Տավուշի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տավուշից)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշի մարզ
Երկիր Հայաստան Հայաստան (պ)
Ներառում է 5 քաղաք և 60 գյուղ[1]
Վարչկենտրոն Իջևան
Խոշորագույն քաղաք Իջևան
Խոշոր քաղաքներ Իջևան, Նոյեմբերյան[1]
Արմեն Ղուլարյան
Հիմնական լեզու Հայերեն
Բնակչություն (2009 հունվարի 1)
134.1
(4.1 %)
Տարածք 2704[1] կմ²
(9.1[1] %)
Տավուշի մարզ վարչական միավորի քարտեզը
Պաշտոնական կայք

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է:

Բովանդակություն

Աշխարհագրություն[խմբագրել]

Տավուշի մարզը իր մեջ ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը` (Իջևանի տարածաշրջան)` Կայեն և Կանգարք գավառներին: Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս և Արցախ աշխարհի Քուստի գավառներում:

Պատմություն[խմբագրել]

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում` Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ` Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը` Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա(Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը)։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։ ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ: ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։ Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես` փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները): Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]