Ալեքսանդր Գորչակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alexander Mikhailovich Gorchakov.jpg

Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակով (ռուսերեն` Алекса́ндр Миха́йлович Горчако́в, 1798, հունիսի 15 - 1883, մարտի 11), ռուս դիվանագետ և պետական գործիչ։

1817-ից` դիվանգիտական ծառայության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1856-82)։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գորչակովը մերժել է անգլիական կառավարության առաջարկը, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադարի կնքմանը մասնակցեն եվրոպական տերությունները։ Նրա վճռով Թուրքիայի հետ կնքվել է նախնական համաձայնություն, քանի որ մյուս տերություններին վերաբերվող հարցերը ենթադրվում էր լուծել համաեվրոպական կոնգրեսում։ 1878-ի մարտին Գորչակովը անգլիական կառավարությանը ապացուցում էր, որ Արևմտյան Հայաստանի տարածքների գրավումը Ռուսաստանի համար ունի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նշանակություն, հիշեցնում, որ ռուսական զորքերը արդեն 3-րդ անգամ են գրավում Կարսի բերդը, և այդ արվում է սեփական սահմանները ապահովելու նպատակով։ Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գորչակովը հայտարարել է, որ ցանկանում է «լավագույնս» լուծել Հայկական հարցը, սակայն դրան խանգարում է Անգլիան, դժգոհել է նաև այն բանից, որ հայերը դիմել են եվրոպական մյուս պետություններին ևս։ Բեռլինի կոնգրեսին մասնակցել է որպես առաջին լիազոր։ Առաջին իսկ նիստում ձգտել է ապացուցել, որ ռուսական կառավարության նպատակն է ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ինքնակառավարման հնարավորությունը։ Ռուս-թուրքական սահմանի հարցի քննարկման ժամանակ, վերջին նիստերից մեկում «ծերունական ցրվածության» պատճառով անգլիական ներկայացուցչի առջև բաց է արել նոր սահմաններ որոշելիս Ռուսաստանի հնարավոր զիջումների գաղտնի քարտեզները, ինչը Անգլիան օգտագործել է հօգուտ Թուրքիայի։

1878-ի հուլիսի 6-ին Բեռլինում ընդունել է հայկական պատվիրակությանը, հայտնել իր դժգոհությունը եվրոպական տերություններից, որոնք խանգարեցին Ռուսաստանին հանդես գալ որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների պաշտպան, հրաժարվել է պաշտպանել հայերի պահանջը Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ։[1]

Գրականություն[խմբագրել]

  • Анучин Д. Берлинский конгресс 1878 года, СПБ, 1912.
  • Киракосян Дж. С., Буржуазная дипломатия и Армения (70-е гг. XIX в.), Е., 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ա. Կիրակոսյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 107