Իջևանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իջևանի տարածաշրջանից)
Իջևանի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Հայաստան
ՎարչկենտրոնԻջևան
Խոշորագույն քաղաքԻջևան
ԲԾՄմոտ 2279 մետր
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)46 600
Խտություն34,8
Ազգային կազմՀայեր
Տարածք1 336
(4,5 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Գուգարք

Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Տավուշի մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում էր Հայկական ԽՍՀ հյուսիսարևելյան մասում։ Հյուսիս-արևելքում շրջանը սահմանակից էր Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1 336 կմ էր, բնակչությունը՝ 46 600 (1987), խտությունը՝ 34,8 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Իջևան քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Իջևան), 1 քտա (Ազատամուտ, 1983 թվականից), 1 քաղաքայաին, 1 ավանային, 15 գյուղական խորհուրդ։ Շրջանի տարածքում է Դիլիջան քաղաքը։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Իջևանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կայեն գավառը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականներին՝ Տաշիր-Ձորագետի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Սպիտակի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մտել է Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև շրջանի կազմավորվելը, կազմել է Դիլիջանի նահանգի Իջևանի գավառամասը։

1920 թվականի նոյեմբերի 29-ին 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ Հայաստանում, առաջինը Իջևանում հաստատվեց խորհրդային իշխանություն։ Պատմական հուշարձաններից նշանավոր են Լուսահովտի Մորոձորի վանքը (5-րդ դար), Մակարավանքը (10-12-րդ դարեր), Հաղարծինը (11-13-րդ դարեր), Գոշավանքը (12-13-րդ դարեր), Ջուխտակ վանքը (12-13-րդ դարեր)։

Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին շրջանում կար 81 սկզբնական կուսակցական, 115 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Լենինյան ուղիով» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանի շրջանի արևմուտքում Գուգարաց, հարավում Փամբակի և Արեգունու, արևելքում Միափորի լեռնաշղթաներն են։ Տարածքի մեծ մասն ունի 800-1700 մ բարձրություն, առավելագույնը՝ 3016 մ (Հալաբ)։ Լեռներին բնորոշ են քարափային լանջերը, ասեղանաձև լեռնակատարները, 200-600 մ խորության ձորերն ու կիրճերը։

Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները։ Տարածքում է Դիլիջանի պետական արգելոցը (24 000 հա)։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0 °C-ից մինչև -8 °C, հուլիսինը՝ 12-22 °C, տարեկան տեղումները՝ 500-750 մմ, վեգետացիայի շրջանը՝ 150-200 օր։

Խոշոր գետը Աղստևն է՝ Բլդան, Հաղարծին, Գետիկ, Սառնաջուր վտակներով։ Տարածքում են Պարզ լիճը, Ջողասի ջրամբարը (45 միլիոն մ3 տարողությամբ)։ Գործում են Խաշթառակի, Ջողասի և Սրանոցի ջրանցքները, մի քանի ջրհան կայան։ Աղստև գետի վրա, Իջևանի մոտ կառուցվում է «Սպիտակ լիճ» ջրամբարը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության առաջատար ճյուղերն էին թեթև, փայտամշակման, շինանյութերի, սննդի արդյունաբերությունը, բուսաբուծությունն ու անասնապահությունը։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ էին Իջևանի գորգագործական (ամենախոշորը Անդրկովկասում, երրորդը ԽՍՀՄ-ում), փայտամշակման (ամենախոշորը հանրապետությունում), երկաթբետոնե կոնստրուկցիաների կոմբինատները, անտառային մեքենաշինական փորձարարական գործարանը, «Իջևանի բենթոնիտ» կոմբինատը (Ազատամուտում

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են ծխախոտագործությունը (ծխախոտի արտադրությամբ առաջիններից է հանրապետությունում), պտղաբուծությունն ու այգեգործությունը։ Կար 5 կոլեկտիվ, 14 խորհրդային տնտեսություն։ Մշակում են նաև կերային կուլտուրաներ։ Անասնաբուծության զարգացած ճյուղը տավարաբուծությունն է։

Խճուղիների երկարությունը 180 կմ էր, երկաթուղին՝ 30 կմ (Հրազդան-Իջևան, Իջևան-Բաքու երկաթուղիները)։ Գործում էր կապի հանգույց՝ 18 բաժանմունքով։ 1986-87 ուսումնական տարում կար 17 միջնակարգ, 8 ութամյա, 1 երեկոյան, 1 հեռակա միջնակարգ, 2 երաժշտական, 1 նկարչական, 4 մարզական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր 32 գրադարան, 1 մշակույթի պալատ, 9 մշակույթի տուն, 17 ակումբ, 6 հիվանդանոց (1-ը՝ հոգեբուժական), 3 ամբուլատորիա, 2 կինոթատրոն, ժողովրդական թատրոն, պատմահեղափոխական թանգարան, անտառային փորձակայան (դենդրարիում)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 382