Մախլուտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մախլուտոյի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ` Հովհաննես Մուրադյան)

Մախլուտո (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ) (ծն.27.08.1875 թ., Մուշ, Սուրբ Մարինե թաղամաս - 16.03.1956, Երևան, թաղված է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի աջ կողմում), Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար /լրիվ գեներալ, 1920 թ./, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղարը և զինակիցը։

Գործունեությունը[խմբագրել]

Ծնվել է 1881 թ. օգոստոսի 15 (ն. տ. 28)-ին Մուշ քաղաքի սուրբ Մարինե թաղամասում: Ավարտել է տեղի վանական դպրոցը: 1900 թ. մտել է ՀՅԴ Մուշի ՙԵրկաթ՚ խմբի մեջ: 1901 թ. մասնակցել է Անդրանիկի ղեկավարած Առաքելոց վանքի կռվին:1904 թ. Սասունի ինքնապաշտպանության ժամանակ Գևորգ Չավուշի (Գևորգ Ադամյան) հետ ղեկավարել է Իշխանաձորի մարտերը:Սասունի ինքնապաշտպանության պարտությունից հետո Անդրանիկի, Գևորգ Չավուշի և մյուս ֆիդայիների հետ թուրքական զորքերի դեմ շարունակել է կռվել Մշո դաշտում, այնուհետև անցնելով Վասպուրական` մասնակցել Անդրանիկի ղեկավարած 1904 թ. հուլիսի 14-ի Աղթամարի կռվին: Զորավար Մախլուտոն այնուհետև անցել է Կովկաս, ակտիվորեն մասնակցել 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվներին` ղեկավարելով Ղամարլուի (Արտաշատ) հայության ինքնապաշտպանական մարտերը: Այնուհետև ՀՅԴ որոշումով անցել է Իրան և իր խմբով ակտիվորեն մասնակցել 1905-1912 թթ. իրանական հեղափոխությանը` կռվելով Ուրմիայի շրջանում: Իրանական հեղափոխության պարտությունից հետո Մախլուտոն անցել է Մուշ, 1912-1914 թթ. ապրել է Մուշում, ամուսնացել: Սակայն, 1914 թ. սկսված Առաջին համաշխարհային պատերազմը փոխել է Մախլուտոյի խաղաղ ապրելու ծրագիրը: 1914 թ. նա անցել է Կովկաս, մտել Զորավար Անդրանիկի գլխավորած առաջին կամավորական գնդի կազմում, դարձել Անդրանիկի օգնականը, եղել է Առաջին գնդի վաշտապետ։ Սմբատն այնուհետև Անդրանիկի հետ մասնակցել է Դիլմանի ճակատամարտին (1915 թ. ապրիլի 16-18), Բիթլիսի ազատագրմանը (1916 թ. փետրվար) և բազմաթիվ այլ մարտերի: 1917 թ. մայիսին կայացած Արևմտահայերի առաջին համագումարում Մախլուտոն ընտրվել է Արևմտահայ Ազգային խորհրդի անդամ: 1917 թ. ամռանը նա նշանակվել է Ալաշկերտում գործող հայկական ջոկատի հրամանատար: 1918 թ. գարնանը Մախլուտոն Անդրանիկի հատուկ ջոկատի հետ կռվել է Ջալալօղլու և Էրզրումի մարտերում (1918 թ. փետրվար-մարտ), մասնակցել Ղարաքիլիսայի կռիվներին (1918 թ. մայիս): Այնուհետև նա Անդրանիկի հետ Դիլիջանի վրայով անցել է Ելենովկա (Սևան)-Նոր Բայազետ-Նախիջևան-Ջուլֆա-Խոյ, մասնակցել Ջուլֆայի կամրջի, 1918 թ. հունիսի 23-ին` Խոյի պաշարմանն ու գրավմանը: 1918 թ. հուլիսի 5-ին Անդրանիկի հրամանով 2-րդ գումարտակի հրամանատար Մախլուտոն նշանակվել է Նախիջևանի Ցղնա գյուղի և նրա շրջանի պարետ` օժտված լայն լիազորություններով: 1918 թ. հուլիսի վերջերին նա Անդրանիկի հետ անցել է Զանգեզուր, մասնակցել թուրք-թաթարական հարձակումների դեմ տեղի հայության ինքնապաշտպանությանը: 1919 թ. գարնանը Անդրանիկի հետ նա ևս վերադարձել է Երևան, ընտրվել Արևմտահայ գործադիր մարմնի անդամ: 1919 թ. ամռանը Մախլուտոն սասունցիների զորամասով անցել է Սևանա լճի արևելյան ափերը` ՀՀ սահմանամերձ շրջանները թուրքերից պաշտպանելու համար: 1920 թ. աշնանը Կարսի ճակատում Սմբատի գլխավորած զորամասը մասնակցել է թուրք-հայկական պատերազմին: Ալեքսանդրապոլը թողնելուց հետո` 1920 թ. նոյեմբերին, Մախլուտոն նահանջել է Ալագյազի բարձունքը, որտեղ մղված կռիվներում ծանր վիրավորվել է և տեղափոխվել Երևանի հիվանդանոց: 1921 թ. Փետրվարյան ապստամբության ժամանակ Մախլուտոն Թալինից և Աշտարակից Երևան շարժվող ուժերի հրամանատարն էր: Դարալագյազում նա համագործակցել է Գարեգին Նժդեհի հետ, ապա նահանջող ուժերի հետ անցել Պարսկաստան` Թավրիզ, որտեղ ամուսնացել է: Թավրիզից Սմբատ Բորոյանը մեկնել է Եգիպտոս, ապա ԱՄՆ, հաստատվել Ֆրեզնոյում: 1933 թվականից Մախլուտոն բնակություն է հաստատել Մարսելում, ընտրվել Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ։ Մարսելի "Տարոն" տպարանում հրատարակվել է քարտեզ "Տարոնի Առյուծ Զորավար Սմբատի երգը" մակագրությամբ։ 1936 թ. Փարիզում Մ. Երիցյանցի խմբագրությամբ լույս է տեսել ՙԶօրաւար Սմբատի յուշերը՚: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թթ.) Մախլուտոն մասնակցել է ֆաշիզմի դեմ մղված պայքարին: Նա Ֆրանսիական դիմադրական շարժման մարտիկներից էր, Միսաք Մանուշյանի մերձավոր զինակիցը, ընդհատակի հակաֆաշիստական կազմակերպության անդամ: 1947 թ. սեպտեմբերին վերադառնալով Խորհրդային Հայաստան` Մախլուտոն նշանակվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակացու: Սմբատ Բորոյանն իր մահկանացուն կնքել է 1956 թ. մարտի 20-ին և իր ցանկության համաձայն թաղվել Էջմիածնի սբ. Գայանե վանքի բակում` Խենթի կողքին: Մախլուտոյի փոթորկալից կյանքին է նվիրված Խ. Դաշտենցի ՙՌանչպարների կանչը՚ վիպասքը (Երևան, 1979, 1984, 2010) և Գևորգ Ղարիբջանյանի ՙՏարոնի արծիվը` Մախլուտո՚ գրքույկը (Երևան, 1996): Երևանում Սմբատ Բորոյանի անվամբ կա փողոց: Գրականություն: Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), 2 հատորով, հատ. 1, Երևան, 2005: Երիցեանց Մ., Զօրաւար Սմբատի յուշերը, Ա. հատ. (1900-1914 թթ.), Փարիզ, 1936: Բդէեան Ս. և Մ., Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբ. Ա. Տարօնեցի, Գահիրէ, 1962: Ղարիբջանյան Գ., Տարոնի արծիվը` Մախլուտո, Երևան, 1996:

Պարգևները[խմբագրել]

Պարգևատրվել է ցարական երկու խաչով և մեկ մեդալով։

Զորավար Անդրանիկ խոսքը Մախլուտոյի մասին[խմբագրել]

Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է.

Aquote1.png Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառապանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն։ Aquote2.png

Մախլուտոյի խոսքը Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ[խմբագրել]

Aquote1.png «Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին եւ այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ եւ անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան եւ կամքդ նիզակ դարձրած:

Անդրանիկ ջան, միշտ եւ միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»: Թող քո տառապած եւ հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ եւ նվիրականն է: Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի եւ ատրուշաներ կվառի կիսավարտ գործերիդ առջեւ, եւ որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան եւ մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված: Ես Անդրանիկ ջան, վստահ եմ եւ խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, եւ արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լեւոնը, Գալեն, Գեւորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը եւ շատ ու շատերը: Գիտեմ Անդրանիկ ջան դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես: Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաեւ բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցի: Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թեւերով ման կգամ, մինչեւ որ տեսնեմ Ձեր սուբ գործի լրիվ ավարտումը: Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը: Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդսրբազան ավետիսը: Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջեւ, եւ կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է եւ ծածկել է Քո հուժկու մարմինը»: Ներկաների աչքերից կամաց կամաց գլորվեցին արտասուքի կաթիլները, եւ բոլորը հերթով համբուրելով Զորավարի շիրիկը, գլխիկոր հեռացան:

04.11.1945թ. Մախլուտո

Aquote2.png

Հուշերը[խմբագրել]

Հիշողություններ Հայրենիքի մասին։ Մարսել, 1941 թ.։

Գրականություն[խմբագրել]

  • Գևորգ Ղարիբջանյան, Տարոնի արծիվը։ Երևան, 1996 թ., 109 էջ։
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ և ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 133։
  • Արշալույս Մովսիսյան, Մշո առյուծը՝ Մախլուտո։ Երևան, 2010 թ., 40 էջ։
  • Երիցեանց Մ., Զօրաւար Սմբատի յուշերը, Ա. հատ. (1900-1914 թթ.), Փարիզ, 1936:
  • Բդէեան Ս. և Մ., Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբ. Ա. Տարօնեցի, Գահիրէ, 1962:

Աղբյուրներ[խմբագրել]