Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
IMages.jpg
ՀՅԴ զինանշան
Առաջնորդ Հրանտ Մարգարյան
Հիմնադրված 1890
Գաղափարախոսություն Սոցիալ դեմոկրատիա,Ձախ ազգայնականություն[փա՞ստ]
Պաշտոնական գույն(եր) Կարմիր
Շտաբ Երևան Երևան
Թերթ Ամսագիր «Դրօշակ»
Միջազգայիին պատկանելություն Միջազգային Սոցիալիզմ[փա՞ստ]
ՀՀ Ազգային Ժողով
5 / 131
Լիբանանի խորհրդարան
2 / 128
ԼՂՀ Ազգային ժողով
6 / 33
Կայք Պաշտոնական կայքէջ

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կամ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), հայ ազգային-քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1890թ.-ին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և սփյուռքում։

Պատմություն[խմբագրել]

Ձևավորումը[խմբագրել]

Ստեղծվել է 1890թ.-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890թ.-ի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892թ.-ին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894թ.-ին)։

Դիրքերի ամրապնդում[խմբագրել]

ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը՝ կուսակցության կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ ստեղծվեցին Արևելյան Հայաստանում՝ Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Արցախ Գանձակ, Անդրկովկասի հայաշատ քաղաքներում՝ (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում՝ Մուշ, Սասուն, Վան, Կիլիկիայում, Կոստանդնուպոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում։ ՀՅԴ զբաղվեց արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինատար և մարտական խմբեր Արևմտյան Հայաստան առաքելու առաջնահերթ խնդիրներով։ ‌[փա՞ստ] ՀՅԴ-ն կարողացավ ընդլայնել իր ազդեցությունը և կարճ ժամանակամիջոցում դարձավ հայ քաղաքական կուսակցություններից առավել հեղինակավորը։ ‌[փա՞ստ]

Մինչև երիտթուրքական հեղափոխությունը[խմբագրել]

ՀՅԴ-ն մեծ կարևորություն էր տալիս Հայկական հարցի լուծման գործում արևմտյան տերությունների դերին։ «Դրոշակի» շուրջը համախմբված գործիչները կապ հաստատեցին եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերաբացել և ապա լուծել Հայկական հարցը։ 20-րդ դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայ ժողովրդի հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ, հատկապես հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին 1903 օրենքի կապակցությամբ։ 1905-1906-ին Անդրկովկասում հրահրված հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅԴ-ն շատ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, իրագործեց զինված գործողություններ անընդունելի ցարական իշխանավորների նկատմամբ։ Ցարական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՅԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության շատ ակտիվ անդամների։

Ֆիդայիներ, ովքեր կռվում էին ՀՅԴ-ի դրոշի տակ:

Երիտուրքական հեղափոխությունից հետո[խմբագրել]

Ռուսական կայսրությունում գործող կուսակցություններից իր գաղափարախոսությամբ և գործելակերպով ՀՅԴ-ն մոտ էր էսէռներին (2-րդ Պետական դումայում դաշնակցականներն ու էսէռները կազմում էին ընդհանուր ֆրակցիա)։ 1907թ.-ին ՀՅԴ մտավ (էսէռների երաշխավորությամբ) 2-րդ ինտերնացիոնալի մեջ։ Ռուսաստանում ծավալված հեղափոխական դեպքերի ազդեցության ներքո ՀՅԴ վերանայել է իր ծրագիրը (1907), հստակեցրել նրա սոցիալիստական դրույթները։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ՀՅԴ-ն կապ հաստատեց Օսմանյան կայսրության հակասուլթանական որոշ ուժերի, մասնավորապես երիտթուրքերի հետ։ ՀՅԴ ներկայացուցիչները մասնակցեցին երիտթուրքերի 1903 և 1907 թվականների համաժողովներին։ Հայ հասարա-քաղաքական որոշ շրջաններ քննադատեցին այս գործելակերպը։ Իրականում այն կրում էր սոսկ տակտիկական բնույթ‌[փա՞ստ] և ուղղված էր Աբդուլ Համիդ Բ-ի վարչակարգի դեմ։ 1908թ.-ի հեղաշրջումից հետո, երբ իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, դաշնակցականներից նույնիսկ ընտրվեցին սահմանադրական Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամներ։ Սակայն շուտով Կիլիկիայում տեղի ունեցած դեպքերը, [[1909]թ.]-ի Ադանայի կոտորածը ցույց տվեցին, որ երիտթուրքերը դահիճ սուլթանների արժանի հետնորդներն են։ 1912թ.-ին ՀՅԴ Արևմտյան բյուրոն հայտարարեց նրանց հետ վերջնական խզման մասին, մերժեց նաև երիտթուրքերի առաջարկը գալիք պատերազմում Ռուսաստանի դեմ համագործակցելու վերաբերյալ։

Մուսալեռան ինքնապաշտպանությունը և դաշնակցական գյուղերի կոտորածը[խմբագրել]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել]

Հայտնի դաշնակցական Արամ Մանուկյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Համազասպ Սրվանձտյանը, Վարդան Մեհրաբյանը, Արշակ Գաֆավյանը և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։

Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում 1917թ.-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ՀՅԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը․ նա ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում։

1917Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։

Հայաստանի Առաջին Հանրապետություն[խմբագրել]

Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները, 1919թ: Նստած են՝ Ա. Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան։ Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Ա. Գյուլխանդանյան, Ս. Արարատյան:

Հայաստանի Հանրապետությունում հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՅԴ-ն նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արևմտյան տերությունները։ 1918-1919թթ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց։ Թուրքական զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի նահանգը, Լոռու հարավային մասը, Կարսի մարզը, Սուրմալուի և Նախիջևանի գավառները և վերականգնվեցին 1914թ.-ի սահմանները։

1919թ.-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները։ Դրությունն ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մահմեդական բնակչության խռովություններով։ 1920-ին իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ։ Ակնհայտ դարձավ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը։ 1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան։ Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։

Դաշնակցությունը սփյուռքում[խմբագրել]

1921թ.-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից հետո ՀՅԴ-ն իր գործունեությունը հիմնականում շարունակեց արտասահմանում։ 1921թ.-ի ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՅԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհրդային իշխանության հետ։ Նույն թվականի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՅԴ և ՌԿ (բ) կ միջև։ Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի, ՀՅԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել Խորհրդային Հայաստանի կառավարությանը, սակայն 1921թ.-ի հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՅԴ հետ որևէ բանակցություններ վարելը։ Բողոքից հետո ՌԿ (բ) կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը։ ‌[փա՞ստ]1923թ.-ի նոյեմբերյան խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՅԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, իսկ 1933թ.-ին ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում։‌[փա՞ստ]

9-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ հետևողականորեն իրականացնում էր Մեծ Եղեռնի երիտթուրք պատասխանատուների ահաբեկման Նեմեսիս գործողությունը։‌[փա՞ստ]

1924-1925թթ.-ին Փարիզում կայացած ՀՅԴ 10-րդ ընդհանուր ժողովը որոշեց պահպանել ԽՍՀՄ հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադիրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք։‌[փա՞ստ] ՀՅԴ հովանավորությամբ ստեղծվեցին բարեգործական, մշակութային, կրթական, մարզական, երիտասարդական և այլ կազմակերպություններ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել]

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ՀՀԴ XIII ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում՝ «Դաշնակցությունը իր պայքարին մեջ ելակետ պետք է ունենա բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական փրկության հարցը և ըստ այնմ ալ վարե իր քաղաքականությունը՝ զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմություններով»։ [1] Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի Արևելք հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնըման հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ՀՀԴ բյուրոն վարեց դաշնակիցներին ի նպաստ քաղաքականություն, որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ, սակայն ՀՀԴ տրամադրության տակ եղած որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին։ Պատերազմի վերջին փուլում ՀՀԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀ-ին կցելու ԽՍՀՄ պահանջը։‌[փա՞ստ]

Հետպատերազմյան շրջան[խմբագրել]

XIV ընդհանուր ժողովին (1947) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ։ Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդային կողմնորոշում։

1959-ին կայացած ՀՀԴ XVII ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուսակցության վարած հակախորհրդային քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967-ին XIX ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ։ 1970-ական թթ Արևելքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները միավորեցին սփյուռքի հասարա-քաղաքական շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու համար։

ՀՀԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում (1987-ի հունիս), Հայոց Ցեղասպանության հարցի քննարկմանը ԱՄՆ-ի Սենատում։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ[խմբագրել]

Հայաստանի Հանրապետություն[խմբագրել]

ՀՅԴ-ի շտաբը Երևան քաղաքում, Հայաստան:

Հաշվի առնելով անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ ժողովրդավարության և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, ՀՅԴ XXIV ընդհանուր ժողովը (1988թ.) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով ՀՀ–ում ստեղծեծ ՀՅԴ բջիջներ, իսկ հետագայում նաև՝ գրանցված կուսակցություն։ 1988թ.-ի հոկտեմբերին ՀՅԴ–ն, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։ 1990թ.-ի օգոստոսի 8-ին ՀՅԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1994թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը չեղյալ է հայտարարվել 1998թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ 2007թ.-ին ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունը ներկայացված էր 16 պատգամավորից։ 2012թ.-ին ընտրված ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունն ունի 5 պատգամավոր։

Ներկայիս անդամները[խմբագրել]

2012 թ.-ին հուլիսի 5-8-ին կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ Գերագույն ժողովում ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմին հետևյալ կազմով.[2]

  1. Արմեն Ռուստամյան
  2. Միքայել Մանուկյան
  3. Հրաչյա Թադևոսյան
  4. Սպարտակ Սեյրանյան
  5. Արսեն Համբարձումյան
  6. Արծվիկ Մինասյան
  7. Ռոմիկ Մանուկյան
  8. Աղվան Վարդանյան
  9. Հովիկ Թադևոսյան
  10. Վարդան Ալեքսանյան
  11. Արտաշես Նիկոյան

2011թ. հուլիսի 1-ին ընտրված ՀՅԴ Բյուրոյի անդամներ են.

ՀՅԴ ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2012թ.-ի մայիսի 31-ի դրությամբ).

ԼՂՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության թիվը կազմում է 6, որից.

համամասնական ցուցակով.

  • Բալասանյան Վիտալի Միքայելի
  • Բալայան Վահրամ Ռազմիկի
  • Բարսեղյան Կամո Վանիի
  • Բադասյան Վահան Միքայելի

մեծամասնական կարգով.

  • Մարտիրոսյան Կամո Սերգեյի - թիվ 16 ընտրատարածք
  • Սարգսյան Արմեն Թեմուրի - թիվ 11 ընտրատարածք

(ԼՂՀ ԱԺ պատգամավորների թիվը կազմում է 33)։

Լիբանան-ի գործող խորհրդարանում 6 հայ պատգամավորներից 2-ը ՀՅԴ ներկայացուցիչ են՝ Հակոբ Բագրատունի և Արթուր Նազարյան, որոնք մտնում են Մարտի 8 դաշինքի մեջ։ ՀՅԴ-ն նաև ունի մեկ նախարարական աթոռ Լիբանանի կառավարության կազմում։ Մյուս 4 պատգամավորները Մարտի 14 դաշինքի կողմնակիցներ են՝ հնչակյան գործիչներ։

Գաղափարախոսություն[խմբագրել]

Կուսակցությունն անհրաժեշտ էր համարում «ուժ տալ գյուղացու համայնական սկզբունքներին, զարգացնելով այն ընկերային հիմնարկությունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա տեղական և պատմական հանգամանքների ազդեցության տակ»։ ՀՅԴ գաղափարական ակունքը 1880-ական թթ.-ի ռուս նարոդնիկության գաղափարախոսությունն էր, հենարանը՝ հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժուական խավը, բանվորությունն ու մտավորականության ներկայացուցիչները։ Լինելով Ռուսաստանի առաջին քաղաքական կուսակցություններից՝ ՀՅԴ-ն ձևավորվեց և իր գործունեությունը ծավալեց ավելի վաղ, քան ռուսական ինքնակալությանն ընդդիմադիր այլ կուսակցություններ՝ սոցիալ-դեմոկրատները, սոցիալիստ-հեղափոխականները (մենշևիկները), սահմանադրական դեմոկրատները (կադետներ)։

Կանոնադրություն[խմբագրել]

1890թ.-ի հիմնադիր ժողովից մինչև 1999թ.-ը տեղի է ունեցել ՀՅԴ 27 ընդհանուր ժողով։ ՀՅԴ կանոնադրությամբ ՀՅԴ բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր ժողովն իրավասու է ՀՅԴ-ին վերաբերող ցանկացած հարց քննարկել և այդ մասին որոշում կայացնել։ Նրա որոշումներն անառարկելի ու պարտադիր են ՀՅԴ բոլոր ժողովների, մարմինների և անդամների համար։ Ընդհանուր ժողովն իրավասու է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադրական փոփոխություններ կատարելու։ ՀՅԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՅԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները և ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուսակցության ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուսակցական մամուլի ընթացքը։ ՀՅԴ ավելի օպերատիվ գործելու համար միաժամանակ ունեցել է երկու (և նույնիսկ երեք) բյուրոներ։ Միաբյուրո կարգը վերջնականապես հաստատվել է [[1919]թ.]-ին։ ՀՅԴ-ն տարածքային առումով բաժանվում է շրջանների։ 500-ից ավելի անդամ ունեցող շրջանները ընտրում են իրենց կենտրոնական կոմիտեները, որոնք ինքնուրույնաբար վարում են տեղական գործերը, տնօրինում իրենց շրջաններում օտար և ազգային իշխանությունների և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները՝ ռազմավարական հարցերում մնալով ենթակա ընդհանուր ժողովի որոշումներին։

Մամուլ[խմբագրել]

1890թ.-ից սկսած ՀՅԴ տարբեր մարմինների, ինչպես նաև անհատ դաշնակցականների հրատարակած պաշտոնաթերթերի, կիսապաշտոնաթերթերի ու պարբերականների ընդհանուր թիվը շուրջ 250 է։ Այսօր լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակ»-ը, «Ասպարեզ»-ը, «Հուսաբեր»-ը, «Ազդակ»-ը, «Ալիք»-ը, «Արմենիա»-ն, «Ազատ օր»-ը, «Հորիզոն»-ը, «Երկիր»-ը, «Հայոց աշխարհ»-ը։ ==

Դաշնակցությունից հեռացած անդամներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png