Սուլեյման I
Սուլեյման I Կանունի (նաև՝ Սուլեյման Հիասքանչ , օսմ. سليمانا اول — Süleymân-ı evvel, թուրքերեն՝ Birinci Süleyman, Kanuni Sultan Süleyman; 1494 թ. նոյեմբերի 6— 1566թ. սեպտեմբերի 5/սեպտեմբերի 6), Օսմանյան կայսրության սուլթան, գահակալել է 1520թ. սեպտեմբերի 22-ից, խալիֆ: Սուլեյմանը համարվում է Օսմանի հարստության մեծագույն սուլթանը. նրա օրոք Օսմանյան կայսրությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Նրա օրոք Օսմանյան կայսրությանն են միացվել Հռոդոս կղզին, Բոսնիան, Հերցեգովինան, Սլովենիան, Տրանսիլվանիան, Հունգարիան (1526թ. օգոստոսի 29-ին Մոխաչի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հունգարական բանակի ջախջախիչ պարտությունից հետո): Արևելքում Սեֆևյան Իրանի հետ պատերազմների արդյունքում Սուլեյմանը գրավել և Օսմանյան կայսրությանն է միացրել Բաղդադն ու ամբողջ Իրաքը, Բասրան, Խուժիստանը, Լուրիստանը, Բահրեյնը և Պարսից ծոցի իշխանությունները: