Հովհաննես Քաջազնունի
| Հովհաննես Քաջազնունի | |
|---|---|
![]() |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 1 1868 |
| Ծննդավայր՝ | Ախալցխա (Ջավախք) |
| Վախճանի օր՝ | 1938 |
Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան) (1868 - 1938թթ) դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ: Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի ճարտարապետության վրա:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Կրթություն
Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին (Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1868թ-ի փետրվարի 1-ին Հայաստանի Գուգարք շրջանի Ախալցխա քաղաքում (ներկայումս` Վրաստանի Ջավախեթի շրջանում): Նա Քաջազնունի ազգանունը ստացել է իր պապիկի Իգիթխանյան ազգանունը թարգմանելու արդյունքում: Նախնական կրթությունն ստացել է 1877-1886թթ Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական դպրոցում:
1887թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893թ-ին ավարտելով` ստանում է ճարտարապետի դիպլոմ: Ուսանողական տարիներին ինստիտուտի 25 ամյակի առթիվ տպագրվել է ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով:
[խմբագրել] Մասնագիտական աշխատանք
1893-1895թթ աշխատել է Բաքվում` որպես ինժեներ-Ճարտարապետ:
1895-1897թթ աշխատել է Բաթումում` որպես ճարտարապետ:
1897-1899թթ Թբիլիսիի մունիցիպալ կառավարությունում աշխատել է որպես շրջանային ճարտարապետ:
1899-1906թթ Բաքվի նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ: Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողների` Բալախանի, Բիբի-Եյբաթի, Սաբունչու հետ: Նա Բաքվում նախագծել է հոսպիտալ և բնակելի շենքեր:
[խմբագրել] Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898թ-ին Պետերբուրգի ճարտարապետերի կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ: 1907թ-ի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր: Հունիսի 4-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որը չգոհացրեց Բուդաղյանի կտակակատարներին, որոնք էլ հունիսի 7-ին հաղթող ճանաչեցին Քաջազնունու նախագիծը: Օգոստոսի 2-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները: Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից: Քաղաքական կյանքի իրադարձությունները նրան ստիպեցին որոշ ժամանակով լքել Բաքուն: Իր բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Բայևը: Բաքվի Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը 1930-ական թթ-ի սկզբին քանդեցին և տեղը կառուցեցին կոնսերվատորիայի շենքը: Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ: Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով: Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»: Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից:
[խմբագրել] Հասարակական և քաղաքական աշխատանք
1905-1906թթ կովկասյան թաթարների (1930-ական թթ-ից ադրբեջանցի) կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ:
1906թ-ից սկսած նա թողնում է իր մասնագիտական աշխատանքն ու սկսում է ակտիվորեն զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ:
[խմբագրել] Հայաստանի առաջին հանրապետության տարիներ
1918թ-ի փետրվարից Անդրկովկասյան սեյմի անդամ:
1918թ-ի հուլիսի 30-ից եղել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ: Քաջազնունու վարչապետությունը տևել է մինչև 1919թ-ի օգոստոսը: Փետրվարյան ապստամբության ջախջախումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921թ. Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում:
[խմբագրել] Վերադարձ և վախճան
Վերադարձել է 1924թ-ին, դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1937թ-ին ձերբակալվել, 1938թ-ին դաժանորեն սպանվել է ՆԺԿ բանտում:
[խմբագրել] Քաջազնունու կառավարություն
Քաջազնունին ցանկանում էր ստեղծել միջկուսակցական կառավարություն, այնուհանդերձ այն կազմվեց հիմնականում դաշնակցականներից.
Ալեքսանդր Խատիսյան - արտաքին գործերի նախարար /ՀՅԴ/
Արամ Մանուկյան - ներքին գործերի նախարար /ՀՅԴ/
Խաչատուր Կարճիկյան - ելմտական նախարար /ՀՅԴ/
Հովհաննես Հախվերդյան - զինվորական նախարար /անկուսակցական/
Գ. Տեր-Պետրոսյան - արդարադատության նախարար /անկուսակցական/
Քաջազնունին միաժամանակ ներկայացրեց նաև կառավարության գործունեության ուղղությունները.
Մի անգամ նա փաստել է. «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»: Հստակորեն ուղենշելով գործունեության ոլորտները՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր առաջադրած ծրագրի իրագործմանը:
[խմբագրել] Այլ գործունեություններ
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը: Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել: Հատկանշական են Հովհաննես Թումանյանի մասին նրա հուշերը:
[խմբագրել] Աղբյուրներ
- Edmond Tigranyan «Activity of Armenian architects in South Caucasus» - ISBN 99930-0-001-2
- The Republic of Armenia: The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052
- Энциклопедия «Армянский вопрос», Ереван 1991, ISBN 5-89700-005-0
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Հովհաննես Քաջազնունու համառոտ կենսագրություն
- Հովհաննես Քաջազնունու կենսագրական տվյալներ
- ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐԻՑ - Յովհաննէս Քաջազնունին՝ Բաքւի հայոց եկեղեցու ճարտարապետ
|
|||||||||||
