Երևանի հայ-ռուսական համաձայնագիր (1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի հայ-ռուսական համաձայնագիր
Ստորագրվել է
— վայր
1920 թ. դեկտեմբերի 2
Երևան
Ստորագրել են Բորիս Լեգրան (Ռուսաստան)
Կողմեր Հայաստան Հայաստան

Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ

Երևանի հայ-ռուսական համաձայնագիր (ռուս.՝ Ереванское соглашение), կնքվել է Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի գլխավորած պատվիրակության միջև երկարատև բանակցություններից հետո։

Հաշտության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները ընթացել են Երևանում, հոկտեմբերի 13-28-ին, ՌԽՖՍՀ պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև։ Մինչ բանակցությունները ՌԽՖՍՀ պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի հաշտության պայմանագրից, թույլ տալ Հայաստանի երկաթուղիներով խորհրդային զորքերն ու զինամթերք փոխադրել Թուրքիա, հարևան պետությունների հետ սահմանային վեճերի լուծման հարցը հանձնել Ռուսաստանի իրավարարությանը և այլն։ Հայաստանի կառավարությունը, վճռականորեն մերժելով առաջին պահանջը, համաձայնեց մյուսների հետ. Բանակցությունների ընթացքում կազմվեց 17 հոդվածներից բաղկացած պայմանագրի նախագիծ։

Պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստական հանրապետություն, ամբողջ իշխանությունը՝ մինչև Հայաստանի խորհուրդների համագումարի գումարումը, անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին, որի կազմի մեջ պիտի մտնեին հինգ անդամ կոմունիստական կուսակցության կողմից և երկու անդամ ձախ դաշնակցականների խմբերի կողմից։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Ըստ համաձայնագրի հայկական բանակի հրամանատարական կազմը պատասխանատվություն չէր կրելու Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից առաջ կատարած գործողությունների համար, իսկ ՀՅԴ և այլ սոցիալիստական կուսակցությունների անդամները չպիտի ենթարկվեին որևէ բռնությունների՝ իրենց կուսակցական պատկանելիության համար։ Համաձայնագրի կնքումով Խորհրդային Ռուսաստանի և ՌԿ (բ) կ ղեկավարությունը հասավ իր նպատակին՝ իրագործվեց Հայաստանի խորհրդայնացումը։

Նախագծի 1-ին հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի 1-ին հոդվածում ասվում էր, որ ՌԽՖՍՀ կառավարությունը, ելնելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքից, անվերապահորեն ճանաչում է Հայաստանի ինք նուրույնությունն ու անկախությունը, հոժարակամ հրաժարվում հայ ժողովըրդի և նրա տարածքի նկատմամբ Ռուսաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներից։ Այս հոդվածի ծանոթագրության մեջ նշված էր, որ ՌԽՖՍՀ արդարացի է համարում Թուրքահայաստանի մարզերի միացումը Հայաստանի Հանրապետությանը և պարտավորվում է ազդել իր դաշնակից պետությունների վրա՝ նշված մարզերը կամ նրանց որոշ մասերը Հայաստանին միացնելու համար։

Նախագծի 2-րդ հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ հոդվածով ՌԽՖՍՀ պարտավորվում էր չխաոնվել Հայաստանի ներքին գործերին։ Իսկ սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է որոշվեր նրանց ներկայացուցիչների կոնֆերանսում. ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ, կոնֆերանսում համաձայնություն չկայանալու դեպքում հարցը լուծվելու էր հանրաքվեի միջոցով։ Ռուսաստանն ընդունում էր, որ Կարսի մարզը և Երևանի նահանգը (բացի Նախիջևանի գավառից), ինչպես նաև Ղազախի գավառի մի մասը (Դիլիջան-Քարվանսարայի շրջանը) անպայման կազմում են հայկական պետության տարածք, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պետական պատկանելության հարցը համաձայնություն չկայանալու դեպքում լուծվելու էր հանրաքվեով։

Նախագծի 3-րդ հոդված[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի հաջորդ հոդվածները վերաբերվում էին կողմերի փոխհարաբերություններին, գաղթականների փոխանակությանը, քաղաքական բանտարկյալների ներմանը և այլն։ Հաշվի առնելով, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունը քայքայվել է. ՌԽՖՍՀ կառավարությունը համաձայնեց Հայաստանին տալ նավթ, բեռնատար վագոններ, բամբակի վերամշակման համար սարքավորումներ և այլն։ ՌԽՖՍՀ տարանացիկ առևտրի իրավունք էր ստանում Հայաստանի վրայով դեպի Թուրքիա։ Սակայն պայմանագրի ստորագրումը հետաձգվեց մինչև եզրափակիչ որոշման արձանագրության պայմանների կատարումը, որոնք էին

  1. ՌԽՖՍՀ և Ադրբեջանը ԽՍՀ պետք է ճանաչեին Հայաստանի Հանրապետության իրավունքը Զանգեզուրի և Նախիջևանի վրա և իրենց զորքերը դուրս բերեին այդ գավառներից, իսկ Հայաստանը պետք է հրաժարվեր Ղարաբաղի նկատմամբ պահանջից։
  2. ՌԽՖՍՀ անվերադարձ Հայաստանին պետք է տրամադրեր 2,5 միլիոն ռ. ոսկով։ Հայաստանը, ելնելով Թուրքիայի հետ վիճելի հարցեր լուծելու մտադրությունից, կընդուներ այդ հարցում Ռուսաստանի միջնորդությունը, եթե Թուրքիան զորքերը հետ քաշեր մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը, հրաժարվեր Բրեստ-Լիտովսկի (1918) և Բաթումի (1918) պայմանագրերից,
  3. ճանաչեր Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշված էին ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև սույն հաշտության պայմանագրով։
  4. Այս պայմանները Թուրքիայի կողմից կատարվելուց հետո, Ռուսաստանի բարեկամական օժանդակությամբ պետք է մշակվեին վիճելի տարածքների հարցի խաղաղ լուծման հիմունքները։ Եզրափակիչ որոշման այս արձանագրությունը ստորագրելուց (հոկտեմբերի 28) հետո Բ. Լեգրանը մեկնեց Բաքու ՌԽՖՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունների հավանությունը ստանալու նպատակով։ Սակայն նոյեմբեմբերի 4-ին Բաքվում գումարված ՌԿ (բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի միացյալ նիստը, որին մասնակցում էր նաև Ի.Վ. Ստալինը, մերժեց պայմանագրի նախագիծը։ Պարտվելով թուրք-հայկական պատերազմում (1920 թվականի աշուն)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՌԽՖՍՀ պատվիրակության հետ շարունակվող բանակցություններում (նոյեմբերի 30-դեկտեմբերի 2) այլևս չէր կարող պնդել պայմանագրի այս նախագծի վրա։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ համաձայնագրի ստորագրումը, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (նախագահ՝ Սարգիս Կասյան), Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ անցավ հայ-ադրբեջանական սահմանը, մտավ Քարվանսարա (Իջևան1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակեց խորհրդային իշխանություն և, չհանդիպելով դիմադրության, շարժվեց դեպի Երևան։ Ժամանելով դեկտեմբերի սկզբին Երևան՝ հեղկոմը չհամաձայնվեց ՌՀԿ կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ։ Շուտով սկսվեցին բռնությունները հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։