Իջևանը քաղաք է Հայաստանի Տավուշի մարզում։
Իջևան քաղաքը (նախկինում` Քարվանսարա) Տավուշի մարզի վարչական կենտրոնն է: Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին: Քաղաքը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 142 կմ հեռավորության վրա: Իջևանը շրջապատված է լեռներով` պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները: Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը` ոչ սաստիկ ցուրտ: Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 C, հունվարին 0 C-ին մոտ, տարեկան տեղումների քանակությունը 563 մմ: Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին(“Դենդրո պարկը), պատմաերկրագիտական թանգարանը և այլն: Ավանդաբար յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային սիմպոզիում, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում: Իջևանը հայտնի է իր գորգագործությամբ: Այստեղ է գտնվում Անդրկովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը, որը մեծ համբավ ուներ ողջ խորհրդային միությունում: Իջևանյան գորգագործության նմուշները այսօր ևս պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում: Իջևանը հայտնի է նաև իր գինիներով: Քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը: Այստեղի գինիները առանձնանում են իրենց անկրկնելի համով, որը տարածքի անկրկնելի բնության հետևանքն է: Գործարանում կարելի է կազմակերպել այցելություններ, հետևել գինու արտադրության գործընթացին, համտեսել և ձեռք բերել գինիներ գործարանի ֆիրմային խանութից: Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է: Այն կառուցվել է 10-13-րդ դարերում` գտնվում է Աչաջուր գյուղի մոտ` Իջևանից 10 կմ հեռավորության վրա: Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր` գ. Ենոքավան 3 կմ): Իջևանը հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար: Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Իջևան.ինֆո - Տեղեկատվություն Իջևանում կատարվող իրադարձությունների և երևույթների վերաբերյալ։