Կիպրոսի կոնվենցիա (1878)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիպրոսի կոնվենցիա (1878), անգլո-թուրքական պաշտպանական դաշինք ընդդեմ Ռուսաստանի, ստորագրվել է 1878 թ. հունիսի 4-ին, Կ. Պոլսում։ Կիպրոսի կոնվենցիա 1-ին հոդվածով Անգլիան պարտավորվում էր զենքով պաշտպանել Թուրքիային այն դեպքում, եթե 1877—78 թթ. ռուս-թուրքական պատերազմում գրավված Բաթումը, Արդահանը, Կարսը կամ դրանցից որևէ մեկը Ռուսաստանը պահեր իր ձեռքում և «երբևիցե փորձեր տիրել նորին կայսերական մեծության սուլթանի տարածքի որևէ այլ մասին Ասիայում»։ Դրա փոխարեն սուլթանը պարտավորվում էր, Անգլիայի հետ համաձայնեցնելով, անհրաժեշտ բարենորոգումներ մտցնել նշված տարածքներում և, բացի այդ, որպեսզի «Անգլիան իր պարտականությունը կատարելու համար պահանջված միջոցներն ապահովի, ...սուլթանը հավանություն է տալիս նույնպես, որ Կիպրոս կղզին գրավվի և կառավարվի Անգլիայի կողմից»[1]։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ դրանից առաջ՝ մայիսի 30-ին կնքած գաղտնի համաձայնությամբ այլևս չէր առարկում Բաթումի, Արդահանի և Կարսի նկատմամբ ռուսական պահանջատիրության դեմ՝ ստանալով Ռուսաստանի հավաստիացումը, որ նա Փոքր Ասիայում նվաճած մյուս մարզերը (Բայազետն ու Ալաշկերտի հովիտը) կվերադարձնի Թուրքիային և ապագայում Ռուսաստանի սահմանը չի ընդարձակի ասիական Թուրքիայի ուղղությամբ։

1878 թ. Բեռլինի կոնգրեսի նախօրեին այդպիսի համաձայնագրերի կնքումը նպատակ ուներ, մի կողմից, ապահովել Անգլիայի աջակցությունը Թուրքիային 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրի ռուս-թուրքական սահմանների վերաբերյալ հոդվածների վերանայման ժամանակ, մյուս կողմից, ուժեղացնել Անգլիայի ազդեցությունը Թուրքիայում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես։ Անգլիական դիվանագիտությունը, հավատարիմ իր ավանդական քաղաքականությանը, արգելակում էր հաղթանակած Ռուսաստանի հետագա առաջխաղացումը ասիական Թուրքիայում, որը սպառնում էր բրիտանական կայսրության շահերին այդ տարածքում և, միևնույն ժամանակ, Թուրքիայից գաղտնի որոշ զիջումներ անելով Ռուսաստանին արևելյան Անատոլիայում, զավթում էր Կիպրոս կղզին՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը արևելյան Միջերկրականով դեպի Հնդկաստան տանող ջրուղիներում, հող նախապատրաստելով նաև Եգիպտոսի ապագա գրավման համար (որն իրականացրեց 1882-ին)։ Ինչ վերաբերում է հայկական բարենորոգումներին, որոնք նախատեսված էին Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով, ապա, ստանձնելով դրանց անցկացումը Թուրքիայի հետ երկուստեք համաձայնությամբ, Անգլիան Կիպրոսի կոնվենցիայով փաստորեն Ռուսաստանին զրկում էր բարենորոգումներին հսկելու իրական հնարավորությունից (քանի որ դրանք, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, պետք է կենսագործվեին մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից) և այն փոխարինում Թուրքիայի «քրիստոնեաբնակ վայրերում բարենորոգումներ մտցնելու» անորոշ ձևակերպմամբ։

Բեռլինի կոնգրեսի օրերին Անգլիան Կիպրոսի կոնվենցիան լրացրեց (1878 թ. հուլիսի 1-ին) ևս մի հոդվածով, ըստ որի, Ռուսաստանի կողմից Կարսն ու գրավված մյուս վայրերը Թուրքիային վերադարձվելու դեպքում Անգլիան պետք է էվակուացնի Կիպրոս կղզին, իսկ Կիպրոսի կոնվենցիան կորցնի իր ուժը։ Բայց արդեն սկսված առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում, երբ Թուրքիան հանդես եկավ Գերմանիայի կողմում, Անգլիան 1914 թ. նոյեմբերի 5-ի թագավորական հրահանգով չեղյալ համարեց Կիպրոսի կոնվենցիան և հայտարարեց Կիպրոսի բռնակցման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», էջ 104:

Գրականություն[խմբագրել]

  • Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 104-105։
  • Կիրակոսյան Զ. Ս., Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (XIX դ. 70-ական թթ), Ե., 1978։
  • Dв Martens G. F., Nouveau recueilginiralde trains..., sir. 2, 1. 3, p. 272-275։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png