Սոսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսե Մայրիկ
Սոսե Վարդանյան
SoseMayrik.jpg
հայդուկ
Ծնվել է 1865
Ծննդավայր Սոխորդ, Խլաթ, Տուրուբերան
Մահացել է 1952
Մահվան վայր Ալեքսանդրիա, Եգիպտոս {{{2}}}

Սոսե Մայրիկ (18651952 թթ.), Սոսի կամ Սոսոն (Սոսե Վարդանյան) անունն է կրել հայ քաջորդուհիներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1868թ. Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում։ 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։

1890-ականերին ամուսինը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն իր Հակոբ զավակի հետ մնում է Սոխորդում։ 1895 թվականին, երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր։ Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։

1899 թվականին Սերոբի թաքստոցն էր Գելիգուզան գյուղը։ Մի հայ դավաճան ոչ միայն մատնում է Սերոբին, այլև նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում նրան։ Երբ թշնամին պաշարում է գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակը վերջ է տալիս ամուսնու կյանքին, Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտի ժամանակ սպանվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Թեև վիշտն արճճի պես ճնշում էր նրա կուրծքը, սակայն արցունքները կուլ տալով՝ Սոսեն կրակում էր, հա՜ կրակում։

Սոսե Մայրիկի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

Անհավասար մարտում թուրքերին հաջողվում է գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Թուրքերը գերի են վերցնում գրեթե անկենդան Սոսեին և նրան նետում են Բաղեշի բանտ։ Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1953թ. վախճանվում է։ 1990–ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։

Սոսե մայրիկի մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել։

Գրահղումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]