Ջավախք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջավախքի Փարվանա լիճը

Ջավախք, Հայաստանի պատմական շրջան: Հայկական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ[1]: Ըստ «Աշխարհացույց»-ի Վերին Ջավախք գավառը մտնում էր Գուգարք նահանգի կազմի մեջ:

Այսօր Ջավախքն իր մեջ ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգը (6 շրջաններ) և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը.[2]

Շրջաններ Հայաբնակ բնակավայրեր
Ախալքալաքի մունիցիպալիտետ 59
Նինոծմինդայի մունիցիպալիտետ 32
Ասպինձայի մունիցիպալիտետ 2
Ախալցխայի մունիցիպալիտետ 16
Բորժոմի մունիցիպալիտետ 8
Ադիգենի մունիցիպալիտետ 2
Ծալկայի մունիցիպալիտետ 13

Բովանդակություն

[խմբագրել] Անվան ծագումը

Ջավախքի նախկին անվանումը եղել է «Զաբախա» և այն ենթարկվել է փոփոխությունների, «Զ»-ին փոխարինել է «Ջ»-ն եվորոպական լեզուներով խոսողները «բ»-ն փոխարինել են «վ»-ի, դարձնելով Ջավախա, իսկ հայերը վերջին «ա»-ն սղել են ավելացնելով «ք» տառը, այն դառել է Ջավախք:

[խմբագրել] Պատմական ակնարկ

Ջավախքը Մեծ Հայքի հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2–րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, «Զաբախա» ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786–764) վիմագիր արձանագրություններում:

Մ. թ. ա. VI–IV դարերում Ջավախքը մտնում էր Երվանդյան թագավորության կազմի մեջ: III դարում այն անջատվել է Հայաստանից և անցել Վիրքի իշխանության տակ, սակայն նորից վերանվաճվել է Արտաշես Ա (մ. թ. ա. 189–160 թթ.) կողմից Գուգարք նահանգի այլ տարածքների հետ միասին: Մեծ Հայքի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք:

Հայաստանի առաջին բաժանումից հետո Գուգարքի բդեշխությունը ենթարկվել է ուղղակիորեն Սասանյան Պարսկաստանի կենտրոնական իշխանություններին: VII դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից: X դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով՝ XI դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը՝ մինչև սելջուկ թուրքերի արշավանքները: XII դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք: Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը: 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե–Ջավախք իշխանության կազմում: 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ՝ իբրև առանձին սանջակ (գավառ):

Ինչպես վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրները Ջավախքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով: Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու՝ IV դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց՝ Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում` Փարվանա լճի մոտ նա տեղի հովիվների հետ հաղորդակցվել է հայերենով: XVI–XVIII դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով՝ Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր:

1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ջավախքը միացվեց Ռուսական կայսրությանը: 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարքի Թռեղք գավառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի: Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10–11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր:

1840–ական թթ. սկզբներին Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները՝ դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գյուղ: 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում՝ ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46,386-ը, այսինքն՝ 72,7%–ը՝ հայեր էին: Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները՝ 10,4%, վրացիները՝ 5,8%[3]:

Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ–տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում: Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան ծխական արական դպրոցները:

1856 թ. ավարտվեց Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը: 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880–ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ:

19–րդ դարի վերջին Ախալքալաքում գործունեություն ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ: Ջավախքը ծնունդ է տվել ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր–Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ:

1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազ. հայերից 35–40 հազ. զոհվեց: Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը: Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ–վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ: Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918–1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով: Սակայն վրաց–ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին: 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել մինչ օրս:

Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում՝ շրջան): Հյուսիսային հայաբնակ գյուղերից Տաբածղուրը, Մոլիտը և Չխարոլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ: 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավարևելյան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը:

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. http://raa.am/JAVAKHK/2_1.htm
  2. http://www.yerablur.am/viewmenu/1089/
  3. http://horizonworld.com/vb/archive/index.php/t-48.html

[խմբագրել] Արտաքին հղումներ