Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի առաջին Հանրապետության Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

ՀԽՍՀ պետական դրոշ
ՀԽՍՀ պետական զինանշան

Նախադրյալներ[խմբագրել]

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում հայկական հատուկ ապստամբական գունդը և 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի հայ-ռուսական համաձայնագրով:

Պայմանագրի կետերի համաձայն

I. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն

II. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը

III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։

IV. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը

V. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները

VI. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։

VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։

Հետևանքը[խմբագրել]

Այսպիսով` առանց արյուն թափելու 1920 թվականի դեկտեմբերի սկզբներին Հայաստանում հռչակում է խորհրդային կարգեր։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմը, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Ցավոք` Երևան հասնելուց անմիջապես հետո հայ բոլշևիկները փոխում են իրենց վերաբերմունքը դեկտեմբերի 2-ի համաձայնագրի նկատմամբ։ Հայաստանում սկսվում է մասսայական բռնագրավումների և ձերբակալությունների մի շղթա։

Այցելեք նաև[խմբագրել]

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն