Բալմորալի բանակցություններ (1896)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բալմորալի բանակցություններ 1896, անգլո-ռուսական բանակցություններ Մերձավոր Արևելքի իրադրության սրման և արևմտահայերի 1894-1896-ի կոտորածների կապակցությամբ, տեղի են ունեցել 1896սեպտեմբերի 27-ին և 29-ին Բալմորալում (Շոտլանդիա, Վիկտորիա թագուհու ամառային նստավայրում), Ռուսաստանի Նիկոլայ II ցարի ու արտգործնախարարության ժամանակավոր ղեկավար Շիշկինի և մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու ու պրեմիեր մինիստր Սոլսբերիի միջև։ Քննարկվել են միջազգային քաղաքականության տարբեր հարցեր, կողմերը արտահայտվել են կայսրության ամբողջականության պահպանման օգտին։ Բանակցությունները ցույց տվեցին, որ չնայած Ռուսաստանը շահագրգըռված չէր Օսմանյան կայսրության անդամահատվելուն, սակայն Բոսֆորի և Դարդանելի նեղուցները նրա համար չէին կորցրել իրենց նշանակությունը։ Ցարը պնդում էր, որ նեղուցները դրվեն Ռուսաստանի հսկողության տակ։ Բալմորալում կողմերից և ոչ մեկը անհանգստություն կամ կարեկցանք չհայտնեց Օսմանյան կայսրության հայ բնակչության կոտորածների առիթով։ Նիկոլայ II-ը նույնիսկ ծաղրեց անգլիացի որոշ մարդասերների, որոնք պահանջում էին Ռուսաստանին իրավունք տալ գրավելու արևմտյան Հայաստանը։ Նա հայտարարեց, թե Հայաստանի ռուսական գրավումը «բավականին թանկ ձեռնարկ կլինի Ռուսաստանի համար, որը չի կարելի փոխհատուցել որևէ կերպ...» և չի օգնի ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ ցրված հայերին։ Անգլիայի կառավարության ղեկավարը հայտարարեց, որ տերությունները միջոցներ պետք է ձեռնարկեն՝ կանխելու հնարավոր անկարգությունները Կոստանդնուպոլսում, քանի որ դրանք սպառնում են տերությունների հպատակներին ու դեսպանությունների անձնակազմի անվտանգությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։