Հաճն (այժմ կոչվում է Սաիմբեյլու, թուրք.՝ Saimbeyli) — քաղաք պատմական Լեռնային Կիլիկիայում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Ադանա նահանգի հյուսիսում, Սարոսի գետի վտակ Գյոկսուից 10 կմ արևմուտք, եռանկյունաձև բլրի վրա:
Եղել է Հռոմեական (պահպանվել են մ.թ.ա. I դ. բերդի ավերակները), Բյուզանդական կայսրությունների, Կիլիկիայի հայկական պետության կազմում: Հնուց Հաճընում բնակվող հայերը XI դ. հիմնադրել են Սուրբ Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս): Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375 թ.) հետո մեծ թվով հայեր հաստատվել են Հաճընում: XV դ. քաղաքը զավթել է Օսմանյան Թուրքիան: 1915-ին‘ 35 հզ. բն. (մոտ 30 հզ-ը‘ հայեր): Հայերն ունեին վեց եկեղեցի‘ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը): Քաղաքից դուրս, Սուրբ Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան: Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: 1919-ին մոտ 8 հզ. հաճնցիներ վերադարձել են Ֆրանսիայի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանսիական կառավարությունն ամբողջ Կիլիկիան (ներառյալ Հաճընը) հանձնել է Թուրքիային: 1920-ի մարտին քեմալական զորքերը պաշարել են Հաճընը, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես Հաճընի հերոսամարտ (1920)): Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում: Թուրքերը Հաճընը վերանվանել են Սալիմբեյլի (Հաճընի ջարդարարի անունով): 1958-ին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քաղաքը:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |