրայրի դրդմամբ հայ և թուրք բնակիչները միացել են և գյուղը հսկող Օսման բեյին պահանջ են ներկայացրել հարկերը նվազեցնելու։ Նրանց են միացել նաև հարևան գյուղերի հայ և թուրք բնակիչները։ Օսման բեյը դիմել է կառավարությանը, որը զորք է ուղարկել, սակայն տեսնելով երկու ժողովուրդների համերաշխությունը, չի կարողացել ոչինչ ձեռնարկել։

Սնիճանից հետո Ժիրայրը հաստատվել է Տեորթ Յոլում, որտեղ իր քրոջ՝ Հայկանուշի հետ զբաղվել է ուսուցչությամբ։

Ժիրայրը հայերին հորդորում էր.

Սիրէ հայերէնը, նամանաւանդ իմաստասիրէ մեր ազգային անցեալ եւ ներկայ պատմութիւնը. այն ատեն պիտի համոզուիս, թէ հայն աշխարհի համար ապրած է եւ յաւիտեան իրաւունք ունի։

Ֆիդայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիրայրը ֆիդայիների մի խումբ է կազմել և որպեսզի կառավարության ուշադրությունն իր վրա չշեղի, իր խումբը կոչել է «Չելլո»։

Հայդուկների համար կարևոր հավաքատեղի էր Թալասից ոչ հեռու գտնվող Տերեվանքը, քանի որ այնտեղի վանահայր Դանիել վարդապետը Ժիրայրի ամենաջերմ համախոհն էր։

1892 թվականին Տերեվանքում հայդուկների ժողով է գումարվել, որտեղ որոշվել է նրանց բաժանել 3 խմբի։ Ընդհանուր ղեկավար է դարձել Ժիրայրը, իսկ խմբերի ղեկավարներ են դարձել Կեսարիայի շրջանում Մեծ Չելլոն (Թորոս Ծառուկյան), Հալեպում Միրիջանը, իսկ Սեբաստիայի շրջանում՝ քենիքմացեցնի Վարդոն[1]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին պատրաստել և տարածել է Աբդուլ Համիդ II-ի վարչակարգը տապալելու կոչով թռուցիկներ։ Թռուցիկի բովանդակությունը եղել է հետևյալը.

Օսմանցիներ, հասած են վերջին օրերը բռնակալ Ապտուլ Համիտի, որ անպատուած է իսլամական անունը եւ կեղտոտած` օսմանի նուիրական գահը։ Այդ բռնակալը յափշտակած է կայսրութիւնը եւ աւերած է մեր սիրելի հայրենիքը եւ ինքզինք կառավարութեան գլուխ պահելու համար` կը հոսեցնէ ամենալաւ հայրենասէրներու մաքուր արիւնը։ Այդ անիրաւ գործերուն համար վրէժխնդրութեան ձայնը մինչեւ երկինք բարձրացած է։ Գործելու ժամը հասեր է։ Իսլամի միլիոնաւոր հաւատարիմները, որոնք ազատ կերպով եւ յառաջադիմելով կ՚ապրին, ուրիշ ուժեղ կառավարութեան ձեռքի տակ, մեզի օգնութեան կու գան։ Պինդ եղեք։
- Ժիրայր

Թռուցիկների հետևանքով ձերբակալվել են մոտ 850 հայեր։ Նրանց թվում կային մտավորականներ, առևտրականներ և գյուղացիներ։ Զնդանում հայերին ահավոր խոշտանգումների են ենթարկել։ Նրանցից 56-ը դատապարտվել են։ Ժիրայրը, որ մինչ այդ անորսալի էր թուրքական կառավարության համար, իմանալով, որ իր պատճառով հարյուրավոր հայեր տառապում էին, լեռներից իջել է Թերլիզի գյուղ և հանձնվել իշխանություններին։

Դատավարությունը տևել է 16 օր, որտեղ Ժիրայրը հայտարարել է.

Մեր դատը` դատն է այս երկրին, ժողովուրդին ու հայրենիքին աւերումը փութացող վարչաձեւին փոփոխման։ Միլիոնաւոր իսլամ եւ քրիստոնեայ անմեղներ կը տառապին անարդար օրէնքներու տակ։ Մեր նպատակն է ազատել անհատի հոգին եւ ստացուածքը կեղեքումէ եւ յարձակումէ։ Դատարաններու մէջ եղած անարդարութիւնը եւ կաշառակերութիւնը խեղճ ժողովուրդը ենթարկած է թշուառութեան եւ ստրկութեան։
- Ժիրայր[2]

1894 թվականի մարտի 24-ին Թուրքիայի Անկարա վիլայեթի Յոզղաթ կենտրոնում Ժիրայրին հրապարակավ բերել են կախաղանի մոտ[1][3]։ Նրան հարցրել են, թե արդյոք կուզենա վերջին խոսք ասել, Ժիրայրն ասել է «այո» և հրապարակայնորեն սկսել է մերկացնել թուրքական կառավարությանը։ Թուրքական պաշտոնյաները մեռնողի վերջին խոսքը խանգարելու նպատակով նվագախմբին կարգադրում են նվագել։ Ժիրայրը մինչև վերջ ասել է իր ճառը, ապա ինքն իր ձեռքով թոկը գցել է վիզը և ոտքերի տակից հրել աթոռն ու կախվել։

Հաջորդ օրը հայկական եկեղեցին մերժել է ընդունել Ժիրայրի դին։ Մարմինը թաղել են բողոքականների գերեզմանոցից 20-30 մետր հետո, իսկ որոշ ժամանակ անց Ժիրայրի ընկերներից մեկի բակում։ Երբ այդ ընկերը մեկնել է Ամերիկա, դին վերաթաղվել է մի ուրիշ ընկերոջ բակում։ 1908 թվականին Երիտթուրքական հեղափոխությունից հետո Ժիրայրի դին հանդիսավոր կերպով հանվել է հողից և վերաթաղվել հայկական եկեղեցու բակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հարություն-Մարտիրոս Պոյաճյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտ-ին.
  2. Պատմություն Ս. Դ. հնչակյան կուսակցության, Պեյրութ, 1962, էջ 102.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.