Սուրեն Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրեն Հակոբի Թովմասյան (20 դեկտեմբերի 1909 թ. գ. Շինուհայր, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսաստանի կայսրություն - 10 փետրվարի 1980 թ. Երևան, Հայկական ԽՍՀ), ՀԽՍՀ կուսակցական և պետական գործիչ, դիվանագետ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1953-1960), Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել]

Սուրեն Թովմասյանը ծնվել է աղքատ ընտանիքում։ Հայրն աշխատում էր Բաքվի և Գրոզնու նավթահանքերում։ 10 տարեկանից դառնում է գյուղի հովիվը՝ նյութապես օգնելով ծնողներին։

1926 թ. Սուրենն ընդունվում է կոմերիտմիության շարքերը, իսկ 1930 թ. ՀամԿ(բ)Կ տոմս է ստանում։ Այդ շրջանում նա աշխատում էր Զանգեզուրի մայրուղիների շինարարությունում, իսկ 1929-ից, տեղափոխվելով Երևան, աշխատանքային գործունեությունը շարունակում է «Բանկոոպ» ձեռնարկությունում։

1929-1931 թթ. արտադրությունից չկտրվելով՝ սովորում է Երևանի բանֆակում։ 1932 թ. Թովմասյանն սկսում է կուսակցական գործունեությունը. սկզբում աշխատում է որպես Սիսիանի կուսշրջկոմի հրահանգիչ, հետո արդեն՝ Իջևանի շրջկոմի բաժնի վարիչ, 1938 թ. ընտրվում է Կապանի՝ Հայաստանի խոշոր և տնտեսապես կարևոր շրջանի կուսկոմի քարտուղար։

1939 թ. Թովմասյանն ընտրվում է Կենտկոմի անդամ, արդեն երկու ամիս անց նշանակվում է ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ։

1941 թ. օգոստոսին Սուրեն Թովմասյանը դիմում է Հայաստանի Կենտկոմի բյուրո՝ իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով։ Նրա խնդրանքը բավարարվում է։ Պատերազմում նա երկու անգամ ծանր վիրավորվում է, բայց հրաժարվում է զորացրվելուց, իսկ իր փառահեղ ռազմական ուղին ավարտում է 1945 թ. մայիսի 9-ին, Պրահայում, որպես 61-րդ դիվիզիայի քաղբաժնի պետ, բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով պարգևատրված։

Պատերազմի ավարտից հետո վերադառնում է Երևան։ 1946 թ. աշխատում է որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անասնաբուծության բաժնի վարիչ, իսկ 1947-48 թթ.՝ ադմինիստրատիվ բաժնի վարիչի տեղակալ։ Զուգահեռաբար քննություններ է հանձնում և էքստեռն կարգով ավարտում ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1948 թ. Թովմասյանն ընտրվում է Երևանի կուսքաղկոմի քարտուղար և դրանից անմիջապես հետո հրաժարվում այն թոշակից, որը նրան նշանակվել էր պատերազմի ավարտից հետո՝ որպես երկրորդ խմբի հաշմանդամի, կարծելով, որ աշխատող կոմունիստն այն ստանալու բարոյական իրավունք չունի։

1950 թ. ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից երկամյա վերապատրաստման դասընթացներն ավարտելուց հետո Թովմասյանը սկզբում վերադառնում է նախկին պաշտոնին, իսկ հետո՝ 1952 թ., ընտրվում Երևանի օկրուգկոմի երկրորդ քարտուղար։

1953 թ. մայիսին օկրուգկոմները վերացվում են։ Թովմասյանը նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի վարչական և առևտրաֆինանսական մարմինների բաժնի վարիչի տեղակալ։ 1953 թ. նոյեմբերի 28-30-ին տեղի է ունենում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի լիագումար նիստը, որը Գրիգոր Հարությունյանի փոխարեն Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Սուրեն Թովմասյանին։ Որոշ ժամանակ անց, նրա առաջարկությամբ, Յակով Զարոբյանն ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետո դառնում Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ Շմավոն Առուշանյանը՝ Երևանի կուսքաղկոմի առաջին քարտուղար, ևս մի քանի ամիս անց՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Սա Սուրեն Թովմասյանի մերձավոր շրջապատն էր, և հենց նրանք են օգնել նրան զբաղեցնել հանրապետության ղեկավարի աթոռը։

1954 թ. փետրվարին տեղի է ունենում Հայաստանի Կոմկուսի XVII համագումարում Թովմասյանը միաձայն վերընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։

1960 թ. Սուրեն Թովմասյանն ազատվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և նշանակվեց Վիետնամում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։ 1965-ին, Լիբիայի Թագավորությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ բուռն տարիների մասին Թովմասյանը գրել է «Լիբիան անկախության և սոցիալական առաջընթացի ճանապարհին» հետաքրքիր գիրքը (1980 թ.)։

1970 թ. Թովմասյանն անցավ թոշակի ։

Վախճանվել է 1980 թ. փետրվարին։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Նախորդող
Գրիգոր Հարությունյան
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
Սուրեն Թովմասյան

1953 թ. - 1960 թ.
Հաջորդող
Յակով Զարոբյան
Նախորդող
Լեոնիդ Սոկոլով
Վիետնամում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան
Սուրեն Թովմասյան

1961 - 1964
Հաջորդող
Իլյա Շչերբակով
Նախորդող
Դմիտրի Զաիկին
Լիբիայի Թագավորությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան
Սուրեն Թովմասյան

1965 - 1970
Հաջորդող
Իվան Յակուշին

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են