Աբդուլ Համիդ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբդուլ Համիդ IIից)
Աբդուլ Համիդ Բ
Ahamid.jpg
(սուլթան)
ԱԱՀ՝ Աբդուլ Համիդ II
Ծննդյան օր՝ 1842,
Վախճանի օր՝ 1918,

Աբդուլ Համիդ II (1842-1918), Օսմանյան կայսրության սուլթան 1876-1909թթ.: Կառավարման սկզբնական շրջանում ներկայացել է իբրև բարենորոգումների և սահմանադրական կարգի կողմնակից, 1876թ. ընդունել է Օսմանյան սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել է նաև Գ. Օտյանը: Սակայն 1878թ. Աբդուլ Համիդը արձակլ է խորհրդարանը, հաստատել բացարձակ բռնատիրության վրա հիմնված դաժան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստ գրաքննություն: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնցիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները:

Աբդուլ Համիդի օրոք շարունակվում է Օսմանյան կայսրության մասնատումը, Անգլիային են անցնում Կիպրոսը (1878թ) և Եգիպտոսն ու Սուդանը (1882թ), Ֆրանսիային` Թունիսը (1881թ.), Բուլղարիային` Ռումելիան (1885թ.): 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում թուրքական լծից ազատագրվում են մի շարք բալկանյան ժողովուրդներ, Ռուսաստանին են անցնում Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, այդ թվում` Կարսն ու Արդահանը: Սան-Ստեֆանոյի պայմանագրով (1878թ.) և Բեռլինի դաշնագրով (1878թ.) Աբդուլ Համիդը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Սուլթանը արհամարհում է ստանձնած պարտավրությունները, իսկ հայ բնակչության բողոքների դրսևորումներին հետևում են 1894-96թթ. Հայկական կոտորածները, որոնց համար Արևմտյան մամուլում նա ստանում է «կարմիր սուլթան» մականունը:

1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո հարկադրված վերականգնում է 1876թ. սահմանադրությունը, սակայն 1909թ. մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվում: Մինչև մահն ապրում է տնային կալանքի տակ սկզբում Սալոնիկ քաղաքում, իսկ 1912թ., երբ Սալոնիկն անցնում է Հունաստանին, Կ.Պոլսում:

Աղբյուրներ [խմբագրել]

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996, էջ 7: