Բեռլինի կոնգրես
Բեռլինի կոնգրես — 1878թ. հունիսի 1 (հունիսի 13) առ հուլիսի 1 (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում: Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանիսան, Իտալիան և Գերմանիան: Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բառլինի դաշնադրություն (տրակտատ) անունով: Կանգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:
[խմբագրել] Բեռլինի դաշնադրությունը և հայերը
Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված` 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»: Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին: Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար: Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով: Այսինքն` օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից[1]:
Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային: