Հալեպ (Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկ. աղբյուրներում‘ Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբերեն՝ حَلَب, արևմտահայերէն՝ Հալէպ) , քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպ մուհավազի վարչական կենտրոնը, Սիրիայի մեծագույն քաղաքը, Սիրիայի ամենամեծ հայաբնակ քաղաքը: 1,5 մլն բնակիչ (1999):
Հալեպի հայ համայնքը [խմբագրել]
Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Ս.Աստվածածին: Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին: 1616-ին Հալեպում կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած): Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին: Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականներ) դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ: Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի առևտրով՝ նրանք աշխույժ կապերի մեջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաների հետ: Նրանց ձեռքում էին Հալեպի մաքսատունն ու փողերանոցը: XVII դ. վերջին հայ համայնքն անկում է ապրել (կապված միջազգային տարանցիկ առևտրում Հալեպի դերի նվազման և քրիստոնյաների նկատմամբ կամայականությունների ուժեղացման հետ): Վիճակը համեմատաբար բարելավվել է XIX դ. 40-ական թթ., երբ օտարերկրյա կապիտալի մուտքը նպաստել է Սիրիայի առևտրական կապերի զարգացմանը: Եվրոպական վաճառականներն օգտվել են գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից: 1880-90-ական թթ. հայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ են եղել գորգագործության, տեքստիլի, պղնձագործության, կաշեգործության և այլ մանուֆակտուրաների ստեղծմանը: Նրանց արտադրանքն առաքվել է Եվրոպա, ԱՄՆ և այլ երկրներ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հալեպում: 1999-ին հալեպահայերի թիվը մոտ 70 հազար էր: Հալեպում են Հյուսիսային Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները: 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան և ռամկավար կուս-ները Հալեպում կազմել են ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժողողվրդական ճակատ: 1943-45-ին հայերը գործունորեն մասնակցել են Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին: 1946-47-ին մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան: 1967-73-ին արաբա-իսրայելական պատերազմները բացասաբար են անդրադարձել նաև Հալեպի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթել են Հալեպից: Հայերը Հալեպում ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ: XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատուն»), որի գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ: Հայտնի էին նկարիչներ Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուրիշներ: XIX դ. 40-ական թթ. Հալեպում գործել է հայկական չորս տարրական դպրոց: 1858-ին բացվել է առաջին մանկապարտեզը («Ծաղկոց»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը: 1876-ին հիմնվել են Ներսեսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները: 1930-ական թթ. կային 18, 1946-47-ին՝ 21, 1972-78-ին՝ 14 հայկական միջնակարգ և տարրական, 1986-ին՝ 22 դպրոց, 1994-ին՝ 14 դպրոց: Հալեպի գլխավոր միջնակարգ դպրոցներն են Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան, Կարեն Եփփե, Կիլիկյան, Մխիթարյան վարժարանները: Նախակրթարաններից են Տաուտիե թաղամասի հայ ավետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկյանը, Անարատ հղության քույրերինը, Հայկազյանը, Ներսեսյանը և այլն: Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմնադրվել է 1846 թ.), Ուսումնասիրաց ընկերությունը (1880), Դպրոցասեր տիկնանց միությունը (1898), 1920-ական թթ-ից գործում են մեծ թվով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միություններ: Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից), Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության, ՀԵԸՀ-ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային և Կիլիկյան մշակութային միությունները, ինչպես նաև Մարտիրոս Սարյան ակադեմիան և Ս. Ասլամազյանի անվան լարային քառյակը, «Զվարթնոց» երգչախումբը: Հալեպում հայտնի են Ասատուր Ալթունյանի հիմնած (1911-ին) Ալթունյան հիվանդանոցը և բժիշկ Ռոպեր Ճեպեճյանի 1952-ին հիմնած Ճեպեճյան ակնաբուժարանը: Հալեպում 1877-ին լույս տեսած արաբական «Ֆռաթ» (Եփրատ) պարբերականն ունեցել է հայկական բաժին: Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 70 անուն պարբերական: 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրակ-գեղ. պատմ. տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիլ» բազմաբնույթ քառամսյան, «Գանձասար» շաբաթաթերթը:
- Սյուրմեյան Ա., Պատմություն Հալեպի հայոց, հ. 3, Փարիզ, 1950:
- Թոփուզյան Հ.Խ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, 1986:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |