Նիկոլ Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան.jpg
Ծնվել է 1975 թ., հունիսի 1
Ծննդավայր Իջևան, Տավուշի մարզ, ՀՀ

Նիկոլ Վովայի Փաշինյան (ծն. 1975թ., հունիսի 1) հայ լրագրող, ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր։ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր (1999-2012թթ)։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջևանում։ 1991 թ. ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի անձնական կայքի, նա, չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ վարչական որոշմամբ հեռացվել է ԵՊՀ–ից 1995[1]։

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ՝ առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում[2]։ Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 19941998 թթ. «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»։ Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը՝ թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99թթ. «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր։ 1999-ի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել]

1998 թ. - ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր, 2006 թ. մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը, 2007թ. - «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։

2008 թ. - ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թ. մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով Փաշինյանը անցնում է ընդհատակ։ 2009 թ. հուլիսի 1–ին, 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո, ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում է։
2010 թ. հունվարի 19.-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009թ. հուլիսի 1-ից։ [4] Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011թ. Մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։ [5] 2012 թ.-ի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թ.-ի սեպտեմբերից 2013թ. փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

2013 թ.-ին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2014 թ.-ի մայիսի 21-ի նրա ելույթը՝ ՀՀ Ազգային ժողովում, որոշ լրատվամիջոցների կողմից որակվել է որպես սենսացիոն[6]:

2014 թվականի դեկտեմբերի 4-ին Փաշինյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[7]:

Ընտանիքը[խմբագրել]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական Ժամանակ» գլխավոր խմբագիրն է։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել]

Հեղինակ է «Ձոն գարնանամուտի» և այլ քաղաքական ուղղվածությամբ բանաստեղծությունների։

Ընդհատակում գտնվելու ժամանակ ստեղծել է «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործությունը՝ շուրջերկրյա ճամփորդության մասին։ [8]

Աղբյուրներ[խմբագրել]