Գրիգոր Օտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Օտյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Օտյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1834(1834-12-09)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 27, 1887(1887-08-27)[1] (52 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Odian
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Երկեր1860 թվականի ազգային սահմանադրություն և 1876 թվականի Օսմանյան սահմանադրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, գրող և հասարակական գործիչ
 Krikor Odian Վիքիպահեստում

Գրիգոր Պողոսի Օտյան (դեկտեմբերի 9, 1834(1834-12-09), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 27, 1887(1887-08-27)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]), օսմանահայ հասարակական քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվփիմե․ Գրիգոր Օտյանի քույրը
Իսկուհի Երկանյան․ Գրիգոր Օտյանի քույրը

Գրիգոր Օտյանը ծնվել է 1834 թվականի դեկտեմբերի 9-ին, Կ.Պոլսում, Սկյուտարում։ Հինգ տարեկանից սովորել է հոր՝ Պողոս Օտյանի հիմնած տնային դպրոցում։ Առաջին ուսուցիչը եղել է Գաբրիել Պարտիզպանյանը։ Տասնչորս-տասնհինգ տարեկանում դասախոսություններ է լսել Փարիզում, իսկ տասնվեց տարեկանից սկսել է թարգմանություններ անել ֆրանսերենից հայերեն՝ թարգմանելով Լամարթինի, Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները (վերջինիս հետ եղել է մտերիմ)։ Օտյանը հատուկ ուշադրություն է դարձրել գիտությանը, ազգային-ազատագրությանը և ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ 1851 թվականին Կ.Պոլսում լույս է տեսնում նրա «Առաջարկություն աշխարհաբար լեզվի վրա» աշխատությունը, որտեղ Օտյանը պաշտպամում է աշխարհաբարի մշակումն ու տարածումը։ 1857 թվականին Ազգային ժողովի հանձնարարությամբ մասնակցում է Թուրքիայում ապրող հայերի ներքին գործերի կանոնադրության մշակմանը։ Օտյանը, Պալյանը, Ն. Ռուսինյանը և Սերվիչյանը ստեղծում են մի կանոնադրություն, որը հետո կոչվեց ազգային սահմանադրություն, բայց ընդունվեց միայն 1863 թվականի մայիսի 17-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-ին գումարվեց առաջին նիստը։ 1862 թվականին Օտյանի օժանդակությամբ Հ. Սերվիչյանը, Ն. Ռուսինյանը, Գր.Աղաթոնը, Տիգրան Չուխաջյանը ու Գաբրիել Երանյանը հիմնում են «Հայ երաժշտական ընկերությունը»՝ «Քնար հայկական» շաբաթաթերթով, որտեղ Մկրտիչ Պեշիկթաշլյանը հրատարակում է իր հայտնի «Եղբայր ենք մենք» բանաստեղծությունը։ Օտյանը աջակցում է նաև Զեյթունի հերոսական ապստամբության ղեկավարներին։ 1864-1867 թվականներին կառավարությունը մեկուսացնում է Գրիգոր Օտյանին՝ ուղարկելով Բուլղարիայի Ռուսճուգ քաղաքը։ 1867 թվականի հետ է կանչվում։ 1869 թվականին Օտյանը ուղևորվում է Եվրոպա՝ Ֆրանսիա, Գերմանիա։ Վերադառնալով՝ նվիրվում է օսմանյան սահմանադրության կայացմանը։ 1878 թվականին կրկին մեկնում է Եվրոպա, սակայն վերադառնում է և հիվանդանում։ Օտյանի հետապնդումները սկսվում են Աբդուլ Համիդի գահակալությամբ։ 1880 թվականին Օտյանը բարեկամների խորհրդով և Գ. Սամանճյանի աջակցությամբ գաղտնի հեռանում է Պոլսից և հաստատվում Փարիզում։ Իր կյանքի վերջին տարիները նվիրում է գրականությանը։ 1885 թվականին սրվում են հիվանդությունները՝ հոդացավ, շնչառության դժվարություն, սրտի և երիկամների հիվանդություն։ 1887 թվականի օգոստոսի 15-ի գիշերը 53 տարեկանում մահանում է Գրիգոր Օտյանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն՝ սկզբում ուսանելով Կ.Պոլսում, այնուհետև՝ Փարիզում։ Եղել է 1848 թվայկանի ֆրանսիական հեղափոխության ականատեսը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851 թվականին վերադարձել է Կ.Պոլիս։ Եղել է սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1875 թվականին օգնել է Միդհաթ փաշային մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի նախօրյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»)։ Աբդուլ Համիդի կողմից օսմանյան սահմանադրության գործողությունը դադարեցնելուց հետո և դրան հաջորդած հալածանքների պայմաններում Օտյանը 1880 թվականին ստիպված մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկավարժ ամսագիր12, 1990
  • Մ. Չերազ, Կենսագրական մյուզիոններ, Գրիգոր Օտյան, Փարիզ, 1929
  • Մ. Կազմարարյան, Գրիգոր Օտյանի գոհարները, Կ.Պոլիս, 1931
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 578