Սեյրան Օհանյան
Սեյրան Մուշեղի Օհանյան (1962թ., հուլիսի 1, Շուշի) — ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար (2008թ. ապրիլի 14-ից) :
Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը 1983թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ: 1988թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1989թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին: 1992թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին: 1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1999թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար: 2000թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995թ. շնորհվել է գեներալ-մայորի, 2000թ.` գեներալ-լեյտենանտի, իսկ 2007թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
1999թ. սեպտեմբերին շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի, Տիգրան Մեծ շքանշաններով, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաև գերատեսչական այլ մեդալներով:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:
| Նախորդող Սամվել Բաբայան |
ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան օգոստոս 1999 - 11 մայիսի 2007թ. |
Հաջորդող Մովսես Հակոբյան |
| Նախորդող Միքայել Հարությունյան |
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Սեյրան Օհանյան 11 մայիսի 2007թ. - 14 ապրիլի 2008թ. |
Հաջորդող Յուրի Խաչատուրով |
| Նախորդող Միքայել Հարությունյան |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան 2008թ. ապրիլի 14-ից |
Հաջորդող ---- |