Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի

Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի (Salisbury, 1830-1903), անգլիական քաղաքական և պետական գործիչ։ 1866-67 և 1874-78 թթ. եղել է Հնդկաստանի գործերի նախարար, 1878-80 թթ.՝ արտգործնախարար, 1881 թ.՝ պահպանողականների պարագլուխ Լորդերի պալատում, այնուհետև՝ նաև պահպանողական կուսակցության ղեկավար, 1885-86, 1886-92 և 1895-1902 թթ.՝ պրեմիեր մինիստր և մինչև 1900-ը, միաժամանակ արտգործնախարար։ Վարել է Օսմանյան կայսրության ամբողջության պահպանման քաղաքականություն, անգլիական շահերն ամրապնդելու նպատակով օգտագործել հայկական հարցը որպես սուլթանական կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց։ Եվրոպական տերությունների վերահսկողությամբ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների քաղաքականության հիմնադիրներից էր։ 1878 թ. հանդես է եկել 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանների, մասնավորապես՝ նրա 16-րդ հոդվածի դեմ, և ապրիլի 1-ին շրջաբերական ուղղել բոլոր անգլիական դեսպաններին, որում պայմանագիրը գնահատել է որպես անհամատեղելի Մեծ Բրիտանիայի «օրինական շահերի» հետ։ 1878 թ. մայիսի 30-ին գաղտնի համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ Սան Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ, եղել է անգլոթուրքական համաձայնագրի նախաձեռնողներից։ Մեծ Բրիտանիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչն էր 1878 թ. Բեռլինի կոնգրեսում։ 12-րդ նիստում պահանջել է վերանայել Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, 14-րդ նիստում հրապարակել է թուրքական կողմի հետ համաձայնեցված Բեռլինի «դաշնագրի 61րդ հոդվածը»։ 1895 թ. դառնալով պրեմիեր մինիստր՝ 1894 թ. Սասունի կոտորածների կապակցությամբ, հասարակական կարծիքի ճնշման տակ հարկադրված էր վերստին բարձրացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցը, որը հարուցեց եվրոպական տերությունների հակազդեցությունը։

1896 թ. ապրիլի 30-ին Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարեց, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Բալմորալի անգլոռուսական բանակցությունների ժամանակ պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու տեսակետը։ 1896-97 թթ. Եվրոպական տերությունների դեսպանների կոնֆերանսի նախաձեռնողներից էր, որտեղ մշակվեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների նոր նախագիծ։ Սոլսբերին 1897 թ. հոկտեմբերին Կ. Պոլսի անգլիական դեսպանին գրել է, որ բրիտանական քաղաքականությունն այսուհետև հանգելու է «մեր դիրքերի ուժեղացմանը Նեղոսի ափերին և հրաժարմանը ամեն տեսակ պարտավորություններից Կոստանդնուպոլսում»։ Դա նշանակում էր եվրոպական տերությունների հսկողությամբ Արևմտյան Հայաստանի բարենորոգումների քաղաքականության ձախողում, որի հեղինակը ինքը Սոլսբերին էր։ 1902 թ. հեռացել է քաղաքական գործունեությունից։

Գրականություն[խմբագրել]

  • Կիրակոսյան Տ. Ա., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ.), Ե., 1980։
  • Բաղրամյան Լ. Ս., Արևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում, Ե., 1982։
  • Болховитинов Н. Н., О позиции Солсбери в Восточном вопросе осенью 1896 г., в кн.։
  • Проблемы британской истории, М., 1973։
  • Киракосян А. Дж., Великобритания и Армянский вопрос (90-е годы XIX века), Е, 1990։
  • Сladеn P. IV., Armenia։ The Case against Lord Salisbury, L., 1897.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png